ևս 2 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լիբանանի պաշտպանության նախարարի այցը մեր երկիր և, վերհիշելով 2018 թ. աշնանը Լիբանան կատարած իր այցը, երկրի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումները, նկատել, որ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության խորացմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում է դարավոր բարեկամությունը, Լիբանանում գործում է կենսունակ հայկական համայնք, երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, և Հայաստանը կարևորում է Լիբանանի հետ հարաբերությունների շարունակական սերտացումը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էլիաս Բու Սաաբը նշել է, որ մեծ պատիվ է գտնվել Հայաստանում և ՀՀ գործընկերների հետ քննարկել փոխգործակցության խորացման հեռանկարները: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Լիբանանը մեծ ներուժ ունեն զարգացնելու համագործակցությունը պաշտպանական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման, փորձի փոխանակման, համատեղ նախագծերի իրականացման շուրջ, անդրադարձել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:
Վարչապետն անդրադարձել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության նպատակներին և Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահների մասնակցությանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը: Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ողջունել է Հայաստանի հումանիտար գործողությունները Սիրիայում և երախտագիտություն հայտնել Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահ անձնակազմի մասնակցության համար: