Մամլո հաղորդագրություններ
Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիայի նահանգի միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր համագործակցության վերաբերյալ
ևս 5 լուսանկար
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վարչապետը գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիայի նահանգի միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսմը։ Համաձայնագրով Հայաստանը և Կալիֆորնիան կզարգացնեն համապարփակ համագործակցությունը բոլոր ուղղություններով։
Համաձայնագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կալիֆորնիայի նահանգապետի հանդիպումը։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Շրջանակային համաձայնագրի ստորագրումը կնպաստի փոխգործակցության խորացմանը և Հայաստան-Կալիֆորնիա կապերի զարգացմանը։
Վարչապետը նշել է, որ Կալիֆորնիան Ամերիկայի հայության կենտրոններից է, ինչպես նաև ԱՄՆ ամենանորարարական տնտեսությունն ու տեխնոլոգիական ձեռքբերումներ ունեցող նահանգը, և Հայաստանը հետաքրքրված է էլ ավելի ամրապնդելու կապերը ԱՄՆ ամենահայաշատ նահանգներից մեկի հետ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է թավշյա հեղափոխությանը և Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, որոնք հիմք դրեցին տարբեր ոլորտներում բարեփոխումներին և արմատական փոփոխություններին։ Ներկայում Հայաստանն ընթանում է տնտեսական հեղափոխության ճանապարհով. արձանագրվում է տնտեսության կայուն դինամիկ աճ, կառավարության կողմից իրականացվում են գործնական քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների վերացման և բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ։
Կալիֆորնիայի նահանգապետը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը ԱՄՆ՝ նշելով, որ Կալիֆորնիայի հայությունը մեծ դերակատարություն ունի նահանգի զարգացման, հայ-ամերիկյան կապերի ամրապնդման գործում։ Նրա խոսքով՝ Կալիֆորնիան ևս կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը և համատեղ ծրագրերի իրականացումը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա առևտրատնտեսական գործակցության խորացմանը, գործարար շրջանակների միջև շփումների աշխուժացմանը և կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել երկկողմ քննարկումները գործնական քայլեր ձեռնարկելու շուրջ։ Նիկոլ Փաշինյանը և Գեվին Նյուսմը խոսել են նաև անտառային հրդեհների մարման ոլորտում համագործակցության մասին, պայմանավորվել ավելի առարկայական դարձնել փորձի փոխանակման և կադրերի պատրաստման ուղղությամբ քննարկումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան։ Գեվին Նյուսմը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և խոստացել դիտարկել հարմար ժամկետներում մեր երկիր այցելելու հնարավորությունը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի վարչապետը նաև ներկա է գտնվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից տրված ընդունելությանը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացմանը։