Մամլո հաղորդագրություններ

«Մենք կոռուպցիան արմատախիլ ենք անելու, և մեր այս կամքին թող որևէ մեկը չկասկածի». վարչապետն անդրադարձել է կոռուպցիոն բացահայտումներին

06.02.2020

ևս 7 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը: «Երեկ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Ուզում եմ ասել, որ սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է: Տխուր է, որովհետև Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, զինանշանի ներքո և Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար: Վիրավորական է, որ Հայաստանի Հանրապետության դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ՝ վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5000 դոլար կաշառք և վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ: Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, և սա վիրավորանք է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հասցեին, և սա վիրավորանք է 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների հասցեին: Եվ ես չգիտեմ, թե ինչպես կհնչի իմ հայտարարությունը, բայց կարծում եմ, որ նման վիրավորանք հասցրած անձը, անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության:

Ուրախ իրադարձություն է այն առումով, որ եթե Հայաստանի Հանրապետությունում կար որևէ մեկը, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու մեր կամքին և վճռականությանը, հույս ունեմ՝ այդ մարդիկ հասկացան, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան նրանք կարող են պատկերացնել: Եվ եթե կան այս հարցում կոնկրետ իմ վճռականությանը կասկածող մարդիկ, ես խոստանում եմ, որ մենք այդ մարդկանց հետևից անպայմանորեն և անխուսափելիորեն գնալու ենք»,-ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն անդրադարձել է նաև այս գիշեր Բավրայի մաքսատանը բացահայտված մաքսանենգության խոշոր դեպքին, որում ներգրավված են Մաքսային ծառայության մի շարք աշխատողներ. «Այդ մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ներկրելու ապրանքներ՝ առանց որևէ մաքսային ձևակերպման: Այսինքն՝ մեքենաները եկել ուղղակի անցել են մաքսային սահմանով: Այստեղ իմ արձագանքը նորից նույնն է՝ ես զարմանում եմ այդ մարդկանց և նրանց տրամաբանության վրա, որովհետև տպավորություն է, թե այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում հեռուստացույց չեն դիտում, սոցիալական ցանցերին չեն հետևում, լուրերին ընդհանրապես չեն հետևում: Եթե որևէ մեկին թվում է, թե մենք այստեղ հրապարակային տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, իսկ աշխատասենյակներում անում ենք բոլորովին ուրիշ բան՝ այդ մարդիկ ուղղակի չարաչար սխալվում են: Եվ ուզում եմ կրկնել, որ մենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից, և մեր այս կամքին թող որևէ մեկը չկասկածի: Բոլոր նրանք, ովքեր կկասկածեն, կարծում եմ՝ կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները»:

Քայլեր են ձեռնարկվում հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումն ապահովելու համար

Գործադիրը լրացումներ է կատարել 2018 թ. հուլիսի 19-ի «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար: Սպանդանոցային ցանցն ընդլայնելու նպատակով նախատեսվում է պետական օժանդակություն տրամադրել տնտեսավարողներին: Ըստ այդմ՝ լրացումների արդյունքում կավելանան ծրագրից օգտվող սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուների քանակը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ նախատեսվում է երեք տիպի գործունեության ֆինանսավորում՝ շարժական սպանդանոցների, մոդուլային սպանդանոցների կառուցման, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսի տեղափոխման տրանսպորտային միջոցների: «Կառավարության աջակցության նաև այս երեք գործիքների համադրությամբ մենք կարծում ենք՝ մեծամասամբ ծածկում ենք այն անհրաժեշտությունը, որ կազմակերպությունները կարող են ունենալ իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար»,-ասել է նախարարը: Տիգրան Խաչատրյանը հայտնել է նաև, որ տվյալ գործունեության զբաղվելու ցանկություն ունեցող տնտեսվարողներին համար ձևավորել են կողմնորոշիչ քարտեզներ, թե Հայաստանում հաջորդ վեց ամիսների ընթացքում որտեղ կարող է սպանդանոցներ ունենալու պահանջ առաջանալ: «Սա ավելի շատ իրազեկելու նպատակ ունի, որպեսզի կարողանան փաստացի գործող և ներկայում կառուցման ընթացքում գտնվող սպանդանոցների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալ և կայացնել ներդրում անելու որոշումներ»,-նշել է նախարարը և հավելել, որ հանրապետությունում ներկայում գործում է 38 սպանդանոց, կառուցվում է ևս 24-ը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ոլորտին վերաբերող՝ գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրին: «Այդ պիլոտային ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ՝ վաղ ցրտահարության դեպքերից ապահովագրություն, հրդեհից ապահովագրություն, կարկուտի ապահովագրություն: Փետրվարի 15-ին լրանում է վաղ ցրտահարության դեպքերի ապահովագրության ժամկետը, և ուզում եմ հիշեցնել, որ գյուղացու ֆինանսական ծախսերի առնվազն 50 տոկոսը հոգում է պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ փոխհատուցվելու է 60 տոկոսով: Խնդիրն այն է, որ այսօր փետրվարի 6 է և այս պահի դրությամբ ապահովագրական պոլիսների գնման մակարդակն այնքան էլ բարձր չէ: Եվ մենք ուզում ենք, մեր սիրելի գյուղատնտեսական տնտեսություններին կոչ անել, որպեսզի օգտվեն այս հնարավորություններից: Նախորդ տարիներին դեպքեր են եղել, երբ կարկտահարությունից և այլ բնական երևույթներից տուժած գյուղացիներին, ինչ-որ այսպես ասած սփոփիչ աջակցություն է ցուցաբերվել կառավարության կողմից: Սփոփիչ, որովհետև դա ամբողջ ծախսն ի վերջո չի փակել: Եվ ուզում եմ արձանագրել, որ կայացված է քաղաքական որոշում, որ այն գումարը, որ մենք պետք է տանք գյուղացիներին հետագայում, տեղի ունեցածից հետո, որպես աջակցություն, մենք հիմա այդ գումարը, դեռ մի բան էլ ավելին, երևի շատ ավելին, մենք այսօր ներդնում ենք ապահովագրության մեջ, այսինքն՝ գյուղացիական տնտեսությունների ապահովագրության մեջ: Մենք այսօր ենք գյուղացիներին աջակցում, որպեսզի նրանք ձեռք բերեն ապահովագրական պոլիսներ: Ինչը նշանակում է, որ հանկարծ գյուղացին այդ հնարավորությունից չօգտվեց, հետագայում այդ տարածքների, այն մարզերի համար, որտեղ այդ հնարավորությունը կա, կառավարությունն այևս չի կարող որոշում կայացնել, որպեսզի աջակցի գյուղացիներին, որովհետև աջակցության մեթոդը, ձևն արդեն որոշված է: Եվ ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել, որպեսզի նրանք օգտվեն այս հնարավորությունից: Ժամկետներ կան, մինչև փետրվարի 15-ը՝ վաղ ցրտահարության, մարտի 25-ը՝ կարկուտի և հրդեհը՝ անժամկետ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս տարի պիլոտային ծրագիրը գործում է 6 մարզում՝ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորում և Տավուշում:


Օրենսդրական նախաձեռնություններ. կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունման արդյունքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան: «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Տավուշի մարզի Իջևան համայնքային փնջերում: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում՝ նախատեսվում է այդ համայնքներում 2020 թ. հունիսի 14-ին անցկացնել համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ:

Հիմնավորման համաձայն՝ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 52 ծրագիր, ինչի արդյունքում 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 52 համայնք: Օրինագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը. ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո՝ Լերմոնտովո, Անտառաշեն (թվով 2), ՀՀ Տավուշի մարզի Իջևան՝ Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն (թվով 19): Առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 21 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 2 համայնք: Տավուշի մարզում համայնքների միավորման գործընթացը կավարտվի:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ճիշտ կառավարման և վարչատարածքային ճիշտ բարեփոխում իրականացնելու պարագայում խոշորացված համայնքները մի քանի անգամ ավելի արդյունավետ են. «Նրանց իրավասության տիրույթում գտնվող ֆինանսական միջոցներն օգտագործվում են շատ ավելի արդյունավետ և բնականաբար դրանից շահում է համայնքը և համայքնի բնակիչը»:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև այն գործընթացը, որը տեղի է ունենում այն դեպքում, երբ համայնքը չի ցանկանում միավորվել: «Ձևավորվում է նախաձեռնող խումբ, որն իրականացնում է ստորագրահավաք: Համայնքի ընտրողների 20 տոկոսի ստորագրությունն ունենալու պարագայում դիմում է համայնքապետարան: Համայնքապետարանը, եթե ի վիճակի է ֆինանսապես իրականացելու հանրաքվե, ապա դիմում է համապատասխան մարմիններին և անցկացվում է հանրաքվե: Եթե հանրաքվեի արդյունքում ընտրողների 50 տոկոսից ավելին կողմ է արտահայտվում առաջադրված հարցմանը, ապա այդ պարագայում մեզ համար ակնհայտ է դառնում տվյալ համայնքի դիրքորոշումը: Սա է այն հնարավորությունը, որը մենք ստեղծել ենք և որը համապատասխանում է քաղաքական այն հայտարարություններին, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք: Միևույն ժամանակ ես կոչ եմ անում հանրությանն այս գործընթացին վերաբերվել ինչպես ՀՀ պատասխանատու, իր համայնքի համար պատասխանատու քաղաքացի, չառաջնորդվել նեղ, անձնական, ազգակցական, կլանային շահերով, այլ առաջնորդվել համայնքի և պետության շահերով»,-ընդգծել է նախարարը :

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համայնքների խոշորացման հարցին, նշել է. «Այս գործընթացը կանգնել էր ոչ միայն ուսումնասիրությունների, այլև այն պատճառով, որ մենք հստակ հայտարարել էինք՝ առանց համայնքի բնակիչների համաձայնության, խոշորացումը տեղի չի ունենալու: Եվ մենք խոսել էինք տեղական հանրաքվեի ինստիտուտի ուժեղացման մասին: Քաղաքական այս թեզն իրագործելուն նվիրված քննարկումների արդյունքում, առաջացավ այսպիսի մի հարց. քանի որ հանրաքվե անցկացնելը որոշակի բեռ է համայնքային բյուջեի վրա, հարց առաջացավ, իսկ ինչո՞ւ ենք մենք պարտադրում հանրաքվե, եթե կարող է լինել դեպք, երբ առարկություն չկա խոշորացման վերաբերյալ: Այսինքն՝ կստացվեր, որ նույնիսկ այն դեպքերում, երբ առարկություն չկա, մենք, համայնքին պարտադրում ենք սեփական միջոցները ծախսել հարցի ակնհայտ պատասխան ստանալու վրա: Եվ հետևաբար մենք որոշեցինք չգնալ այս ճանապարհով, այլ գնալ մի փոքր այլ ճանապարհով: Երբ մենք հայտարարում ենք խոշորացման վերաբերյալ կառավարության մտադրության մասին, հայտարարում ենք համայնքների փունջը և այն համայնքում՝ նախկին համայնքում, ապագա բնակավայրում, որտեղ կա առարկություն, այդ համայնքում կարող են քաղաքացիներն իրենք նախաձեռնել հանրաքվե: Եվ երբ հանրաքվեն նախաձեռնվում է և դե յուրե արձանագրվում է, որ համայնքը, համայնքի մեծամասնությունը դեմ է խոշորացմանը, այդ պարագայում արդեն մենք այդ կարծիքը հաշվի ենք առնում, և ինչպես ասել ենք՝ նման պարագայում ձեռնպահ կմնանք խոշորացումից»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ խոշորացման արդյունքում գյուղը, համայնքը չի վերանում։ «Ինչպես կա մարզ, քաղաք, գյուղ, այնպես էլ խոշորացվածի պարագայում կա համայնք և կա բնակավայր: Եվ խոշորացվող գյուղերն արդյունքում դառնում են բնակավայր: Իսկ փոխարենը մենք տեսնում ենք, որ նաև համայնքի զարգացման տրամաբանության տեսակետից խոշորացված համայքներն ունեն բյուջե և հետևաբար այդ բյուջեն ունենալու բերումով ավելի մեծ աջակցություն են ստանում կառավարությունից: Միայն 2019թ. ընթացքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով 24 միավորված համայնքներին տրամադրվել է գյուղատնտեսական և այլ տեխնիկա՝ 1.2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

Այս տարի մենք մոտավորապես 16 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացնում: Սուբվենցիոն ծրագիրն ի՞նչ է: Սուբվենցիոն ծրագիրը կառուցվող ճանապարհ է, լուսավորություն է, ջրագիծ է, մանկապարտեզ է, մշակույթի տուն է և այլն: Եվ այդ ծրագրերի ճնշող, գերակշիռ մեծամասնությունն իրականացվում է խոշորացված համայնքներում, որովհետև սուբվենցիոն ծրագիրը, մեր պատկերացմամբ, տարածքային զարգացման հիմնական գործիքն է: Ինչո՞ւ, որովհետև այդտեղ ջանք պետք է գործադրի նաև համայնքը, ջանք պետք է գործադրի նաև կառավարությունը: Մենք ասում ենք՝ սիրելի համայնք, բերեք ձեր զարգացման բովանդակային ծրագրերը, ապահովեք դրա ֆինանսավորման 40 տոկոսը, և մենք կապահովենք այդ ծրագրի ֆինանսավորման 60 տոկոսը, որոշ դեպքերում նույնիսկ ավելի մեծ տոկոս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ դա զարգացման շատ կոնկրետ մոդել է, շատ կոնկրետ տեսլական:

