Մամլո հաղորդագրություններ

Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

23.12.2019

ևս 8 լուսանկար



Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահներ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների հարգելի անդամներ,

Նախ թույլ տվեք ողջունել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների երկրորդ համատեղ նիստը: Համանման առաջին նիստը տեղի ունեցավ այս տարվա մարտի 12-ին՝ Ստեփանակերտում, իսկ հիմա ահա համատեղ նիստ ենք անցկացնում Երևանում: Կարծում եմ, այսպիսով, մի շատ կարևոր ավանդույթի սկիզբ է դրվում, որը նաև գործնական կարևոր նշանակություն ունի՝ համադրել երկու հանրապետությունների դիրքորոշումները և անելիքները մեր համատեղ օրակարգի հարցերի վերաբերյալ: Համագործակցությունը և երկխոսությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական մարմինների միջև կրում է համակարգված բնույթ և կոչված է ապահովելու տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը:

Մարտի 12-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ ընդգծեցի երկու խնդիր, որոնց հասցեագրումն էական է արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Առաջինը Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ապահովումն է: Անցած ամիսների ընթացքում այդ ներգրավվածության ավելացման անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է: Այս տեսակետից արդյունք են տվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների իրականացրած քայլերը: Կարևոր է, որ այդ քայլերն արտահայտել են օբյեկտիվ իրականությունը, որն ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Որո՞նք են այդ օբյեկտիվ իրականության բնորոշիչները:

Առաջին՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը:

Երկրորդ՝ փոխվել է որոշումների ընդունման մշակույթը և այդ որոշումների վրա ազդելու ժողովրդի և հասարակության դերը ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Ակնհայտ է, որ Արցախյան հիմնահարցում հնարավոր չէ արձանագրել որևէ նշանակալից առաջընթաց առանց ժողովրդական վստահության առկայության և արտահայտման: Այս տեսակետից առավել քան էական է հակամարտության գոտում ապրող մարդկանց կարծիքը, քանի որ նրանք են լինելու խաղաղ կարգավորման որևէ տարբերակի հետ կապված օգուտների և ռիսկերի անմիջական կրողը: Այս իրողությունն առավել քան ընդգծում է Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Արցախում գալիք տարվա մարտին տեղի ունենալիք ընտրություններն այս տեսակետից ստանում են հավելյալ կարևորություն: Հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր հիմնարար փաստաթղթերը կամ ներառում են Արցախի ընտրված իշխանությունների մասնակցության հղում, կամ հաստատվել են Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից:

Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ մենք ունենք շատ կարևոր իրավիճակ և արձանագրում՝ բանակցային պրոցեսի հենց առաջին օրերից ընդգծվել է Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին, և այս տեսակետից չափազանց տարօրինակ է, որ շատ դեպքերում որոշ կառույցներից մենք լսում ենք գնահատականներ, նեգատիվ գնահատականներ Արցախում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ: Եվ մեր արձանագրումն այն է, որ իրականում Արցախում տեղի ունեցող ընտրությունները կայանում են միջազգայնորեն ստացված մանդատի հիման վրա, և, հետևաբար, բոլոր այն հայտարարությունները, որոնք որևէ կերպ քննադատության են ենթարկում այդ ընտրությունները, վնասում են խաղաղ գործընթացին, որովհետև եթե պիտի ընտրված ներկայացուցիչներն Արցախի ժողովրդին ներկայացնեն բանակցային գործընթացում, ինչն արձանագրված է բանակցային ձևաչափի և բանակցային պրոցեսների փաստաթղթային հիմքում, ինչպե՞ս կարող են ընտրված ներկայացուցիչներն ընտրվել, եթե ոչ ընտրությունների միջոցով: Եվ ուրեմն առավել քան վստահ եմ, որ Արցախի նորընտիր իշխանությունները, որոնք կստանան իրենց ժողովրդի քվեն և կկրեն այդ քվեն իրենց տված ժողովրդի հանդեպ պատասխատվությամբ, կառուցողական ներգրավում կունենան խաղաղ գործընթացում:

Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր: Հայաստանի Հանրապետության այս դերակատարումը, որը ես հանգամանորեն ներկայացրել եմ այս տարվա օգոստոսի 5-ի Արցախի ժողովրդի առաջ Ստեփանակերտի հրապարակում, ենթադրելու է սերտ համագործակցություն ընտրությունների արդյունքում ձևավորվելիք Արցախի նոր իշխանությունների հետ: Այս տեսակետից կուզենայի բարձր գնահատել Արցախի ներկա իշխանությունների հետ ձևավորված փոխըմբռնումը և իմ երախտագիտությունը հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար:

Հարգելի գործընկերներ,

այս տարվա ընթացքում խաղաղ գործընթացի արդյունքները համեստ են, սակայն արձանագրվել են երկու կարևոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն: Այս պայմանավորվածություններն ունեցել են երկու գործնական արդյունք. չնայած հրադադարի պարբերական խախտումներին՝ ընդհանուր առմամբ հաջողվել է խուսափել ռազմական սրացումներից և իրավիճակը պահել վերահսկելի բոլոր կողմերի համար: Այսուհանդերձ, հրադադարի խախտումները շարունակում են հանգեցնել մարդկային կորուստների, վտանգում են հակամարտության գոտու քաղաքացիական բնակչությանը և վնասում են խաղաղ գործընթացի ծավալմանը: Օրինակ, անցած շաբաթ Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանային ճանապարհների և բնակավայրերի գնդակոծումը, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 6-ի Բրատիսլավայի հայտարարությունից հետո, և ահա այդ միջադեպը չի նպաստում խաղաղ գործընթացի ծավալմանը: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել հրադադարի ամրապնդման պայմանավորվածությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնման միջոցով: Նույնքան կարևոր են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման ծրագրերը, որոնց շրջանակում տեղի ունեցավ լրագրողների փոխանակումը: Ի տարբերություն մարդկանց շփումների ոլորտի այլ ծրագրերի, այս փոխանակումն իրականացվեց ոչ թե այս կամ այն երրորդ կողմի ուրվագծած շրջանակում, այլ հակամարտության բոլոր կողմերի պետական մարմինների միջոցով, որոնք ունակ եղան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջոցով միմյանց հետ համաձայնեցնել և իրականացնել մեկ ընդհանուր գործ: Այս փաստն ինքնին ողջունելի է՝ եթե մեր ժողովուրդներն ունակ չլինեն շփվելու իրար հետ ուղղակիորեն, ոչ մի ուժ չի կարող մեզ հաշտեցնել: Կարևոր է, որպեսզի ադրբեջանցի լրագրողներն այցելեն Հայաստան և Արցախ, իսկ հայաստանցի և արցախցի լրագրողները լինեն Ադրբեջանում և ի վերջո կարողանան աշխատել իրար հետ:

Տարբեր առիթներով ես այս տարվա ընթացքում մատնանշել եմ, որ առանց Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի ակտիվ ներգրավման և համաձայնության հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության և հաշտեցման: Հուսանք, որ այս ծրագիրը սկզիբ կդառնա ժողովուրդների խաղաղության նախապատրաստման և հաշտեցման համար:

Հաջորդը՝ մեր անդրանիկ համատեղ նիստի ժամանակ իմ կողմից հնչեց հարցադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող մադրիդյան երեք սկզբունքների և 6 տարրերի՝ որպես բանակցային գործընթացի հիմքի պարզաբանման վերաբերյալ: Այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք այս հարցադրման երկու տարբեր մեկնաբանություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի կողմից: Այստեղ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի Արցախի կարգավիճակի հարցը: Արդյոք առաջարկվող սկզբունքները և տարրերը հնարավորություն են տալիս, որպեսզի Արցախը պահպանի և զարգացնի իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից դուրս, թե այս սկզբունքները և տարրերը կոչված են սահմանափակելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես դա պնդում է Ադրբեջանը: Ինչպես արդեն նշեցի՝ Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունն այս հարցում էապես տարբերվում է Ադրբեջանից, ինչն իհարկե լավատեսության հիմքեր է տալիս առաջարկվող բանակցային հիմքի հանդեպ: Այսուհանդերձ Հայաստանը և Արցախն ի վերջո պետք է պայմանավորվեն Ադրբեջանի հետ, ուստի անհրաժեշտ է շարժվել երկիմաստությունց դեպի միասնական ընկալման ձևավորում:

Տարվա ընթացքում մենք հստակեցրել ենք մեր դիրքորոշումները, վերջին անգամ Բրատիսլավայում՝ դեկտեմբերի 5-ին: Եթե Ադրբեջանը փորձում է հարաբերական դարձնել ինքնորոշման իրավունքի կամ ուժի չկիրառման սկզբունքի իրականացումը, ապա հարաբերական է դառնում երրորդ սկզբունքը և ի վերջո շարունակում է գոյատևել այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք: Հայաստանի և Արցախի՝ միասնական հայ ժողովրդի անվտանգությունը պահանջում է հակամարտության կարգավորման կանխատեսելի միջավայր և սցենար: Այն մոտեցումը, որ հակամարտության կարգավորումը կոչված է բավարարել միայն մեկ կողմի առավելագույն պահանջները և կարիքները՝ փակուղային է և այդ մոտեցման հետևանքով է, որ չնայած հայկական կողմի և համանախագահների ջանքերին՝ վերջին 25 տարում հնարավոր չի լինում կարգավորել հակամարտությունը:

Կարծում եմ՝ առարկայական քննարկումների նպատակը նախևառաջ պետք է լինի հակամարտության կարգավորման համաձայնեցված սկզբունքների հաստատումը ոչ միայն սկզբունքների անվանումներով, այլև բովանդակությամբ: Բայց հարկ եմ համարում նաև նշել, որ 1986-87 թվականների ստատու քվոյին կամ դրա որևէ մոդեֆիկացիայի վերադառնալը որպես հակամարտության կարգավորման ձգտում ներկայացնելու փորձերն անտեղի են և չեն բխում հակամարտության էությունից ու բովանդակությունից:

Հարգելի գործընկերներ,

Մեր կառավարությունը հենց ամենասկզբից Արցախի հարցի կարգավորման առումով որդեգրել է կառուցողական դիրքորոշում և գոհունակությամբ պետք է նշեմ, որ սա արձանագրվում է նաև միջազգային մեր գործընկերների կողմից: Արցախի հարցի կարգավորման հայեցակարգային մակարդակում մենք առաջարկել ենք շատ պարզ, տրամաբանական և հասկանալի սկզբունք: Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս սկզբունքը հայտարարելով՝ ես հույս ունեի, որ Ադրբեջանի նախագահը հանդես կգա համանման հայտարարությամբ, ինչը բանակցային գործընթացում էական առաջընթաց ապահովելու մեծ հնարավորություններ կբացի: Ցավոք, սակայն, մենք մինչև օրս Ադրբեջանի ղեկավարի կողմից նման հայտարարություն չենք լսել և կարծում եմ՝ հակամարտության կարգավորմամբ շահգրգիռ բոլոր միջազգային կառույցներն ու գործընկերներն իրենց առաջ խնդիր պիտի դնեն քաջալերել Ադրբեջանի նախագահին՝ հանդես գալ նման հայտարարությամբ, համաձայնվել հասկանալի և տրամաբանական բանաձևի հետ, որովհետև այն ընկալումը, թե հակամարտության կարգավորման սցենարը պետք է բավարարի կողմերից մեկի պատկերացումները և արհամարհի մյուս երկու կողմերի պատկերացումները, բանակցային գործընթացում տեղապտույտ են ստեղծելու: Առավել ևս կարծում եմ, որ բոլորն են հասկացել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նման փորձերն աղետալի հետևանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ որ, ինչպես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք վերջին տարիների համար աննախադեպ քանակի և որակի զենք և ռազմամթերք ենք ձեռք բերել, Զինված ուժերում իրականացրել ենք և իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք էլ ավելի բարձր մակարդակի են հասցնում մեր բանակի մարտունակությունը:

Հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ այս գործողությունները մենք իրականացնում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, արձանագրելու, որ ուժի դիրքերից Հայաստանի, Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի հետ խոսելու բոլոր փորձերն անիմաստ են: Եվ այս առումով Հայաստանն իրականացրել և իրականացնում է ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարում, այլև պիտի ավելի մեծ դերակատարում ունենա որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավոր:

Շնորհակալություն»:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան-

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների հարգարժան անդամներ,

Մենք միշտ կարևոր ենք համարել և եղել ենք այն գաղափարի կողմնակիցը, որ անհրաժեշտության դեպքում, իսկ այդպիսի դեպքեր եղել են բազմիցս, համազգային խնդիրները քննարկվեն հայկական երկու հանրապետությունների ղեկավարների կողմից համատեղ: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ հայրենիքի երկու անբաժան հատվածներն են և մենք ունենք միասնական նպատակներ ու միանման տեսլական կարևորագույն հարցերի լուծման առնչությամբ: Եվ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանի քննարկել մեր առջև ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ և ընդունել հիմնավորված որոշումներ: Կարծում եմ, որ նման ձևաչափով քննարկումները կլինեն մշտական և կդառնան մեր ազգային օրակարգում ընդգրկված հարցերի դիտարկման հիմնական հարթակներից մեկը:

Իսկ հիմա կուզենայի անդրադառնալ որոշ հարցերի, որոնք բնութագրում են այն սերտ փոխգործակցության իրական աստիճանը, որ առկա է մեր երկու հայկական հանրապետությունների միջև: Արցախի Հանրապետության գոյության ողջ ժամանակահատվածում, ինչպես պատերազմական տարիներին, այնպես էլ խաղաղ պայմաններում, մենք միշտ զգացել ենք Հայաստանի գործուն աջակցությունը: Այսօր էլ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը: Եվ մեր առջև ծառացած կարևորագույն հրամայականներից մեկը հանդիսանում է ներհայկական միասնականության շարունակական խորացումն ու ընդլայնումը: Բնական է, որ առաջնային խնդիրներից եղել և մնում է Արցախի անվտանգության ապահովումը: Մենք միասին իրականացնում ենք մեծածավալ աշխատանքներ մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, զինծառայողների սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Եվ այն, որ բանակաշինությանն առնչվող որոշ հարցեր այսօր ընդգրկված են անվտանգության խորհուրդների համատեղ նիստի օրակարգում՝ դրա վառ ապացույցն է:

Մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովումը, որը պահանջում է ամենօրյա քրտնաջան ու նպատակասլաց աշխատանք, նպաստում է տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև ռազմաքաղաքական հավասարակշռվածության արդյունավետ պահպանմանը: Անվտանգության հարցերն առանցքային են նաև Արցախի սոցիալտնտեսական զարգացման հայեցակարգում, ինչը միանգամայն բնական է, հաշվի առնելով Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները և մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական յուրահատկությունը:

Այս տեսանկյունից, Արցախի Հանրապետության համար հատուկ կարևորություն ունի մի շարք ոլորտներում անվտանգության բարձր աստիճանի և ինքնաբավության ապահովումը: Այդ գերխնդիրների շարքին է դասվում պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, որտեղ ունենք տեսանելի առաջընթաց: 2019 թվականին արտադրվել է 112 հազար տոննա հացահատիկ, ինչը մեր ներքին պահանջարկը գերազանցում է 2 անգամ: 2017 թվականից պահպանվում է նաև էներգետիկ ինքնաբավությունը և Արցախը հանդիսանում է էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Սրանք այն առաջնային ոլորտներն են, որտեղ ինքնաբավությունը պետք է լինի բացարձակ՝ առավել ևս ճգնաժամային իրավիճակներում, և դրան մենք հասել ենք միասին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք համատեղ ջանքերի շնորհիվ:

Մյուս կարևորագույն խնդիրն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Դուք քաջատեղյակ եք հակամարտության կարգավորման գործընթացին, և դրա շուրջ ծավալվող զարգացումներին, ինչը տարբեր հարթակներում լուրջ քննարկումների և երբեմն նաև շահարկումների առիթ է դառնում: Ինչ-որ տեղ դա բնական է, քանի որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ միայն վճռորոշ գործոն է Հայոց պետականության և հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, այլ նաև տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ ուզում եմ մեկ անգամ ևս կանգ առնել հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք կետերի վրա: Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ: Մենք կողմակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությանը: Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երևանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ: Իհարկե, մենք իրատես ենք և հասկանում ենք, որ լիրարժեք ձևաչափի վերականգնումը բարդ ու ժամանակատար գործընթաց է: Հայոց դիվանագիտության կարևորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի և սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները: Այս ամենը լավ գիտակցում է նաև մեր հակառակորդը՝ դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների: Այդ շարքին են դասվում, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկումը և չդադարող քայլերն այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ: Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձևաչափի վերականգնումը և զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ: Բնական է, որ այդ բոլոր փորձերը մենք պետք է չեզոքացնենք՝ փոխադարձաբար իրար լրացնելով և անելիքները ճիշտ բաշխելով: Դիվանագիտական ճակատում և բանակցություններում մեր հաջողությունների հիմնական գրավականներից է ուժեղ և մարտունակ զինված ուժերի առկայությունը, մեր ռազմավարական գործընկերների հետ բարեկամական կապերի ընդլայնումն ու խորացումը, փոխլրացման արտաքին քաղաքականության վարումը:

Ինչ վերաբերում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով: Կարգավորման որևէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը և նրա բնականոն կենսագործունեությունը: Սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն և այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն: Այս ամենից է մեծապես կախված և՛ Արցախի, և՛ Հայաստանի հուսալի ու կանխատեսելի ապագան:

Հարգելի ներկաներ,

օգտվելով առիթից, կուզենայի նաև հակիճ անդրադառնալ Արցախի սոցիալտնտեսական իրավիճակին: Ընթացիկ տարում Արցախի տնտեսությունը պահպանել է իր զարգացման դինամիկան: Ըստ կանխատեսումների՝ 2019 թվականին համախառն ներքին արդյունքի աճը կկազմի ավելի քան 9 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կլինի մոտ 341 մլրդ դրամ: 2020 թվականին նախատեսվում է, որ ՀՆԱ-ի ծավալը կգերազանցի 375 լրդ դրամը: Ընդհանուր առմամբ, տնտեսության հիմնական ճյուղերում պահպանվել են կայուն զարգացման տեմպերը: Բնական է՝ կան նաև շատ անելիքներ: Նախատեսվում է մի շարք մեծածավալ ծրագրերի իրականացնել բնակարանաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում: Որոշ նախագծեր բավականին հավակնոտ են, բայց հուսով ենք, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի տնտեսական զարգացման կարևորագույն երաշխավորներից է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, նրա մշտական և գործուն աջակցությունը:

Հարգելի ներկաներ,

կուզենայի նաև անդրադառնալ Արցախի ներկա ներքաղաքական իրավիճակին: Դուք գիտեք, որ 2020 թվականին մեզ մոտ տեղի են ունենալու հերթական նախագահական և խորդհրդարանական ընտրությունները, ընտրվելու են Հանրապետության նոր նախագահ և Ազգային ժողով: Այս բոլոր գործընթացների հիմքում պետք է լինի այն գաղափարը, որ ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի և սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որի համար նա տասնամյակներ շարունակ պայքարում է: Ամեն ինչ կարվի, որպեսզի գալիք ընտրությունները ևս անցնեն արդար, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, կայունության և հանդուրժողականության մթնոլորտում, օրենքի տառին ու ոգուն համահունչ:

Ողջունելի է Հայաստանի պատրաստակամությունը գործուն աջակցություն ցուցաբերել այս ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու, տարբեր երկրներից դիտորդական առաքելություններ ներգրավելու հարցում: Դա լավ առիթ է նաև Արցախը, որպես ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու և ճանաչելի դարձնելու համար:

Հարգելի ներկաներ,

այսպիսին են այն հարցերը, որոնց վրա անհրաժեշտ եմ համարել հրավիրել այսօրվա նիստի մասնակիցների ուշադրությունը: Դրա հետ մեկտեղ ուզում եմ վստահություն հայտնել, որ մեր սերտ փոխգործակցությունը հանդիսանում է կարևորագույն գործոն առաջադրված բոլոր խնդիրների լուծման համար: Համոզված եմ, որ մենք համատեղ ուժերով կյանքի կկոչենք բոլոր ծրագրերը, կապահովենք մեր հայրենիքի դինամիկ և բնականոն առաջընթացը:

Շնորհակալություն»:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան-

«Մեծարգո պարոն վարչապետ,

Մեծարգո պարոն նախագահ,

Ազգային ժողովի պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ

Նախևառաջ ուզում եմ ասել՝ շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս նիստին, որովհետև շատ բարձր եմ գնահատում երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների և ընդհանրապես շատ սերտ համագործակցությունը: Ուզում եմ ողջունել Անվտանգության խորհուրդի աշխատանքը, պարոն վարչապետ, Ձեր և Անվտանգության խորհուրդի քարտուղարի՝ պարոն Գրիգորյանի: Ձեր աշխատանքի մասին, իհարկե, դատում եմ ըստ տեղեկատվության, որ ստանում եմ Ձեզնից և վերլուծական աշխատանքից, և կարող եմ ասել՝ բավական հետաքրքիր և բարձր որակ ունի, այնպես որ շնորհավորում եմ, պարոն Գրիգորյան:

Իհարկե, այն հարցը, որ պարոն վարչապետը և պարոն նախագահը բարձրացրեցին, մեր ողջ ժողովրդի համար ունի հսկայական նշանակություն՝ սկսած մեր երկու հանրապետությունների և ընդհանրապես մեր ժողովրդի ազգային անվտանգության խնդիրներից: Առաջնահերթությունների մասին այստեղ խոսվեցին, ես վերջից սկսեմ, պարոն նախագահ, Դուք էլ կրկնեցիք, և կարծում եմ՝ սա մեզնից յուրաքանչյուրի համար շատ էական է, եթե Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները շատ մեծ կարևորություն ունեն, ապա Արցախի Հանրապետությունում ապագա ընտրությունները, կարող եմ ասել՝ կրկնակի կամ եռակի արժեք ունեն մեր ողջ ժողովրդի համար, որովհետև այդ ընտրությունների թափանցիկ, արդար լինելը հսկայական քաղաքական գործիք է մեր բոլորի համար:

Եվ, իհարկե, քաջալերում եմ նաև, որպեսզի այսպիսի համատեղ նիստերը հաճախ տեղի ունենան և գուցե ավելի ընդլայնված կազմով, պարոն վարչապետ, որովհետև մեր ազգային անվտանգության խնդիրները չեն սկսվում և չեն ավարտվում, իհարկե, ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ նաև արցախյան հիմնահարցի լուծման շրջանակում: Դրանք շատ ավելի լայն են, Դուք ինքներդ նշեցիք, և ասենք՝ մթերքների անվտանգության խնդիրը, կիբերանվտանգության, նոր տեխնոլոգիաների, երկրի տնտեսական զարգացման հետ կապված խնդիրները: Ողջունում եմ ձեզ բոլորիդ, հաջողություններ եմ մաղթում ձեր այսօրվա և ընդհանրապես առօրյա աշխատանքում: Արցախին էլ մաղթում եմ արդար, թափանցիկ ընտրություններ, որոնք օրինակ կծառայեն բոլորի համար՝ նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամներն են և նաև նույնիսկ նրանց համար, որոնք մեր երկու հանրապետությունների բարեկամները չեն:

Շնորհակալ եմ, հաջողություն եմ մաղթում բոլորիս»:


 

← Վերադառնալ