Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն ակնկալում է, որ համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թվականին ՀՆԱ-ի աճի ավելի մեծ ցուցանիշ կարձանագրվի

20.02.2020

ևս 9 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած արդյունքները, որոնց համաձայն՝ 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս, բացարձակ թվով այն կազմել է 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ:

Անդրադառնալով հրապարակված ցուցանիշին կառավարության ղեկավարը նշել է. «Կարող ենք արձանագրել, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք արձանագրել 2019 թվականին, ինչի կապակցությամբ բոլորիս շնորհավորում եմ: Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թվականին ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք»:

Միջազգային համագործակցություն. աջակցություն կցուցաբերվի ՀՀ-ում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնություններին

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ծրագիրը մշակվել է 2019թ. սկզբին՝ Բարձր մակարդակի էներգաարդյունավետության նախաձեռնության շրջանակում իրականացված դոնոր կազմակերպությունների քարտեզագրման և բացերի վերլուծության, ՀԸԳՀ-ի իրականացման ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերի ցանկի հիման վրա: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնություններին: Նախատեսվում է բարձրացնել գոյություն ունեցող շենքերում, մասնավորապես՝ բազմաբնակարան բնակելի, հանրային, չգազաֆիկացված համայնքներում և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում էներգաարդյունավետության մակարդակը, ինչպես նաև նվազեցնել ջրի աղտոտումը Սևանա լճում: Միաժամանակ, ծրագրի ներքո տեխնիկական աջակցություն կտրամադրվի էներգաարդյունավետության մասով ստանդարտների իրականացման համար՝ հատուկ նպատակ ունենալով նվազեցնել թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի մասով էներգասպառումն ու ծախսերն առանձին սպառողների և պետական գերատեսչությունների համար: Էներգիայի պահանջարկի առավել կայուն աճի հանգեցնող բարելավված էներգաարդյունավետությունը կնպաստի նաև Հայաստանի էներգետիկ կախվածությանն ու էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցերի լուծմանը:

Հավանության է արժանացել «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Ծրագրով կնախատեսվեն նորարարական մեթոդներ և գործիքներ՝ համայնքի ներկայացուցիչներին առաջնահերթությունների նախանշմանը և տեղական ռազմավարությունների մշակմանն առնչվող քննարկումներին ներգրավելու համար: Միաժամանակ կձևավորվեն գործողությունների իրականացման տեղական խմբեր, կխթանվի տարբեր շահագրգիռ կողմերի, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև համագործակցությունը: Նախատեսվում է համայնքների ռազմավարությունների իրագործման գործընթացում առաջնային դերը և նախաձեռնությունը վերապահել համայնքի անդամներին։ Վերջիններս կխրախուսվեն համատեղ ջանքերով արդյունավետ լուծումներ փնտրելու, ինչպես նաև ֆինանսավորման և իրականացման ենթակա այնպիսի նախաձեռնություններ առաջարկելու համար, որոնք կնպաստեն իրենց անմիջական միջավայրի, հանրային ծառայությունների, կյանքի որակի, միջհամայնքային ենթակառուցվածքների բարելավմանը, համայնքի կողմից իրականացվող գործունեության բազմազանեցմանը և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնմանը։ Այդպիսի նախաձեռնություններն իրենց ազդեցությունը կունենան համայնքի անդամների զգալի մասի վրա՝ աշխատատեղերի ստեղծման, ծառայությունների տրամադրման կամ նրանց կենսական պայմանների բարելավման միջոցով։ Կապահովվի նաև կարողությունների զարգացում, ակտիվ ուսուցում և անհատական վերապատրաստում՝ համայնքների հաջողության և պիլոտային ծրագրի կայունության ապահովման նպատակով: Կիրականացվի նաև համայնքներում աշխատատեղերի ստեղծման և բիզնեսի զարգացման համար դրամական փոխանցումների մոբիլիզացմանն ուղղված պիլոտային ծրագիր։

Հավանություն է տրվել «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ՀԸԳՀ բարեփոխումների գործիք» ֆինանսավորման համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է օժանդակել որակի ապահովման համապատասխան ենթակառուցվածքին, ՀՀ կառավարությանը տրամադրել ռազմավարական բնույթի խորհրդատվություն և ուղղորդում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ պետական հաստատությունների ինստիտուցիոնալ, տեխնիկական և կադրային կարողությունները Թվինինգ ծրագրերի, ԵՄ բարձրաստիճան խորհրդականների ծրագրի և Երիտասարդ փորձագետների ծրագրի միջոցով: Ծրագրով նախատեսվում են նաև գործողություններ՝ ՀԸԳՀ-ի իրականացման առնչությամբ քաղաքականության մշակմանը, մոնիթորինգին և իրազեկության բարձրացմանն աջակցության ուղղությամբ: Վերջինս կնպաստի նաև ավելի մեծ թվով ոչ պետական դերակատարներին և քաղաքացիներին ոլորտային բարեփոխումների ճանապարհային քարտեզների հասանելիությանը՝ ՀԸԳՀ-ի հետ կապված բարեփոխումների մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն ու արտահայտվելու իրավունքի իրացումը դյուրացնելու համար: Ռազմավարական հաղորդակցության գործողությունների ծրագիրը կնպաստի ՀՀ կառավարության կարողությունների բարձրացմանը, հանրության իրազեկության մակարդակի բարձրացմանը, ՀԸԳՀ-ի իրականացման գործընթացի ընկալմանը և տեսանելիությանը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների շրջանում կբարձրացնի ԵՄ գործողությունների և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի տեսանելիության, ըմբռնման և դրանց նկատմամբ ցուցաբերվող աջակցության մակարդակը: Միաժամանակ, որպես բարձր տեսանելիությամբ առաջնային ծրագիր, Երևանում և Գյումրիում նախատեսվում է ստեղծել ԵՄ տներ, որոնք կլինեն բազմաֆունկցիոնալ հանգույցներ և կծառայեն Հայաստանի քաղաքացիներին՝ ուղղակի կապ հաստատելով ԵՄ-ի, դրա անդամ պետությունների հետ և նրանց գործունեության միջև, ինչպես նաև տրամադրելով մշակութային միջոցառումների, բանավեճերի, անհատական հանդիպումների, վերապատրաստման դասընթացների համար տարածք և այլն։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ համաձայնագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 65 մլն եվրո:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով էներգախնայողության թեմային, ընդգծել է. «Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մենք բոլորս մեր աշխատավայրերի, շենքերի, տների տաքացման՝ ջերմացման և հովացման համար ծախսում ենք իքս գումար: Եվ այս իքս գումարը կարող է նվազեցվել որոշակի թվով, եթե մենք լուրջ ներդրումներ անենք էներգախնայողության համար: Պատկերավոր ասած, եթե մենք բնակարանի ջեռուցման համար ծախսում ենք 1000 դրամ, ջերմախնայողության ներդրում անելու պարագայում ենթադրենք կծախսենք 700 դրամ, և օրինակ էներգակիրների հնարավոր թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենա մեր ընտանեկան կամ ընդհանրապես մեր ծախսերի, մեր բյուջեի վրա: Այս առումով, կարծում եմ, որ էներգախնայողության թեման, հատկապես մեզ համար, պետք է ունենա ռազմավարական առաջնահերթություն»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Եվրոպական միության կողմից Հայաստանի էներգախնայողությանն ուղղված աջակցությունը ծառայեցվելու է վարկերի տոկոսադրույքների զրոյացմանը, և այդ գումարը կազմում է 17 մլն եվրո:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարներին աշխատել համատեղ Կենտրոնական բանկի հետ՝ էներգախնայողությունը կառավարության համար ռազմավարական թեմա դարձնելու ուղղությամբ: «Այսինքն՝ պետք է խնդիր դնենք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, իր բնակարանի էներգետիկ կարիքները հոգալու առումով պետք է դառնա, ձգտի դառնալ մաքսիմալ արդյունավետ: Սա տնտեսական խնդիր է, սա էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության խնդիր է, և մենք այս խնդիրը պետք է լուծենք, զուգահեռ, իհարկե, այլընտրանքային էներգետիկան զարգացնելով», -ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է, որ դիտարկելու է նաև պելետներով ջեռուցում իրականացնելու խնդիրը, որը շատ եվրոպական երկրներում կիրառվում է: «Այսինքն՝ բնակարանի ջեռուցման համար չի օգտագործվում ոչ գազ, ոչ էլեկտրաէներգիա, այլ օգտագործվում են բրիկետներ, որոնց արտադրության մասին խոսել ենք»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով հանրապետությունում իրականացվող շինարարություններին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ցանկացած շինարարություն պետք է իրականացվի նախագծով, թույլտվությամբ: «Այդպես ժամանակ կար, որ ասում էին՝ մարդիկ թող տուն սարքեն և այլն, բայց հետո այդ մարդկանց կառուցած տունն իրենց բարեկեցության վրա ի՞նչ ազդեցություն է ունենում, միջավայրի վրա ի՞նչ ազդեցություն է ունենում, մտածողության վրա ի՞նչ ազդեցություն է ունենում, իհարկե, դա ոչ մեկ հետագայում չի գնահատում: Այնպես որ մենք պետք է նաև այստեղ այդ տրամաբանությունից դուրս գանք, և պետք է ցանկացած շինարարություն իրականացվի նախագծով, թույլտվությամբ և այլն», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ պարզվում է, որ Երևանում առանձնատներ, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի: «Օրինակ՝ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող, հայտնի մարդկանց առանձնատներն ամբողջությամբ ապօրինի շինարարություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաներն ի՞նչ են արել՝ ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինարարությունների օրինակացման համար, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, և այսօր, օրինակ, Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնել: Պետք է նայել այդ հարցը՝ մենք ինչ խնդիր ունենք լուծելու»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պաշտոնյաներն ամենահայտնի տեղերում, օրինակ՝ Մոնումենտում կառուցել են տներ՝ աներևակայելի չափերի. «Հիմա եկել, ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր ենք օրինականցնել, ու Երևանի քաղաքապետն ասում է՝ բոլոր իրավաբաններն ասում են, որ այո, պարտավոր ենք օրինականացնել»: Վարչապետ Փաշինյանը հորդորել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այդ խնդիրը քննարկել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար

Կառավարության պահուստային ֆոնդից 3 մլրդ 447 մլն դրամ կհատկացվի ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նախատեսվող գումարից 2 մլրդ 553 մլն դրամը կհատկացվի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեի կազմակերպման համար, 660 մլն դրամը՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հերարձակման գործընթացն ապահովելու նպատակով, 234 մլն դրամը կհատկացվի ՀՀ ոստիկանությանը՝ ընտրողների ծանուցման գործընթացն ապահովելու համար։ «Գումարի հիմնական մասը` 80-85 տոկոսը, նախատեսվում է, որ կօգտագործվի աշխատավարձերի, տեղամասերում զբաղվածներին վարձատրելու համար»,– ասել է նախարարը։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կռահում եմ, որ սրա հետ կապված էլ կլինեն բազմաթիվ շահարկումներ, քննարկումներ, ընդհանրապես, որ գումարն ինչու է ծախսվում, որ հանրաքվեի վրա գումար է ծախսվում: Նախ ես ուզում եմ ասել, որ այդ ծախսվող գումարն էլ է ներհոսելու տնտեսություն, որովհետև այդ գումարով, ի վերջո, տնտեսական գործարքներ են տեղի ունենալու: Եվ երկրորդը՝ ժողովրդի կամարտահայտությունը, ազատ կամարտահայտությունն ապահովելու համար, այո՛, պետք է ծախսվեն գումարներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որ անցած տարի տեղի ունեցան Հայաստանում, նույնպես որոշակի գումար արժեցան, և բոլոր ընտրությունները, որոնք տեղի են ունենում որոշակի գումար են արժենում: Եվ ընդհանրապես, ժողովրդավարությունը և ոչ միայն ժողովրդավարությունը, ցանկացած պետական կառավարում ենթադրում է պետական ծախսեր: Այնպես որ, այստեղ քննարկումները և շահարկումները տեղին չեն: Ես կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 միլիարդ դոլարով: Եվ ես կարծում եմ, որ այս և այս կարգի որոշումների արդյունքում մենք նոր թափ ենք տալու այդ գործընթացին»:

Վարչապետը նշել է նաև, որ հանրաքվեից հետո ավելի շատ գումարներ կվերադարձվեն պետական բյուջե: «Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում ես արել եմ հետևյալ քաղաքական հայտարարությունը. ես ասել եմ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում մենք պետք է 2,5 միլիարդի հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների համար, մասնավորապես՝ զինված ուժերի մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար: Եվ այդ 2,5 միլիարդից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով։ Հիմա հարց՝ արդյո՞ք այս պահի դրությամբ ինձ գոհացնում և բավարարում են այն ծավալները և մասշտաբները, որոնցով մենք այս խնդիրը լուծել ենք: Այո՛, աննախադեպ հաջողություններ ունենք: Մասնավորապես, այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, միայն այս տարի, քան Հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում է վերականգնվել: Իսկ Հատուկ քննչական ծառայությունը գոյություն ունի արդեն 11 տարի: Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չի կարելի չգնահատել: Բայց մյուս կողմից մեր սահմանած նշաձողերը շատ ավելի բարձր են, և մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը կպարգևատրի լավագույն ճանաչված 10 մարզիկի

Գործադիրի որոշմամբ կպարգևատրվի 2019 թվականին լավագույնը ճանաչված 10 մարզիկ. այդ նպատակով գումար կհատկացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Նախատեսվում է կազմակերպել և անցկացնել 10 լավագույն մարզիկների պարգևների հանձնման արարողություն՝ յուրաքանչյուրին հատկացնելով 5 միլիոն դրամ: Լավագույն մարզիկներն են՝ Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), Ռուբեն Ալեքսանյանը (ծանրամարտ), Արթուր Ավետիսյանը (մարմնամարզություն), Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ), Սլավիկ Գասպարյանը (hունահռոմեական ըմբշամարտ), Տիգրան Կիրակոսյանը (սամբո), Արսեն Հարությունյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ), Գոռ Մինասյանը (ծանրամարտ), Հակոբ Մկրտչյանը (ծանրամարտ): Հաշվի առնելով, որ տարին օլիմպիական է և սկսած փետրվարի 23-ից մարզիկները մասնակցելու են վարկանիշային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների, 2020 թ.-ին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ մարզիկներին ոգեշնչելու, խրախուսելու և մեծարելու համար նպատակահարմար է գտնվել կազմակերպել և անցկացնել 10 լավագույն մարզիկների պարգևատրման երեկո, որը տեղի կունենա փետրվարի 21–ին՝ ՀՀ նախագահի նստավայրում: «Մրցույթն անցկացվել է նախորդ տարի: Մրցույթի հաղթողների համար նախկինում խրախուսման միջոցներ հատկացված չեն եղել: Համատեղ քննարկման արդյունքում որոշում կայացվեց 10 լավագույն մարզիկներին խրախուսենք՝ յուրաքանչյուրին 5-ական մլն դրամով: Սա շատ հստակ ուղերձ է պրոֆեսիոնալ սպորտի ոլորտին, հատկապես օլիմպիական տարում, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզական արդյունքներին», -ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ որոշվել է ամեն տարի այս գումարն արտացոլել բյուջեում ՝ լավագույն 10 մարզիկի պարգևատրելո նպատակով:

Արայիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ բացի այդ օլիմպիական խաղերի արդյունքներով առաջին տեղ զբաղեցնողը կստանա 20 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 15 մլն դրամ, իսկ երրորդ տեղը՝ 10 մլն դրամ: «Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այս տարի մարզիկներին ամենամսյա և մինչև կյանքի վերջ տրվող թոշակի չափը կավելանա: Մասնավորապես, աշխարհի չեմպիոնների համար այդ թիվը ներկայիս 55 հազար դրամի փոխարեն կդառնա 100 հազար դրամ: Օրիմպիական չեմպիոնների թոշակը ևս կկրկնապատկվի և կդառնա 200 հազար դրամ»,- ասել է նախարարը:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ կառավարությունը սպորտի նկատմամբ ընկալումը և վերաբերմունքը պետք է փոխի: «Սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Եվ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետության մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ, ես առաջարկել եմ կետ ֆիքսենք՝ Հայաստանի Հանրապետության մինչև 2050թ. պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը և ֆուտբոլի Հայաստանի Ազգային հավաքականը, մինչև 2050թ. պետք է դառնա Աշխարհի և/կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա ոչ միայն քաղաքական և սոցիալ-հոգեբանական, այլև տնտեսական հարց է: «Երբ ես այդպիսի պնդումներ եմ անում, շատերը դա կասկածի տակ են դնում: Մի քանի օր առաջ, ես հեռուստատեսությամբ դիտում էի Արարատ 73-ի մասին մի հաղորդում՝ «Արարատ 73»-ի հաղթական շրջանի մասին ֆիլմ, և այնտեղ հետաքրքիր մի վկայության ականատես եղա: Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը, մի քննարկման և խորհրդակցության ժամանակ ասել է՝ այն օրը, երբ «Արարատը» հաղթում է, հաջորդ օրը երկրի գործարաններում արտադրողականության ծավալը մեծանում է: Այսինքն՝ այս երկու փաստերն իրար հետ ուղիղ կապ ունեն: Մենք անընդհատ խոսում ենք աշխատանքի արտադրողականության աճի մասին, իհարկե, այստեղ կա՝ կրթական կոմպոնենտ, հմտության կոմպոնենտ, բայց այստեղ կա նաև հոգեբանության և տրամադրության կոմպոնենտ: Այնպես որ, կառավարությունը չի կարող սպորտը չդիտարկել ընդհանուր երկրի ռազմավարության և երկրի զարգացման քաղաքականության համատեքստում»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ Կարեն Դեմիրճյանն այդ մասին մի քանի անգամ արտահայտվել է:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա ոչ թե մեկանգամյա, այլ երկարաժամկետ ռազմավարական որոշում է՝ օլիմպիական հավաքականին ու սպորտին աջակցելու նպատակով: Վարչապետն առաջարկել է մշակել մեթոդաբանություն ու հաշվարկել, թե օրինակ օլիմպիական չեմպիոն լինելը որքանով է ավելացնում տուրիստների հոսքը մեր երկիր: «Չկա այդպիսի մի երկիր, որի տնտեսությունը դինամիկ չի զարգանում: Տնտեսության զարգացումը պետք է բերի սպորտի զարգացում, իսկ սպորտի զարգացումն ամենալավ լակմուսն է, նշանն է, որ երկրում տնտեսությունը զարգանում է»,-նշել է կառավարության ղեկավարը:

Այլ որոշումներ. մայիսի 29-ը՝ ոչ աշխատանքային

Կառավարության որոշմամբ մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային:

Կառավարությունը հավանություն է տվել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի» կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արձանագրության վավերացումը կապահովի երկու երկրների միջև համաձայնագրի շրջանակում բուլղարական կողմից ներկայացրած հետընդունման հայցերին պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում պատասխանելու հնարավորությունը:

← Վերադառնալ