Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի պաշտոնաթող նախագահ Յոահիմ Գաուկի հետ

16.09.2019

ևս 2 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մասնավոր այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտոնաթող նախագահ Յոահիմ Գաուկին:

Վարչապետը ջերմորեն ողջունել է պարոն Գաուկի այցը մեր երկիր և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: «Հայաստանում Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի բարեկամ, դա պատահական չէ և պայմանավորված է Ձեր գործունեությամբ: Մենք արձանագրել ենք, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ձեր հայտարարությունը դարձավ մեկնակետը, որի արդյունքում Գերմանիայի Բունդեսթագը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց»,- ասել է վարչապետը և կարևորել պարոն Գաուկի գործունեությունը նաև իրավապաշտպանության ուղղությամբ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի են ունենում ժողովրդավարական լուրջ փոփոխություններ: «Հիմա շատերն են հարցնում, թե ինչպես հեղափոխությունը տեղի ունեցավ առանց զոհերի: Դրա պատասխանը պարզ է. մեր հեղափոխությունը հիմնված էր քրիստոնեական արժեքների վրա, որոնք թույլ են տվել առանց ցնցումների իրականացնել փոփոխությունները»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին` Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ դրանք զարգանում են դինամիկ կերպով, վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ: Որպես արդյունք` վարչապետը շեշտել է Գերմանիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը. այդ առումով գերմանացի զբոսաշրջիկների այցերի աճը երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո: «Ինձ համար կարևոր է մարդկային այն հոգատարությունը, որը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ տածում է Գերմանիայի կանցլերը, ինչը կարևոր մարդկային գործոն է ավելացնում հայ-գերմանական հարաբերություններին: Համոզված եմ, որ Ձեր այցի արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունների մթնոլորտն էլ ավելի կլավանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Յոահիմ Գաուկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Պարոն վարչապետ, Դուք Ձեր խոսքում հիմնավորեցիք իմ այցի կարևորությունը: Մեզ համար շատ կարևոր է, որ գերմանական հանրության մեջ Հայոց ցեղասպանության փաստը խորապես ընկալվի: Կարևորն անցյալում տեղի ունեցած իրադարձություններն արձանագրելն է: Մենք հիանում ենք այն հանգամանքով, որ Հայաստանում տեղի են ունենում հիմնարար փոփոխություններ` ժողովրդավարական արժեքների վրա հիմնված իրավական պետություն կառուցելու ուղղությամբ»,- նշել է Գերմանիայի նախկին նախագահը` ավելացնելով, որ Հայաստանի պատմական առաքելությունը պետք է լինի այս տարածաշրջանում իրական ժողովրդավարություն կառուցելը: Յոահիմ Գաուկն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը և Եվրոպական միությունը ամենայն ուշադրությամբ են հետևում Հայաստանի փոփոխություններին: Գերմանիայի նախկին նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն ունի քաղաքական կամք` Հայաստանի իրավական համակարգի զարգացմանն ու երկրում օրենքի գերակայության ամրապնդմանն օժանդակելու համար:

Իր հերթին վարչապետ Փաշինյանն ավելացրել է, որ իր գլխավորած կառավարության ամենամեծ առաքելությունն է համարում Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի փոփոխությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-գերմանական հարաբերությունների և ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

← Վերադառնալ