Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման հնարավորությունները
ևս 5 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման վերաբերյալ:
Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Մենք արդեն բավական երկար ժամանակ ենք այս թեմայի շուրջ աշխատում և ուսումնասիրել ենք աշխարհում գոյություն ունեցող փորձը, ավելի ճիշտ՝ մեր տարածաշրջանում: Աշխատանքային խմբեր ենք գործուղել առնվազն մի երկիր, որտեղ լայնորեն կիրառում են կենսավառելիք կենցաղային պայմաններում, մասնավորապես՝ ջեռուցման նպատակով օգտագործելու մեթոդը: Եվ այս հարցերի քննարկման համատեքստում է, որ ինձ համար գոնե զարմանալի կերպով իմացա, որ բավական տարածված պրակտիկա է նաև Եվրոպայում, այսինքն՝ զարգացած երկրներում, ընդհուպ Մեծ յոթնյակի անդամ հանդիսացող երկրներում: Պարզաբանենք, թե ինչի մասին է խոսքը՝ այն մասին, որ հիմա մեզ արդեն հայտնի ջեռուցման կաթսաները կամ այդ պարամետրերին համապատասխանող կաթսաներն օգտագործվում են ոչ թե բնական գազով կամ հեղուկ վառելիքով, այլ կենսավառելիքով: Տվյալ դեպքում կենսավառելիք ասելով նկատի ունենք բրիկետները, պելետները: Իհարկե, պելետների և բրիկետների օգտագործման այլ մեթոդներ էլ կան, և այսօր մենք կփորձենք հասկանալ, թե ինչ եզրակացությունների ենք հանգել և ինչքանով ենք հավանական համարում Հայաստանում այդ մեթոդի կիրառելիությունը: Հիմնականում մեթոդի կիրառելիություն ասելով նկատի է առնվում դրա շուկայական մրցակցությունը մինչ այժմ մեր ունեցած մյուս մեթոդների նկատմամբ: Համենայն դեպս, եթե պարզվի, որ այսօր գազով աշխատող և ջեռուցման նպատակով օգտագործվող կաթսաները կամ այդ համակարգերը կարելի է նաև այս տարբերակով օգտագործել, և դա մեր քաղաքացիների համար կլինի առնվազն նույնքան մատչելի, որքան այսօր գոյություն ունեցող տարբերակները, բավական հետաքրքիր լուր կլինի մեզ համար»:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման հեռանկարների ուսումնասիրման ուղղությամբ կատարված նախնական աշխատանքներին: Նա ներկայացրել է համեմատական վերլուծություն կենսավառելիքի՝ բրիկետային և պելետային վառելիքի արտադրության տեխնոլոգիաների, հիմնական առավելությունների, արժեք/ջերմատվություն հարաբերակցության, այլ տեսակի վառելիքի հետ համատեղելիության/փոխարինելության, արտադրության համար անհրաժեշտ հումքային պաշարների վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ կենսավառելիքի շուկայի զարգացումը կարևոր փոփոխություն կարող է լինել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքակիրթ ջեռուցման համակարգի զարգացման, ապօրինի անտառահատումների և բուսածածկ տարածքների հրդեհների նվազեցման, բնակչության ջեռուցման կարիքների ապահովման, աշխատատեղերի ստեղծման և էներգետիկ անվտանգության առումով: Նա նշել է, որ ծրագրի իրականացվելիության և ֆինանսական գնահատականի ամբողջական ուսումնասիրությունը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում:
Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել Հայաստանում բրիկետների և պելետների կիրառելիության, արտադրող-սպառող գործուն շղթայի ձևավորման հնարավորությունները, շահավետ բիզնես մոդելների տարբերակները, պետական ներգրավվածության մեխանիզմները և այլ հարցեր:
Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ հետագա անելիքների շրջանակում յուրաքանչյուրն իր մասով մշակել առաջարկությունների փաթեթ քննարկված հարցերի վերաբերյալ և ներկայացնել դրանք ծրագրի ամբողջական գնահատականի հետ մեկտեղ: