Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

30.05.2019

ևս 5 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը և պատգամավոր Բեռնար Դըֆլեսելը: Բուշ դյու Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք:

Վարչապետը, ողջունելով հյուրերին կառավարությունում, նշել է, որ Հայաստանը կարևորում է խոշոր հայկական համայնք ունեցող Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ համագործակցությունը, որի խորհրդի կազմում ընդգրկված են նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ: «Հայաստանում Ֆրանսիան համարում են մեր երկրի և ժողովրդի ամենամեծ բարեկամներից մեկը: Մեզ միավորում են ամուր պատմական կապերը, և մենք շահագրգռված ենք բարեկամ Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացմամբ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ընդունելության համար և նշել, որ ուրախ է արդեն 4-րդ անգամ այցելել Հայաստան: Մարտին Վասալը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության ընթացքից՝ խոսելով համատեղ ծրագրերի, Գորիսում բացված սրտաբանական հիվանդանոցի արդյունավետ աշխատանքի մասին: «Հայաստանի հետ բավական սերտ կապեր ունենք և պատրաստակամ ենք խորացնել դրանք: Ֆրանսահայ համայնքը մեծ հարգանք է վայելում և ակտիվ ներգրավված է տարբեր ոլորտների զարգացման գործում», - ասել է նա: Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, առևտրաարդյունաբերական պալատի անդամներ, և պատվիրակությունն արդյունավետ հանդիպումներ է ունեցել Հայաստանում:

Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի խորացման հեռանկարները: Վարչապետը ներկայացրել է մենաշնորհների հաղթահարման, հավասար ու արդար մրցակցային պայմանների ստեղծման ուղղությամբ բարեփոխումները, նշել, որ տնտեսական աճի դրական միտումներ են արձանագրվում, և ներդրումների համար նպաստավոր դաշտ է ստեղծվել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրում արդյունավետ գործունեություն են ծավալում մի շարք ֆրանսիական ընկերություններ, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնմամբ, որը կնպաստի ոչ միայն տնտեսական կապերի զարգացմանը, այլև տնտեսվարման նոր մշակույթի ներդրմանը:

Մարտին Վասալը նշել է, որ ներդրումային նպաստավոր պայմանների և հնարավորությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետի ուղերձը կփոխանցի Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի գործարար շրջանակներին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում Ֆրանսիայի կարևոր դերակատարությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը շատ լայն արձագանք է գտել Հայաստանում, ողջ հայության շրջանում, և հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային՝ Ցեղասպանությունից փրկված հայերին գրկաբաց ընդունելու, ապաստան տալու, ինքնության, մշակույթի պահպանման ու զարգացման պայմաններ ստեղծելու համար:

← Վերադառնալ