Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն անդրադարձել է ավտոգազալցակայաններում գազի թանկացման հարցին և հանձնարարել օպերատիվ զբաղվել խնդրով

10.05.2019

ևս 8 լուսանկար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն ամփոփել է կառավարության մեկամյա գործունեությունը և ներկայացրել անելիքները:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ավտոգազալցակայաններում գազի թանկացման մասին լուրերին։ Պատասխանատու մարմինների ղեկավարները ներկայացրել են թանկացման հիմնական պատճառները: Կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեին, Շուկայի վերահսկողական տեսչական մարմնին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հանձնարարել է օպերատիվ զբաղվել գազալցման կայաններում սեղմված բնական գազի չափման միավորը խմ-ից կգ-ով փոխարինելու հարցով պայմանավորված առաջացած խնդիրներով:

Վարչապետն այդ հարցերի լուծման առաջնահերթություններն է նշել.«Մենք պետք է 100 տոկոսով վստահ լինենք, որ որոշումը ճիշտ է: Քանի որ նախկին օլիգարխներ, կլանների հայտնի անդամներ կան այդ շուկաներում, պետք է համոզված լինենք, որ իրենք իրենց հոտառությունը չեն կորցրել, եթե կորցրել են, պետք է շատ արագ վերականգնել: Եվ երրորդը` համոզվել, որ հակամրցակցային պայմանավորվածություն չկա»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկած փոփոխությունը սպառողների շահերի պաշտպանության համար է. «Մեր խնդիրը սպառողի իրավունքի պաշտպանությունն է եղել: Մենք այստեղ ոչ մի ֆիսկալ խնդիր չենք լուծել, այսինքն՝ հարկ չենք բարձրացրել: Այս պրոցեսում ի հայտ են գալիս այն խութերը, որոնք գոյություն են ունեցել, և դրանք մեզ հայտնի պատճառներով ի հայտ չեն եկել»:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև հարցի վերաբերյալ հանրությանը տրամադրել պատշաճ տեղեկատվություն:


Մինչև 2020 թվականը նախատեսվում է լուծել նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունված որոշումներից մեկում՝ սահմանելով ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց ֆինանսական աջակցության հատկացման ընթացակարգը և չափերը: Որոշմամբ սահմանվել են նաև շահառուների և նախարարության միջև կնքվող պայմանագրի և բնակարանի գնման վկայագրի ձևերը: Հաշվի առնելով նաև տարիներով բնակարանային ապահովության համար հաշվառված և ապահովություն չստացած անձանց քանակը և պետության կողմից այդ ապահովության իրացման հնարավորությունները՝ սահմանվել են անհատույց ֆինանսական աջակցության չափերը: Ընդ որում, Երևան քաղաքի համար նախատեսվել է ըստ եռամսյակի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող՝ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50 տոկոսը, քանի որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակարանների միջին շուկայական արժեքներն արհեստականորեն բարձր են առաջնային շուկայում (նորակառույց շենքեր) և Կենտրոն վարչական տարածքում ձևավորված գների պատճառով, իսկ նախատեսվող չափը սկզբունքորեն բավարար է երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար: Արդյունքում նախատեսվում է մինչև 2020 թ. առաջնային լուծել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված և զինվորական ծառայությունից երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով արձակված նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները: Ծրագրի համար հատկացվել է 5 մլրդ 705 մլն դրամ գումար:


Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշմանն ու մեկնաբանություն արել այդ թեմայի շուրջ ծագած բողոքների վերաբերյալ: «Մեր երկրում, երբեմն, հետաքրքիր տրամաբանություն է գործում: Երբ, ասենք՝ ինչ-որ մի հարց մեռյալ կետում է տասնյակ տարով, ոչ մեկ դրա մասին ոչ հիշում է, ոչ մտածում, ոչ ուզում է լուծի, ընդհանրապես չի էլ հիշում դրա մասին, բոլորը կարծես նորմալ են: Իսկ երբ կամք է ցուցաբերվում, և թեկուզ շահառուների 90 տոկոսի, 80 տոկոսի կամ կեսի խնդիրը 100 տոկոսով լուծում ենք, բողոքներ են ի հայտ գալիս, որ՝ այս ինչ եք անում, այս ինչ եք լուծում: Սա ինձ համար անհասկանալի տրամաբանություն է: Հիմա մենք ի՞նչ ենք ասում: Ասում ենք՝ ժողովուրդ ջան, մարզերի ժողովրդի հարցը մենք լուծում ենք, Երևանում էլ առաջարկում ենք տարբերակ: Եթե այդ տարբերակը ձեզ ձեռնատու է՝ խնդրեմ, այդ տարբերակից օգտվեք, եթե ձեռնատու չէ, այդ ինչպես է 10 տարի սպասել եք, հիմա մի ամիս, մեկ շաբաթ էլ չեք կարողանում սպասել, ուրեմն որոշակի ժամանակ էլ սպասեք»:

Կստեղծվի ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը: Հիմնավորման համաձայն՝ հանրապետությունում հասցեների ճշգրիտ և լիարժեք ռեեստր ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող և ամբողջական տեղեկատվություն ՀՀ հասցեների վերաբերյալ: Նշված արդյունքին հասնելու համար պետք է հստակեցնել և պարզեցնել բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական oբյեկտների անվանակոչման և անվանափոխման գրանցման և անշարժ գույքի համարակալման, հաuցեավորման ընթացակարգերը՝ դրանք դարձնելով համակարգված և ինքնաշխատ: Անհրաժեշտ է ապահովել անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվության միատեսակությունը պետական մարմինների գործառույթների իրականացման գործում` բացառելով անշարժ գույքի տարբեր օբյեկտների նույնական հասցեների առկայությունը: Ըստ այդմ՝ հայեցակարգի ընդունումը հիմք կհանդիսանա ոլորտի բարեփոխումների համար, առկա խնդիրներին կտրվեն համապատասխան լուծումներ: Մասնավորապես, հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ինքնաշխատ տեղեկատվական համակարգ ստեղծելով և այն կառավարության փոխգործելիության հարթակին համակցելով՝ հասցեների ռեեստրում ներառված տեղեկատվությունն առցանց տարբերակով կթարմացվի և հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխություն անմիջապես կարտացոլվի համակարգում և հասանելի կլինի օգտվողների համար: Տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն կստանան մուտք գործելու համակարգ և ներկայացնելու անշարժ գույքի հասցեավորման կամ համարակալման հայտ, ռեեստրի տեղեկատվությունն ինքնաշխատ ձևով կարտացոլվի կադաստրային, ինչպես նաև առցանց տիրույթում առկա քարտեզներում (Google Maps, Yandex.Map և այլն):

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը մի շարք մտահոգություններ է ներկայացրել հայեցակարգի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարել է իր մտահոգությունները քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացնել գրավոր, և եթե պարզվի, որ ներկայացված խնդիրներն իրոք առկա են, ապա կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

Նախատեսվում են կանխարգելիչ միջոցառումներ ակտիվացած սողանքային և քարաթափման երևույթների դեմ

Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի տարածքում, Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 86-րդ կմ և Լոռու մարզի Մարց-Աթան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածներում ակտիվացած սողանքային և քարաթափման երևույթների ուսումնասիրման և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 9,528.0 հազ. դրամ: Մասնավորապես՝ Լճկաձոր բնակավայրի տարածքում ակտիվացել են սողանքային երևույթները և սպառնում են Մ-6 միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը: Ժայռային բլոկները ցանկացած պահի կարող են ցած գլորվել: Մասնագիտացված կազմակերպության ինժեներա-երկրաբանական, երկրաֆիզիկական և հիդրոերկրաբանական հետազոտությունների և դիտարկումների արդյունքում կներկայացվեն կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեխնիկատնտեսապես հիմնավորված առաջարկություններ: Ներկայացված առաջարկությունների հիման վրա կիրականացվեն արդյունավետ հակասողանքային միջոցառումներ, ինչի արդյունքում կվերացվի սողանքային և քարաթափման երևույթներից նշված հատվածներին սպառնացող վտանգը:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով որոշմանը, հետաքրքրվել է, թե ինչու մինչև հիմա ուսումնասիրություններ չեն արվել այդ տարածքում, առավելևս, երբ Մ-6 միջպետական ճանապարհին այս պահին էլ կապիտալ աշխատանքներ են կատարվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անտրամաբանական է ճանապարհը կապիտալ նորոգելու համար մեծ գումարներ ծախել և հետո պարզել, որ մոտակա ժայռը գտնվում է սողանքային գոտում: Շեշտելով, որ նախագծման ընթացքում պետք է միջավայրն ուսումնասիրվեր՝ վարչապետը նշել է, որ եթե նախագծային աշխատանքները պատշաճ մակարդակով չեն արվել, միգուցե հետաքննության կարիք լինի:


Երևանում մայիսի 17-18-ը կանցկացվի սպորտային պարերի մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնություն

Կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի մայիսի 17-18-ը Երևանում կայանալիք սպորտային պարերի մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնության անցկացման ապահովման նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ մարզերի սպորտային ակումբների նախապես հայտավորված մինչև 21 տարեկան մարզիկներն ու մարզուհիները, ինչպես նաև արտերկրից հրավիրված մարզիկներն ու մարզուհիները։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը հնարավորություն կունենան մասնակցելու 30 երկրների ավելի քան 1000 մարզիկ-մարզուհիներ: Մրցույթը Հայաստանում անցկացնելը շատ մեծ կարևորություն ունի Հայաստանում սպորտային պարերի մասսայականացման, զարգացման, առողջ ապրելակերպի, սպորտային վարպետության բարձրացման հարցերում։ Ոլորտում դրական փոփոխություններից զատ՝ այս մրցույթը Հայաստանում կազմակերպելը մեծ դրական ազդեցություն կարող է ունենալ նաև ՀՀ զբոսաշրջության, հետևաբար նաև տնտեսության վրա։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Գործադիրը բավարարել է «Գրին Ֆուդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործվելու է ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքների համար (Շիրակի մարզ)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 2,876,000,000 ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Ներկայումս առկա է 56 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 94 նոր աշխատատեղ՝ 110,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1,870,000,000 ՀՀ դրամ, որից 120 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 250 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1,880,000,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 94,000,000 ՀՀ դրամ:

Կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Նյուպլաստ» ՓԲԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 3 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 245 մլն ՀՀ դրամի ներդրում՝ սարքավորումների և hումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 58 աշխատատեղ, կստեղծվի ևս 25 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 2 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4,209,650,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 273,229,125 ՀՀ դրամ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ վարչապետի հաձնարարականի հիման վրա՝ ամփոփ վերլուծություն է պատրաստվել նման արտոնությունների կիրառման գործընթացի վերաբերյալ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ առաջիկայում այդ թեմայով քննարկում կանցկացվի:

Կառավարությունը լրացումներ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2019 թ. իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրեր ՀՀ կառավարության կողմից հաստատված չեն: Որոշմամբ առաջարկվում է հաստատել այդ ծրագրերը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Մասնավորապես՝ վերջինս նպատակն է բարձրացնել Կարմիր գրքում գրանցված կրիտիկական վիճակում գտնվող կատվազգիների ընտանիքին պատկանող կովկասյան ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում պատճառված վնասի սակագինը։ Բնապահպանության նախարարությունը 2019 թ.-ը հայտարարել է կովկասյան ընձառյուծի պահպանության տարի՝ նպատակ ունենալով վեհաժողովների, ֆիլմերի, ցուցահանդեսների կազմակերպման միջոցով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը: Օրինագծերով հնարավորություն է ընձեռնվում բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարների մի մասն ուղղորդել համապատասխան տարածքների՝ այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների առավել լավ պահպանությանն ու վերականգնմանը: Փաթեթում ներառված մյուս օրինագծերով նախատեսվել են ավելի խիստ պատիժներ և պատասխանատվություններ՝ անտառային տարածքներում, ինչպես հատումներն արգելված ծառերը, թփերը, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար: Բացի այդ, նախագծերի ընդունմամբ կստեղծվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ պատժիչ քաղաքականության նախադրյալներ՝ ապահովելով էկոլոգիական բացասական հետևանքների դեմ պայքարի քառաստիճան համակարգի կետերից յուրաքանչյուրի իրականացումը:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկել է հանդես գալ 3-5 տարով որսն արգելող օրենսդրական նախաձեռնությամբ, ինչի շուրջ քննարկում է ծավալվել կառավարության նիստում: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Պետք է ուշադիր ուսումնասիրենք ոլորտը և բազմակողմանի նայենք խնդրին: Գիտեք՝ այսօր ամբողջ աշխարհում բնապահպանական հարցերն օրակարգի առաջին հորիզոնականներում են, եթե ոչ առաջինը: Հիմա մենք պետք է հասկանանք, որ այս առումով ունենք բացառիկ հարստություն, բայց, ցավոք, այդ բացառիկ հարստության մեծ մասը կամ առնվազն մի հսկա մասը գտնվում է ոչնչացման եզրին: Մենք պետք է կարողանանք մեր բոլորիս վերաբերմունքն այդ իրավիճակի նկատմամբ փոխել»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է բնապահպանության նախարարին՝ առաջարկը դարձնել մանրակրկիտ քննարկման առարկա և ներկայացնել խնդրի լուծման արդյունավետ լուծումներ: Նիկոլ Փաշինյանը համակարծիք է եղել բնապահպանության նախարարի հետ այն առումով, որ այստեղ մշակութաբանական, և ընդհանրապես, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի խնդիր կա:

Հավանություն է տրվել նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով առաջարկվում է 1 տարով հետաձգել նորմատիվ իրավական ակտերը միասնական կայքում հրապարակելու ժամկետի պահանջը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ժամկետների հետաձգման դեպքերին, նշել է. «Բոլոր գերատեսչություններն իրենց ոլորտի ժամկետները պետք է ուսումնասիրեն: Ժամկետները հետաձգելը լավ պրակտիկա չէ: Ուսումնասիրեք հատուկ՝ բոլոր նախարարությունները, բոլոր գերատեսչությունները, թե որտեղ ինչ օրենսդրական կարգավորում կա, որտեղ ժամկետներ են դրված, և տեղավորվեք ժամկետների մեջ»:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել մի շարք օրինագծերի, մասնավորապես՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:


Միջազգային համագործակցություն

Գործադիրի հավանությանն է արժանացել 2018 թ. ապրիլի 27-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը: Եզրակացության համաձայն՝ հայ-չիլիական հարաբերությունները վերջին տարիներին համաչափ և բնականոն հունով զարգանում են, և համաձայնագրի հաստատման արդյունքում Չիլիի Հանրապետության հետ հարաբերություններում ակնկալվում է առավել սերտ համագործակցության ծավալում, բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացում:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի կնքման հիմնական նպատակը հանդիսանում է ԵԱՏՄ մի անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականության ապահովումը՝ ապրանքների հետագծելիության մեխանիզմի կիրառման միջոցով, ինչպես նաև մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմանների ստեղծումը՝ միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների նկատմամբ հսկողությունը: Համաձայնագրով սահմանվում է Եվրասիական տնտեսական միությունում հետագծելիության մեխանիզմի ստեղծման և գործունեության կարգը: Հետագծելիության մեխանիզմի գործունեության շրջանակում անդամ պետություններն ապահովում են տեղեկատվական փոխգործակցությունը՝ էլեկտրոնային տեսքով այն տեղեկությունները փոխանակելու միջոցով, որոնք պարունակվում են հետագծելիության ազգային համակարգերում: Հետագծելիության ազգային համակարգերի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, որոնցով կանոնակարգվում է տեղեկատվական փոխգործակցությունը՝ արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրացված տեղեկատվական համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացներ իրականացնելիս: Համաձայնագրով նախատեսվում է, որ հետագծելիությունն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվելիք ցանկում ներառված ապրանքների նկատմամբ: Համաձայնագրի գործողությունը տարածվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան բացթողումից հետո Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծված ապրանքների շրջանառության հետ կապված իրավահարաբերությունների վրա: Հետագծելիության մեխանիզմը նախատեսվում է ներդնել հաջորդական փուլերի միջոցով: Առաջին փուլում հետագծելության մեխանիզմը գործելու է պիլոտային ծրագրի շրջանակում, որի իրականացման ժամկետները և պայմանները կսահմանվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

Կառավարության նիստի օրակարգից հանվել է «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հարցը՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից այն ուսումնասիրելու և կարծիք ներկայացնելու համար:

 

 

← Վերադառնալ