Մամլո հաղորդագրություններ
Վարչապետ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպանի հետ
ևս 1 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի ակտիվ և արդյունավետ գործունեությունը մեր երկրում և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ: Վարչապետը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և խնդրել Կորեայի Հանրապետության նախագահին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար և հավելել, որ իր երկրի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը, ինչպես կառավարության, այնպես էլ խորհրդարանական մակարդակով: Ու Յուն-Գընը նշել է, որ վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է երկկողմ համագործակցությունը զբոսաշրջության և հումանիտար ոլորտներում: Նրա խոսքով՝ 2018 թվականին Հայաստան այցելած կորեացի զբոսաշրջիկների թիվը 2017-ի համեմատ կրկնապատկվել է՝ անցնելով 7 հազարը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը թևակոխել է նոր և կարևոր փուլ. կառավարության նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն: Գործադիրի ղեկավարը հետաքրքիր է համարել տնտեսության զարգացման Կորեայի փորձը և այդ ուղղությամբ ևս համագործակցության հույս հայտնել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները նպաստում են նաև բիզնես միջավայրի բարելավմանը և հայ-կորեական տնտեսական համագործակցությանը նոր թափ հաղորդելու տեսանկյունից կարևորել բիզնես կապերի զարգացումն ու ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: