Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունում քննարկվել է Առողջապահության նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը
ևս 2 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը:
Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։ Անդրադարձ է եղել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, դեղորայքային ապահովման ուղղությամբ նախատեսվող ու նաև առողջապահության պետական նպատակային ծրագրերին: Արծարծվել են առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների կարողությունների զարգացմանը, պատվաստումներին, դեղերի շուկային, էլեկտրոնային առողջապահության ներդրմանը վերաբերող հարցեր: Պետպատվերով իրականացվող ծրագրերի շրջանակում քննարկվել են սրտի անհետաձգելի ստենտավորման «Ստենտ ֆոր լայֆ», գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժման, 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնության ծրագրերի ընթացքին, դրանց շարունակմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Վարչապետը կարևորել է 2020թ. համար առողջապահության ոլորտում նախանշված միջոցառումների իրականացումը և մի շարք հանձնարարականներ տվել՝ առողջապահության պետական նպատակային ծրագրերի մոնիթորինգի, առաջնային պահպանման բուժհաստատությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման, կառուցվածքային բարեփոխումների և այլ ուղղություններով աշխատանքի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է առողջ ապրելակերպի խրախուսման և ընդհանրապես ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը՝ հանձնարարելով այս հարցերը դիտարկել կառավարության ռազմավարական նպատակադրումների շրջանակում: