Մամլո հաղորդագրություններ
Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդը պատրաստ է սերտ համագործակցություն ծավալել հայ գործընկերների հետ
Սինգապուր կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ:
Վերջինիս առևտրի և արդյունաբերության նախարարության մշակած ռազմավարության ներքո իրագործում է ներդրումների խրախուսմանն ուղղված գործողություններ` նպատակ ունենալով Սինգապուրը դարձնել գործարար և ներդրումային կենտրոն: Խորհուրդը պատասխանատու է կազմակերպությունների և ներդրողների համար արժեքավոր լուծումներ մշակելու և ներկայացնելու գործում, դրանով իսկ նպաստելով Սինգապուրում գործարար միջավայրի կայուն զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:
Խորհրդի նախագահ Բեհ Սվան Գինը նշել է, որ իր գլխավորած խորհուրդը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում, տրամադրել տեխնիկական օժանդակություն: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանն են ներկայացվել ենթակառուցվածքների, արդյունաբերության, ներդրումների ներգրավման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձն ու տպավորիչ ցուցանիշները, տնտեսության ոլորտում հարևան պետությունների հետ համագործակցության արդյունքները:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել փոխգործակցության պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները հարցեր են ուղղել խորհրդի անդամներին` հետաքրքրվելով տարբեր ուղղություններով խորհրդի կողմից իրականացվող քայլերի մասին:
Վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Սինգապուր ավարտվել է: