Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

15.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքը և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արգենտինան բարեկամ երկիր է Հայաստանի համար, որի հետ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ վարչապետը կարևորել է արգենտինական խոշոր ընկերություններից «Կորպորասիոն Ամերիկայի» ներկայացվածությունը ՀՀ տնտեսությունում և հավելել, որ Հայաստանը հետաքրքրված է առևտրատնտեսական կապերի հետագա խորացմամբ:

Հայաստանում Արգենտինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի, արդյունավետ համագործակցության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր երկու երկրների հարաբերությունների զարգացման գործին ծառայությունը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Արգենտինայի միջև քաղաքական հարաբերությունները գերազանց են, և առկա է ներուժ ու փոխադարձ կամք՝ տնտեսական կապերը ևս շարունակաբար զարգացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հպարտանում է Արգենտինայի կենսունակ հայ համայնքով, որն ակտիվորեն ներգրավված է երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում և մեծ դեր ունի երկկողմ կապերի ամրապնդման գործում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում Արգենտինայի հավասարակշռված դիրքորոշման և Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ քայլերի համար:

 

← Վերադառնալ