Մամլո հաղորդագրություններ

Կառավարության նիստում ներկայացվել է Ամուլսարի հանքի վերաբերյալ միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը

15.08.2019

ևս 10 լուսանկար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նշել է, որ կառավարությունը երեկ չէ առաջին օրն ստացել է Ամուլսարի հանքի վերաբերյալ «Էլարդ» միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որն առաջիկայում մանրամասն կուսումնասիրվի:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ներկայացնելով փորձաքննության արդյունքները, նշել է, որ ամենակարևոր 3 կետերը, որոնց եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս հանգել, հետևյալն են՝

1.Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա:

2.Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա: Սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի:

3. Ամենակարևոր հանգամանքը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա, որը հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող, առաջարկվող 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կառավարելի կլինեն:

Քննչական կոմիտեի նախագահի խոսքով՝ «Լիդիան» ՓԲԸ-ն երեկ ծանոթացել է այդ եզրակացությանը, իսկ մինչ այդ նախաքննության ընթացքում ընկերությունը ներգրավված է եղել որպես կողմ և աշխատել է «Էլարդ» ընկերության փորձագետների հետ: ««Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են 16 առաջարկվող մեղմման միջոցներից 15-ը կիրառել: 10-ն արդեն իսկ կիրառվում է, իսկ 5-ը պատրաստ են ապագայում կիրառել: 1 մեղմման միջոցն է, որ դեռ քննարկման փուլում է՝ Համաշխարհային բանկից գումար ստանալու համար «Լիդիան» ՓԲԸ-ն իր գործունեությունը պետք է համապատասխանեցնի IFC ստանդարտին: IFC ստանդարտով նախատեսվում է, որ հանքի օգտագործումից հետո 100 տարի պետք է մեղմման միջոցներ կիրառվեն: «Էլարդ»-ի փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նևադայի ստանդարտով, որը նախատեսում է մեղմման միջոցները կիրառել 500 տարի: Ըստ էության, «Լիդիան» ՓԲԸ մասնագետները չեն հրաժարվում 100 տարուց ավելի կիրառել մեղմման միջոցներ, եթե դրա անհրաժեշտությունն ապագայում կլինի», - ասել է Հայկ Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարության ներկայացուցիչները կծանոթանան ամբողջական փաստաթղթին և դրա արդյունքում կգան որևէ եզրակացության:

Անդրադառնալով այս առնչությամբ հարուցված քրեական գործին՝ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրելու, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու:

Վարչապետ Փաշինյանի՝ քրեական գործը կարճվելու վերաբերյալ հարցին ի պատասխան Հայկ Գրիգորյանը նշել է. «Մենք որոշման վրա աշխատում ենք, պարոն վարչապետ: Այս փուլում չկա որևէ հիմք, որը թույլ կտա որևէ մեկին մեղադրանք առաջադրել, հետապնդման ենթարկել, և այո, գործի քննության ուղղվածությունը դա է»:

Այնուհետև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով հումանիտար օգնություն է ուղարկվել Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ մոտ 140 տոննա բեռ: Այն ներառում է մսի պահածո՝ 52 տոննա, ձկան պահածո՝ 35 տոննա, շաքարավազ՝ 40 տոննա, ինչպես նաև չոր օրապահիկ՝ մոտ 14,5 տոննա քաշով:

Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է նաև Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում բռնկված հրդեհին: ԱԻ նախարարը հայտնել է, որ նախարարությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել այդ տարածք և մանրամասներ է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խնդրին, նշել է, որ բուսածածկ տարածքների հրդեհները նախորդ տարվա համեմատ աճել են 83,9 տոկոսով: «Այստեղ կա երկու ուղղություն: Առաջինը՝ մեր հայրենակիցներին կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելու ընթացքում ցուցաբերեն պատասխանատվություն: Այս մշակույթը մեզ մոտ պրոբլեմատիկ է՝ սկսած շշեր թափելուց: Պետք է օպերատիվ աշխատանք տանել այս ուղղությամբ, որովհետև երբեմն կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում, ինչ-ինչ նպատակներով: Այստեղ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է օպերատիվ աշխատանք իրականացնեն»,-նկատել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարը նշել է նաև, որ հանձնարարել է Ճանապարհային ոստիկանությանն առանձնակի խիստ լինի ծխախոտը մեքենաներից նետող վարորդների նկատմամբ. «Առավել ևս այս ընթացքում պետք է շատ խիստ լինել և պետք չէ վարանել՝ տուգանել և կոնկրետ վարչական պատասխանատվության միջոցներ ձեռնարկել: Բայց, իհարկե, ավելի լավ կլինի, երբ մեր սիրելի հայրենակիցները նման գործողության ընդհանրապես չդիմեն»:

Կհստակեցվեն կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանդակությունը

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ՝ կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը ապահովելու նպատակով: Որոշումներով նախատեսվում է հստակեցնել կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանդակությունը: Մասնավորապես, առաջարկվում է կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել Քրեակատարողական բժշկության կենտրոնում, դյուրացնել և ավելի հասանելի դարձնել կալանավորված անձանց, դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա: Կստեղծվեն նաև անհրաժեշտ նախադրյալներ կալանավորված անձի նկատմամբ ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության, ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու նպատակահարմարության վերաբերյալ բժշկական եզրակացության տրամադրելու գործընթացն առավել թափանցիկ և գործուն դարձնելու համար:


Կապահովվի հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների տրամադրումը

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնմանն աջակցող միջոցների տրամադրումն ապահովելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ պետբյուջեի միջոցներով «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնոլոգիաներով ապահովում և դրանց վերանորոգում» և «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռքբերելու համար հավաստագրերի տրամադրում» միջոցառումների շրջանակում շահառուներին, պետական հավաստագրերի հիման վրա, տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ` որակավորված և նախարարության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից: Պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների տրամադրումը հնարավորություն է ընձեռում անձին ընտրություն կատարել և ձեռք բերել իր կարիքին առավելագույնս հարմար աջակցող միջոցներ: Շահառուների դիմելիության ծավալի ավելացման արդյունքում որոշ աջակցող միջոցների`2019 թ. տարեկան բյուջեով նախատեսված քանակն սպառվել է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ անհրաժեշտություն է առաջացել պետբյուջեի վերաբաշխման միջոցով ավելացնել տրամադրվող որոշ աջակցող միջոցների քանակը՝ հատկացնելով հավելյալ 71 մլն 328 հազար դրամ՝ 1253 սարքի համար: «Բոլոր սարքերի տրամադրումը հավաստագրերի հիման վրա սկսվել է 2019 թ. հունվարից: Սա նոր մեթոդ է: Նախկինում շատ քաղաքացիներ նույնիսկ չէին դիմում սարքերի համար, քանի որ դրանք տրամադրվում էին միանման և իրենց կարիքին ոչ համապատասխան»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ համապատասխան կարգում անցյալ տարի իրականացված փոփոխությունը մեծացրել է քաղաքացիների հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ, քանի որ այն հնարավորություն է տալիս շահառուներին հավաստագրի միջոցով շուկայից ձեռք բերել իրենց կարիքներին համապատասխան սարքեր: «Դա նշանակում է, որ այս գործիքն արդեն կոնկրետ մարդկանց կարիքներին համապատասխան սկսում է գործել», - հավելել է կառավարության ղեկավարը:

«Օրիոն գրուպ»-ը գործունեություն կծավալի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ կատարելով 200 000 ԱՄՆ դոլարի ներդրում

Գործադիրի որոշմամբ «Օրիոն գրուպ» ՓԲԸ-ին տրվել է «Էկոս» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն: «Օրիոն գրուպ»-ը նախատեսում է ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչը հնարավորություն կտա ընկերությանը՝ ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ծրագրի շրջանակում (2019-2023 թթ.) իրականացվելիք ներդրումների ծավալը կկազմի շուրջ 200 000 ԱՄՆ դոլար: 5 տարվա ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` օպերացիոն անձնակազմի համար` մոտ 140 000 դրամ և ղեկավար անձնակազմի համար` մոտ 250 000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 16,8 քմ արտադրական տարածք:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրինագծով առաջարկվում է սահմանել, որ կառավարության նիստում առանց քննարկման և զեկուցման քվեարկության կարգը չի կարող կիրառվել ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացվող օրենքի նախագծի նկատմամբ: «Պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված նախագծերի քննարկման ընթացքը սահմանող իրավական ակտերով սահմանված են այնպիսի ընթացակարգեր, որ օրենքի նախագիծը մինչև կառավարության նիստում քվեարկվելը բավական երկարատև գործընթաց է անցնում՝ քննարկվելով տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ նախարարական կոմիտեների նիստում: Միաժամանակ բավարար երաշխիքներ են սահմանված ներկայացված նախագծի պատշաճ քննարկումն ապահովելու նպատակով, քանի որ, ի թիվս այլ հանգամանքների, կառավարության մեկ անդամի առարկության պայմաններում նախագիծը ենթակա է քննարկման», - նշել է նախարարը և հավելել, որ բոլոր նախագծերի համար պարտադիր քննարկման ռեժիմ սահմանելը կարող է անհարկի ծանրաբեռնել կառավարության նիստը: Այսպիսով՝ կառավարությունը, ներկայացնելով մի շարք դիտարկումներ, գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ներման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

 

← Վերադառնալ