Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը միացել են վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին

29.10.2019

ևս 19 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը միացել են վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին: Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ հանդիպել են զինծառայության ընթացքում վիրավորված «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորներին՝ հետաքրքրվել նրանց վերականագնման ընթացքից և մաղթել առողջություն:

«Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ զինվորի տան հերոսները գործել են գեղեցիկ հայկական գորգ, որն անվանվել է «Հայկական Տիեզերք»։ Գորգի գործման աշխատանքներին են միացել Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, հայկական ջազի լեգենդ Մալխասը, «Ավորա»-ի մրցանակակիր Թոմ Քաթինան և այլք։

Գորգը պետք է պատրաստ լինի մինչ նոյեմբերի 1-ը։ ԱՄՆ-ի Հայ համայնքը հնարավորություն է ունենալու աճուրդով գնել գորգը։ Աճուրդը և գալա ընթրիքը տեղի է ունենալու նոյեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ին, Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի The Glendale Hilton հյուրանոցում: Ամբողջ հասույթն ուղղվելու է Զինվորի տան Հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։

Աճուրդից հետո էլ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում «Մեգերյան կարպետ» ընկերության աջակցությամբ գործելու է գորգագործության կենտրոնը։ Վարպետները կշարունակեն բուժում ստացող տղաներին սովորեցնել գորգ գործել՝ ոմանք ձեռքերը կմարզեն, մյուսներն էլ հնարավոր է վարպետանան ու սկսեն գումար վաստակել։

 

← Վերադառնալ