Մամլո հաղորդագրություններ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

14.11.2019

ևս 1 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կառուցվածքային փոփոխություններին՝ նշելով. «Տեղյակ եք, որ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված էական փոփոխություններ են տեղի ունեցել՝ մասնավորապես, փոխվել է Ռազմարդյունաբերական կոմիտեի ենթակայությունը և Պաշտպանության նախարարության համակարգից տեղափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Ես ուզում եմ, առիթից օգտվելով, Պաշտպանության նախարարությանը շնորհակալություն հայտնել մինչ այժմ այդ ոլորտում կատարած աշխատանքների և ունեցած ներդրման համար: Ցանկանում եմ հաջողություն մաղթել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և նաև Ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարին և հույս հայտնել, որ այս կառուցվածքային փոփոխությունը կնպաստի, որ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտում էական փոփոխություններ և տեղաշարժեր արձանագրենք՝ հենվելով արդեն իսկ այս պահին եղած արդյունքների, կատարված աշխատանքների վրա, որովհետև այս ոլորտի զարգացումը շատ կարևոր է, և դրա կարևորությունը, իհարկե, բացատրելու անհրաժեշտություն չկա»:

Նիստում զեկույցով է հանդես եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, գիտության, տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության միջև գործուն կապի ձևավորմանը վերաբերող հարցեր: Հավանության է արժանացել Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների 2020թ. պետական պատվերի անվանացանկը:

← Վերադառնալ