Մամլո հաղորդագրություններ

Հայաստանի վարչապետը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

26.09.2019

ևս 3 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Հայաստանի վարչապետը ողջունել է Հնդկաստանի իր գործընկերոջը և նկատել՝ երկու երկրներն ու ժողովուրդները ունեն ամուր պատմական կապեր, որոնք երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ են պարունակում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը, և պատրաստ է շարունակել հետևողական և ակտիվ համատեղ աշխատանքը առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։

Հնդկաստանի վարչապետը նշել է, որ ուրախ է Հայաստանի վարչապետի հետ առաջին հանդիպման առիթով և քննարկել հայ-հնդկաստանյան հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նարենդրա Մոդիի խոսքով՝ Հայաստան-Հնդկաստան բարեկամական կապերը դարավոր են և ամուր, և Հնդկաստանը հետաքրքրված է երկկողմ գործակցությունը զարգացնելու հարցում։

Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին քննարկել են երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական, մշակութային, հումանիտար կապերի խորացման հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, կինոարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ։ Առևտրային կապերի ընդլայնման համատեքստում անդրադարձ է եղել գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման և փոխայցելությունների կազմակերպման հարցին։ Կողմերը պայմանավորվել են կառավարությունների մակարդակով օժանդակել գործարարների խմբերի փոխանակմանը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական գործակցության զարգացման համար։

Հայաստանի և Հնդկաստանի վարչապետերը նաև մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Քաշմիրի նահանգի հարցի շուրջ։

← Վերադառնալ