Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը պայմանագրային զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման համար սահմանել է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման կարգը և պայմանները

22.08.2019

ևս 12 լուսանկար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրն ընդունել է «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում են ծրագրի նկարագրությունը և պայմանները, կարգավորվում են ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ներկայացման և շահառուների հաշվառման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, յուրաքանչյուր տարի ծրագրի շահառու կարող են դառնալ և պետական աջակցություն ստանալ Պաշտպանության նախարարության 500 զինծառայող: Ծրագիրն առավելագույնը նախատեսում է 28.500.000 դրամի չափով հիպոթեկային վարկավորման հնարավորություն, որի սահմաններում գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար ֆինանսավորում է պետությունը: Մասնավորապես, անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ վարկի տարեկան տոկոսը կազմելու է 7 տոկոս, որի 3 տոկոսային կետը սուբսիդավորելու է պետությունը, իսկ մնացած 4 տոկոսը՝ հետ է վերադարձվում վարկառուին իր վճարած եկամտային հարկի հաշվին: Յուրաքանչյուր տարվա համար ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ: Ի դեպ, նախկինում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողներն ունեն նախապատվության իրավունք՝ ծրագրի մասնակից դառնալով առանց վիճակահանությանը մասնակցելու և հրաժարվելով իրենց հաշվառման իրավունքից:

Վարչապետը հանձնարարել է քննարկել ուժային այլ կառույցների՝ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության՝ բնակարանի կարիք ունեցող աշխատակիցներին ևս այս ծրագրում ընդգրկելու հարցը և գտնել լուծումներ:

Անդրադառնալով մարզերում բնակարանների առաջնային շուկայի ձևավորման հարցին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտնել է, որ մարզերում նախատեսվում է կառուցվել 30 նոր բազմաբնակարան շենք: «Մասնավոր ներդրումների ծրագիր է, և վաճառքի վերջնական գինը բավական ցածր է լինելու»,- ասել է կոմիտեի նախագահը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այդ ծրագիրը և նշել, որ այն կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: «Քանի որ եկամտահարկի վերադարձման ծրագիրն աշխատում է միայն առաջնային շուկայի դեպքում, իսկ մարզերում, ըստ էության, առաջնային շուկա չկա այս պահի դրությամբ, ուստի մարզերում լավ աշխատավարձ ստացող մեր հայրենակիցներն այս հնարավորությունից ուզում են օգտվել և բնակարաններ են ձեռք բերում Երևան քաղաքում»,-նշել է կառավարության ղեկավարը:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է վաղուց կառուցված, բայց երկար տարիներ չօգտագործված շենք-շինությունների հարցին և նշել. «Մի քանի տեղերում մենք ունենք այսպիսի իրավիճակ, երբ, օրինակ, 30 տարվա չօգտագործված ինչ-որ շենք վերակառուցվում է որպես բնակելի տուն: Ես 1-2 այդպիսի նամակ եմ ստացել ներդրողներից, որ լավ կլինի քննարկել այս հարցը: Պատկերացրեք՝ 5 հարկանի որևէ շենք, որը կամ արտադրական տարածք է եղել կամ հյուրանոց կամ չգիտեմ ինչ է եղել, 30 տարի ուղղակի խարխլվել է, վերցնում են և այնտեղ բնակարան են կառուցում: Ըստ էության՝ 70 տոկոսով նոր շինարարություն է, բայց մեր կարգավորումներով կարծես թե այս կարգի շենքերը չեն մտնում առաջնային շուկայի ձևակերպման ներքո»: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկել այդ հարցը, որն ավելի կխթանի մարզերի բնակարանաշինությունը:


Արտոնություն է ստացել ևս 3 ընկերություն. կստեղծվի ավելի քան 160 նոր աշխատատեղ

Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն «ԱՖԱ» և «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ները, ինչպես նաև «Լենտեքս» ՓԲԸ-ն:

«ԱՖԱ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արգելակման կոճղակների արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 300 մլն ՀՀ դրամի ներդրում` նոր սարքավորումների, հումքի ձեռքբերման և արտադրական տարածքի վերանորոգման համար: Արդյունքում կստեղծվի 55 նոր աշխատատեղ՝ 150,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 770 մլն ՀՀ դրամ, որից 200 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, մնացածը՝ ԵԱՏՄ այլ անդամ և երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 71,882,821 ՀՀ դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 6,194,771 ՀՀ դրամ:

«Պրոֆ Ալ» ընկերությունը գործունեություն է ծավալում ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության ոլորտում (ք. Երևան)՝ իրականացնելով 1 000 000 000 ՀՀ դրամի ներդրում: Ներկայում առկա է 281 աշխատատեղ, իսկ ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 50 նոր աշխատատեղ՝ 280 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 20 000 000 000 ՀՀ դրամ, որից 12 000 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 500 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 7 500 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8 254 510 000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 822 983 900 ՀՀ դրամ:

«Լենտեքս» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գուլպա, զուգագուլպա, տրիկոտաժի արտադրության և թելի վերամշակման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3-4 մլրդ ՀՀ դրամի ներդրում (հումքի և սարքավորումների համար) և ստեղծել 50-60 նոր աշխատատեղ՝ 90 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 4,5 մլրդ ՀՀ դրամ, որից մոտ 1,4 մլրդ ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 3,1 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 988 900 000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 155 283 000 ՀՀ դրամ:


Կառավարությունը գումար կհատկացնի՝ Արցախի ՏԻՄ ընտրություններին
դիտորդական առաքելություն իրականացնելու համար

Գործադիրի որոշմամբ Արցախում 2019 թ. սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելուն աջակցելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 33 մլն 680 հազար դրամ: Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ցանկություն են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Վերջիններիս գումարը հատկացվելու է դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։ 16 մլն 200 հազար դրամ կհատկացվի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և այն համարել աննախադեպ: «Սա շատ կարևոր որոշում եմ համարում և, ինչպես հայտարարել եմ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանն աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը։ Եվ սա այդ միջոցառումների ցանկի մեջ մտնող գործողություն է, որը ինչ-որ առումով նաև աննախադեպ է»,- ասել է վարչապետը։


Դայակների ծրագրում այս տարի ընդգրկվել է ևս 400 շահառու

«Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև 2 տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրում նախորդ տարվանից ընդգրկված անձանց սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որոշման նպատակը նախորդ և այս տարվա ընթացքում բոլորին հայտնի դայակների ծրագրում ընդգրկված շահառուներին համապատասխան վճարումներ կատարելն է: «2018 թվականին վերը նշված միջոցառմամբ նախատեսվել էր ընդգրկել 200 շահառուի, սակայն, պահանջարկից ելնելով, ընդլայնել ենք ծրագիրը և ընդգրկել 472 անձի։ Այս տարի ևս 400 շահառուի համար ֆինանսավորում ենք նախատեսել»,- ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ որոշման արդյունքում վերաբաշխման միջոցով լրացուցիչ 77 մլն 334 հազար դրամ գումար կհատկացվի նախորդ և այս տարվա ընթացիկ ծրագրերում ընդգրկված շահառուներին վճարելու համար։ Ըստ Զարուհի Բաթոյանի՝ շահառուներին տրամադրվում է առավելագույնը նվազագույն աշխատավարձի չափով գումար՝ 55 հազար դրամ: Նախարարի խոսքով՝ ծրագրից օգտվելու համար ցանկություն հայտնած անձանց թիվն ավելի շատ է և, ըստ այդմ, սահմանվել է առաջնահերթությունների կարգ։ «Դա այն քաղաքացիներն են, ովքեր ընտանեկան նպաստ են ստանում, մինչև 2 տարեկան 2 և ավելի երեխաներ ունեն կամ ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա և այլն։ Մենք վերանայում ենք, քննարկումներ ենք իրականացնում, որպեսզի հետագայում կարողանանք ծրագիրն ընդլայնել և արդյունավետությունը բարձրացնել»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Նախատեսվում է պարզեցնել ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և այն համարել անհետաձգելի: Փաթեթի ընդունմամբ կպարզեցվի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաև վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը կիրականացվի լիարժեք՝ ապահովելով ռեգիստրի տվյալների հավաստիությունը: Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակում: Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման չափանիշների ու պայմանների վերանայման և հստակեցման նպատակով առաջարկվում է վերանայել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 33-րդ, 38-րդ և 49-րդ հոդվածները, քանի որ դրանք պարունակում են տեղեկանքների ներկայացման դրույթներ, մասնավորապես դիմումատուի՝ ՀՀ-ում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալներ, որոնց տիրապետում է լիազոր մարմինը: Անհրաժեշտություն է առաջացել նաև ընդերքօգտագործման պայմանագրով ամրագրել օգտակար հանածոյի արդյունահանման իրականացվելիք աշխատանքների կատարման ժամկետները՝ նպատակ ունենալով պայմանագրով հստակ սահմանելու ընդերքօգտագործողի պարտականություները: «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքով կարգավորված չեն նաև տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման ժամանակ իրականացված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի հետագա օգտագործման իրավահարաբերությունները: Ընդերքի ողջամիտ օգտագործման նպատակով նախատեսվում է սահմանել մեկանգամյա թույլտվության տրամադրում, համաձայն որի՝ իրավաբանական անձին հնարավորություն կընձեռվի համապատասխան նախագծի կամ թույլտվության առկայության դեպքում ընդերքի որոշակի տեղամասից կատարված նշյալ հանույթի օգտագործումը: Իսկ կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքից ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ իրականացնելու թույլտվության կարգը և ընդերքի տրամադրման պայմանները, ժամկետները և հանույթի տնօրինման պայմանները կսահմանի ՀՀ կառավարությունը:

 

 

 

← Վերադառնալ