Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը
ևս 3 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը: Այն մշակել է Պետական եկամուտների կոմիտեն:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասն ներկայացրել է նախագծով առաջարկվող քայլերն ու նպատակները: Նրա խոսքով, առաջարկվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար արտահանման և ներմուծման գործընթացների կարգավորման նպատակով տարբեր գերատեսչությունների գործառույթները ներառել «մեկ պատուհան» սկզբունքի ներքո: Ըստ Անանյանի, դա կնպաստի ընթացակարգերի դյուրացմանը, մատուցվող ծառայությունների պարզեցմանը: Նախագծի նպատակներն են՝ ԱՏԳ ձևակերպումների իրականացման ապակենտրոնացումը, ՀՀ տարածքում մաքսային ձևակերպումներ իրականացնող կետերի ծանրաբեռնվածության համահարթեցումը, բոլոր տնտեսվարողների համար ստանդարտացված գործելակերպի, սակագների և ընթացակարգերի կիրառումը, «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա ընթացակարգերի ներդրումն ու ծառայությունների մատուցումը, տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և այլն:
Ներկայացված նախագծի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ ու դիտարկումներ:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում նախագիծը լրացուցիչ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների, փորձագիտական շրջանակների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ նրանց դիտարկումներն ու առաջարկները լսելու և ընդհանուր մոտեցումների գալու նպատակով: