Մամլո հաղորդագրություններ

Էդուարդ Մարտիրոյսանը և Արման Սարգսյանն ունեն ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի լիազորություններն իրականացնելու օրենսդրական հնարավորությունները. վարչապետ

20.09.2019

ևս 3 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին:

«Իհարկե պարոն Սարգսյանը բոլորիդ ծանոթ է և նաև ուզում եմ արձանագրել, որ նա ողջ աշխատանքային գործունեությունն անցկացրել է ոստիկանական համակարգում, ինչը կարևոր հանգամանք եմ համարում: Ցանկանում եմ արձանագրել նաև, որ մեր կառավարության համար առաջնահերթություններից մեկը Հայաստանում ինստիտուցիոնալ կայացման խնդիրները լուծելն է և Ոստիկանությունը որպես ինստիտուտ շատ կարևոր է:

Իհարկե Ոստիկանությունը բավականին կայացած կառույց է Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք բոլորս մեր առաջ խնդիր ենք դրել, որ պետք է ինքներս մեր առաջ առաջին հերթին ավելի մեծ խնդիրներ դնենք, ավելի բարձր նշաձողեր սահմանենք և հույս ունեմ, որ մենք փոխադարձաբար հավատում ենք այդ բարձր նշաձողերը հաղթահարելու մեր ընդհանուր պոտենցիալին: Հույս ունեմ, որ այդ պոտենցիալի վերաբերյալ բարձր ինքնագնահատական կա նաև ոստիկանության համակարգում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ վերջին ավելի քան մեկ տարին հեշտ չի եղել, եղել է բազմաթիվ բարդություններով լեցուն շրջան և ոստիկանությանը շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: «Մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը ոստիկանական համակարգի բարեփոխումներն են, դրանցում կարևորագույն նշանակություն ունի ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը, բայց ամենակարևորը թերևս բովանդակության փոփոխությունն է, որպեսոզի մենք կարողանանք ոստիկանության բովանդակությունը դարձնել ժամանակակից, 21-րդ դարի և Նոր Հայաստանի պահանջներին համահունչ: Պարոն Սարգսյան, հույս ունեմ, որ այդ խնդիրները կկատարեք:

Ես ուզում եմ արձանագրել հետևյալը. թե ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող Էդուարդ Մարտիրոյսանը, թե Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Սարգսյանն իրենք լիարժեք լիազորություններն իրականացնելու օրենսդրական հնարավորություններ ունեն և հույս ունեմ, որ նրանք լիարժեք կգործեն: Մեր պայմանավորվածությունները հետևյալն են, որ մենք մի փուլ այս կարգավիճակում կաշխատենք և հույս ունեմ այդ ժամանակաշրջանի արդյունքները փոխադարձաբար գոհացուցիչ կլինեն: Ես ուզում եմ այս հարցում լինել բացարձակ թափանցիկ, որպեսզի այդ կարգավիճակների թերարժեքության ինչ-որ ընկալումներ չառաջանան, թե Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թե պարոն Սարգսյանի պարագայում: Այդ ժամանակաշրջանում երբ մենք երկոսւտեք կարձանագրենք արդյունքների գոհացուցիչ լինելը՝ այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը, բայց կրկին եմ ասում, պետք է արձանագրենք, որ փոխադարձաբար արդյունքները պետք է մեզ բավարարեն»,- նշել է կառավարության ղեկավարը:

Արման Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավելել, որ վերջին գրեթե մեկ ու կես տարվա ընթացքում, դժվարությունների ժամանակաշրջանում, Ոստիկանության ողջ անձնակազմը զգացել է վարչապետ Փաշինյանի հոգածությունը: «Նաև ցանկանում եմ ուղղակի պարտավորեցնել, պարտավորվել, որ անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ Ձեր հույսերը: Մի փոքրիկ մեջբերում անեմ. իմ գործընկերները հիշում են, երբ ես նշանակվեցի Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ասացի, որ ինձ, իմ տեսակին բացառիկ հնարավորություն է ընձեռվել մասնակցել իմ բալիկների և բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի կերտմանը ու ամեն ինչ անելու եմ այդ ուղղությամբ: Կոլեկտիվի հնարավորությունների վրա չեմ կասկածում, որովհետև Ոստիկանությունում ունենք առողջ կորիզ և նրանք ինձ սատար են կանգնելու, օժանդակելու են: Այն լավը, որը մենք ձեռք ենք բերել, փորձելու ենք ավելի բարելավել, հասնել տրամաբանական ավարտին, որպեսզի մեր երեխաները ապրեն լավ, Սահմանադրության չփոփոխվող հոդվածների համապատասխանող երկրում, Շնորհակալություն»,- նշել է Արման Սարգսյանը:

← Վերադառնալ