Մամլո հաղորդագրություններ
Երևանն ինձ համար մեր ժողովրդի միասնության, ամբողջականության, ինքնության խորհրդանիշն է. վարչապետ Փաշինյան
ևս 12 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Երևանի 2801-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Մինչ այդ վարչապետը և տիկին Հակոբյանը կարճատև հանդիպում են ունեցել Երևանի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիի հետ:
Միջոցառման ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է վերջին մեկ տարում մայրաքաղաքում տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ են շնորհվել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես, նշել է.
«Մեծարգո պարոն քաղաքապետ,
Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,
Վեհափառ Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային Ժողովի մեծարգո պատգամավորներ,
Երևանի ավագանու հարգարժան անդամներ,
Պետական այրեր, հյուրեր,
Սա իսկապես հրաշալի տոն է բոլորիս համար և սա տոն է, որն արդեն շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Էրեբունի-Երևան տոնակատարությունը, Երևանի հոբելյանը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է և երևի սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է: Սա ունի շատ կոնկրետ պատճառ, որովհետև Երևանի ամեն շենքի ամեն քար իր մեջ ներառում է, պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր:
Ժամանակակից Երևանը, այն Երևանը, որ այսօր մենք ունենք՝ սկսել է կառուցվել այն ժամանակներում, երբ մեր ժողովուրդը, թվում էր, դրանից ընդամենը տարիներ առաջ հայտնվել էր ոչնչացման եզրին և ամեն քարի հետ մեր ժողովրդի մեջքն էր ուղղվում, ողնաշարն էր ուղղվում, ոտքերն էին ամրանում և ամեն շենքի հետ մեր ժողովուրդը վերականգնում էր երազելու իր ընդունակությունը: Ամեն շենքի հետ մեր ժողովուրդը մտածողության նոր կերպ և նոր ձև էր գտնում և սահմանում ինքն իր համար:
Համոզված եմ՝ Երևանն իր ճարտարապետությամբ, իր քաղաքաշինությամբ կանխորոշել է մեր ժողովրդի նոր մտածողությունը, ապագայի մտածողությունը, որը ոչնչացման եզրին հասած ժողովրդին կարողացել է վերափոխել նոր ժամանակների համար, պատրաստել հաղթանակների, տնտեսական հաղթանակների, քաղաքական հաղթանակների, ռազմական հաղթանակների:
Այս օրը չեմ կարող չհիշատակել ժամանակակից Երևանի իսկական հեղինակին, մեր մեծերից մեկին՝ Ալեքսանդր Թամանյանին: Եվ ես կարծում եմ՝ այսօրվա Երևանը, մեր սերը Երևանի նկատմամբ նաև մի հարգանքի իսկական տուրք է Թամանյանին և բոլոր նրանց, ովքեր կանխորոշել են, ստեղծել են նոր Երևանի կերպարը: Երևանը նաև հայահավաք գործառույթ է ունեցել և տեսեք այսօր երկու նշանավոր մարդկանց շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Երվանդ Մանարյանը ծնվել է արտերկրում, սփյուռքում և վերադարձել Հայաստան, այստեղ գործունեություն ծավալել, իսկ պարոն Պիատրովսկին ծնվել է Երևանում և հիմա ղեկավարում է աշխարհի ամենանշանավոր թանգարաններից մեկը, որի հիմնադրման գործում շատ մեծ և կարևոր ներդրում է ունեցել մեր մյուս մեծ հայրենակիցը՝ Հովսեփ Օրբելին:
Երևանն այսպիսի քաղաք է, Երևանը մարդկանց հավաքել է բոլոր տեղերից, Երևանը մարդկանց հավաքել է Հայաստանի բոլոր գյուղերից և մարզերից: Երևի Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայրում, չկա այդպիսի բնակավայր, որից սերած բազմաթիվ քաղաքացիներ այսօր երևանցի կոչվելու պատիվը չեն կրում, չկա սփյուռքի որևէ մի համայնք, որում ծնված և որից սերող մեր բազմաթիվ հայրենակիցներ երևանցի կոչվելու պատիվը չեն կրում:
Մի քանի տարի առաջ մեծ տպավորություն ստացա և նույնիսկ այդ կապակցությամբ գրառում կատարեցի ֆեյսբուքյան իմ էջում: Դա մի իսկապես միստիկ տեսարան էր, երբ Աբովյան փողոցի երկու մայթերից ընթացող մեքենաների վրայով երկու երևանցի իրար հետ խոսում էին մաքուր արևմտահայերենով և նրանք պայմանավորվում էին, թե երեկոյան Երևանի ո՞ր սրճարանում են հանդիպելու մի գավաթ սուրճ, գինի կամ գարեջուր խմելու: Եվ Երևանն ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության, մեր ժողովրդի ամբողջականության, մեր ժողովրդի ինքնության խորհրդանիշն է:
Պատահական չէ, որ հենց Երևանից բացվում է մեր ժողովրդի համար ամենակարևոր, ամենահաջողված տեսարանը՝ դեպի մեր բիբլիական Արարատ սար: Մենք բոլորս սիրում ենք Երևանը և Երևանը սիրում է մեզ բոլորիս: Այս է պատճառը, որ մենք ուր էլ գնանք, ուր էլ լինենք՝ մեր առաջին ձգտումն ու ցանկությունն է վերադառնալ այստեղ, վերադառնալ մայրաքաղաք, վերադառնալ Երևան, վերադառնալ և կրկին քայլել այն ճանապարհով, որ սկսվել է դեռևս 2801 տարի առաջ և դեռ պետք է շարունակվի հազարամյակներ:
Շնորհավորում եմ մեզ՝ այս տոնի և օրվա կապակցությամբ: Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին:
Շնորհակալ եմ»: