Մամլո հաղորդագրություններ
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպմանը, առկա քաղաքական իրավիճակին: Վարչապետը հանգամանալից անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին: