Մամլո հաղորդագրություններ

ԵԽ-ն աջակցում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին. Վարչապետը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

15.02.2020

ևս 1 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

Վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը և նշել, որ այն լավ առիթ է քննարկելու ընթացիկ հարցերն ու խնդիրները: «Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների լայնածավալ գործընթացում, որն արագացավ հատկապես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Շուտով պարզ դարձավ, որ մեր երկրի սահմանադրական համակարգը գրավված էր հեղափոխությունից առաջ. ավելին, այն ականապատված էր: Եվ հիմա մենք ջանքեր ենք գործադրում ականազերծելու ժողովրդավարությունը և դատական համակարգը Հայաստանում: Ես ուրախ եմ ընթացիկ զարգացումների վերաբերյալ Ձեզ իրազեկելու այս հնարավորության համար, քանի որ վերջերս մենք որոշեցինք հանրաքվե անցկացնել Սահմանադրական դատարանի վերաբերյալ: Ուրախ եմ տեղեկացնել, թե ինչ և ինչու է  կատարվում, և թե ինչ կլինի հետո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է. «Պարոն Վարչապետ, շնորհակալ եմ այս հնարավորության համար, որը, ինչպես Դուք նշեցիք, շատ կարևոր է ընթացող զարգացումների մասին տեղեկացված լինելու առումով: Հիշեցնեմ, որ մենք արդեն սկսել ենք Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև ինտենսիվ համագործակցությունն անցյալ տարվա մայիսին Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի աշխատանքային խմբի այցից հետո: Ես գիտեմ, որ Դուք ինքներդ եք խնդրել Եվրախորհրդին՝ ներգրավվել այս գործընթացում: Եվ Եվրախորհուրդն սկսեց ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում: Կան մի շարք մտահոգություններ, և հետաքրքիր կլինի Ձեզնից լսել, թե ինչպես եք տեսնում հետագա զարգացումները և թե մենք ինչպես կարող ենք շարունակել օգնել Ձեր երկրին»:

Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում` դատաիրավական ոլորտում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող վարկանիշային աղյուսակներում մեր երկիրը նախորդ տարի գրանցել է մեծ առաջընթաց: ՀՀ կառավարության ղեկավարը մանրամասն խոսել է Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեի հանգամանքների մասին:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Եվրոպայի խորհրդի լիարժեք աջակցությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, այդ թվում` դատաիրավական ոլորտում և նշել, որ կշարունակեն քննարկումները ՀՀ կառավարության հետ այդ ուղղությամբ համագործակցության շուրջ:

 

← Վերադառնալ