«Այն դեպքերում, երբ համայնքը դեմ է խոշորացմանը, թող նախաձեռնեն հանրաքվե, օրենքով սահմանված կարգով դե յուրե արձանագրեն բնակչության մեծամասնության դեմ լինելը, ընտրողների մեծամասնության դեմ լինելը, և համայնքի խոշորացումը տեղի չի ունենա: Սա է մեր մոտեցումը, ինչը, կարծում եմ, արդար է, համապատասխանում է մեր ստանձնած պարտավորություններին, համապատասխանում է համայնքների և Հայաստանի Հանրապետության շահերին: Բայց մեր կոչն այն է, որ այդ տեղային հայրենասիրության տրամաբանությունից դուրս գանք, որովհետև ժամանակակից չափանիշներով, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում այսօր միջինից մի քիչ մեծ քաղաքի թվով բնակչություն է ապրում: Եվ եթե մենք այսպես մարզ-մարզ, գյուղ-գյուղ առանձին ինքնություն ձևակերպելու պրոցես սկսենք, մեզ ոչ մի լավ բան ապագայում չի սպասվում»-ասել է վարչապետը:

Հավանության է արժանացել նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա լրացուցիչ համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը, կադրերի արտահոսքի կանխմանը և այլն: Հիմնավորման համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելը բխում է հանրային շահերից և նպատակ ունի նպաստելու Հանրային հեռուստաընկերության կողմից իր սահմանադրական առաքելության պատշաճ իրականացմանը, այն է՝ տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովումը: Նախագծով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Դրանից բացի, Հանրային հեռուստաընկերությունը պահպանում է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը: Կարգավորվել են նաև սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ սոցիալական գովազդը, կախված եթերաժամից, կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով:

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Կառավարությունը բավարարել է ներդրումային ծրագրի շրջանակում «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու վերաբերյալ հայտը: Ընկերությունը 2008 թ.-ից գործում է Գյումրիում՝ նկուղային սահմանափակ հնարավորություններ ունեցող արտադրամասում, զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ: Ներկայումս ընկերությունն իր 25 մ2 արտադրամասից տեղափոխվել է առավել մեծ` 716 մ2 տարածք ունեցող նոր արտադրամաս: Ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 91 մլն դրամի չափով ներդրում (որից 21 մլն դրամի ներդրում արդեն իրականացվել է) արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար։ Արդյունքում՝ երեք տարվա ընթացքում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով:

Տնտեսվարողներին տրամադրվող արտոնություններին վերաբերող հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աշխատանքային քննարկման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի բարձրացրած խնդրին: «Ես կարծում եմ այն շատ հիմնավոր է: Տեսեք ինչումն է խնդիրը. մեր երկրում կան ձեռնարկություններ, որոնց մենք հումքի ներկրման համար տալիս ենք մաքսային և հարկային արտոնություններ: Այսինքն՝ տրվում է արտոնություն, որ ինքը հումքը ներկրի, Հայաստանի Հանրապետությունում իրականացնի արտադրական գործունեություն և, համապատասխանաբանար, իր գործունեությամբ ստեղծի ավելացված արժեք: Բայց Պետական եկամուտների կոմիտեի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան այս արտոնություններից օգտվող ընկերություններ, որոնց շրջանառության մեջ հենց այս արտոնյալ հումքի վաճառքն ուրիշ ընկերություններին ավելի մեծ ծավալներ է ապահովում, դրամաշրջանառություն և գործունեություն, քան արտադրանքի ծավալը: Այսինքն՝ ստացվում է, որ մենք այսպիսի որոշմամբ շուկայում ստեղծում ենք հումքի վաճառքի արտոնյալ ընկերություններ, որոնք բնականաբար կարող են իրենց այս գործողությունների արդյունքում ունենալ մենաշնորհային որոշակի առավելություններ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցի առնչությամբ կառավարության նիստի մասնակիցները հանդես են եկել մի շարք դիտարկումներով: Մասնավորապես, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ այդ ընկերությունների գործունեության նկատմամբ հսկողությունը հասցեական և պատշաճ իրականացնելու համար առկա գործիքակազմը բավարար չէ և անհրաժեշտ են փոփոխություններ՝ գործող իրավական ակտերում:

Վարչապետը հանձնարարել է բարձրացված հարցի լուծումը գտնելու համար կազմակերպել միջգերատեսչական քննարկումներ:


 

← Վերադառնալ