Մամլո հաղորդագրություններ

«Հայաստանում որևէ պարագայում խուճապ պետք է չլինի, և կառավարությունը պիտի դառնա նման խուճապի բացակայության երաշխավորը». վարչապետի մոտ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

02.03.2020

ևս 12 լուսանկար



 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաև աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: Նա նշել է, որ այս պահին Հայաստանում իրավիճակը երեկվա համեմատ նույնն է՝ 1 հաստատված դեպք և 31 կարանտինի մեջ գտնվող անձինք, որոնց բոլորի առողջությունը փաստացի նորմալ վիճակում է: Ընդհանուր առմամբ իրականացվել է 120 լաբորատոր հետազոտություն, որից միայն 1-ն է դրական արդյունք ունեցել: Եվս 9 թեստ այսօր է իրականացվելու, որոնց պատասխանների վերաբերյալ տեղեկատվությունը կտրվի հայտնի դառնալուն պես: Պետական սահմանի անցման կետերում ուժեղացված հսկողությունը շարունակվում է, Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են Առողջապահության նախարարության մասնագետների և Ոստիկանության ուղեկցությամբ, Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադարձը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվում է ըստ բնակության վայրի: Նախարար Թորոսյանը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում ջերմաչափումն իրականացնել նաև անհատապես

Քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող ոլորտային աշխատանքները և հետագա քայլերը: Առաջիկա անելիքների համատեքստում վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախ արձանագրենք, որ երեկվանից, բարեբախտաբար, իրադրության նեգատիվ որևէ փոփոխություն չունենք, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք: Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, և պատասխանը բացասական է: Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին, և պատախանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե, Աստված մի արասցե, հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք: Բայց եթե հաստատվեն, դա որևէ խուճապի առիթ պետք է չլինի, որովհետև էլի արձանագրենք, որ սա հաղթահարելի հիվանդություն է, և առայժմ մեր միակ ախտորոշված դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում հիմա, որովհետև ոչ մի բողոք, ախտանշան, ընդհուպ ջերմություն չունի՝ կարճ ջերմություն է ունեցել, հետո այդ ջերմությունն ինքն իրեն իջել է: Հիմա մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում ուղղակի սենյակում հեռուստացույց է նայում: «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մեր ժողովուրդը նույնպես բոլորը, որևէ մեկի մոտ ախտանշան ի հայտ չի եկել այս պահի դրությամբ, ջերմություն չունեն, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն: Երեկվա ընթացքում 3-4 կասկածելի դեպք ենք ախտորոշել, բոլորը բացասական են: Այսօր օրվա ընթացքում կհասցնենք, ըստ ամենայնի, 9 հոգուն թեստավորել: Եթե առաջին պատասխանը լինում է դրական, կրկնակի թեստավորում նույնպես արվում է, այսինքն՝ այս հարցերի վերջնական պատասխանները հանրությունը կիմանա կրկնակի թեստավորումից հետո, որպեսզի հանկարծ չճշտված տեղեկատվություն չտանք:

Հիմա այսօրվա որոշումների մասին. հաշվի առնելով համաճարակային վիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում կայացրեցինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ, մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը, և 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Իհարկե, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում և մեր հնարավորությունների սահմանում կաջակցենք Իրանի հարևան և բարեկամ ժողովրդին և կառավարությանը:

Աշխատանքային խմբի կոչն է, խնդրանքն է մեր հայրենակիցներին՝ հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Իտալիայի ուղղությամբ և նաև հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Թուրքիայի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, իհարկե, Առողջապահության նախարարությունը, Կառավարությունը, բոլորը անհրաժեշտ և հասու միջոցառումները ձեռնարկում են, բայց և՛ մասնագետների, և՛ մեր այսօրվա քննարկման ամենակարևոր եզրակացությունն այն է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ամենահուսալի միջոցը յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է: Նախ այն հայրենակիցները, ովքեր որևէ ախտանշան չունեն, կրկին կոչ եմ անում խստիվ հետևել Առողջապահության նախարարության արդեն հայտնի պաստառների վրա առաջարկվող միջոցներին, պահպանել կրկնակի և եռակի զգոնությամբ անձնական հիգիենայի կանոնները, իսկ նրանց, ում մոտ որոշակի ախտանշաններ կան, կոչ ենք անում ինքնաբուժմամբ չզբաղվել, դիմել առողջապահական հիմնարկների և սպասել պատասխաններին: Իհարկե, հիմա պարզ է, որ վերջին օրերին, երևի նաև ահազանգերի թիվն ավելացել է, բայց, բարեբախտաբար, այդ ահազանգերից ոչ մեկը մինչև այս պահը չի հաստատվել որպես կորոնավիրուսով հիվանդացության դեպք:

Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը: Այսօր արդեն աշխատանքային խումբը կպատրաստի կառավարության որոշումը, կառավարությունը հեռակա նիստով կընդունի այդ որոշումը, որպեսզի վաղվանից արդեն որոշումներն ուժի մեջ մտնեն: Գիտեք արդեն, որ որոշում է կայացվել, որ ուսումնական հաստատություններում մեկ շաբաթ արձակուրդ է, այսինքն՝ արձակուրդն առաջ է բերվում, և մենք շաբաթվա վերջ կտեսնենք՝ ինչ իրավիճակ է և, ըստ այդմ, ըստ անհրաժեշտության՝ կկայացնենք որոշումներ:

Գիտեմ, որ հարց է հնչելու, թե ինչու այլ ուղղություններով հաղորդակցությունները չենք փակում. նախ հնարավոր չէ բոլոր ուղղություններով փակել, որովհետև դա նշանակում է ընդհանրապես 100 տոկոսով մեկուսանալ: Այս պահին մենք գնահատում ենք ռիսկային ուղղությունները և առավել ինտեսիվ աշխատանք կատարում ամենառիսկային ուղղությունների մասով: Ցավոք, գործնականում կորոնավիրուսը տարածված է ամենուր, և ժամանակակից աշխարհում հաղորդակցության ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի միջոցներ գոյություն ունեն: Մենք ուղղակի, ոչ թե, ցավոք, պետք է ասենք, որ ոչ թե սրանով երաշխավորում ենք հետագա տարածումը, այդ թվում՝ հայտնվելու դեպքերը, այլ պրոցեսը դարձնում ենք հնարավորինս կառավարելի, որ կարողանանք տիրապետել իրավիճակին և շարժընթացին:

Կխստացվեն միջոցառումները այդ թվում բեռնափոխադրումների մասով: Այսօր Պետական եկամուտների կոմիտեն և Էկոնոմիկայի նախարարությունը կաշխատեն միասին, ըստ ամենայնի՝ որոշ բեռների համար կրկին կարվեն բացառություններ՝ ըստ անհրաժեշտության: Եվ մենք պետք է խնդրենք նաև, որ մեր քաղաքացիները խուսափեն բեռնափոխադրումների համար Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխվելուց և այնտեղ բեռներ ներկրելուց: Հիմա մենք կարգավորումը կառավարության որոշման մեջ կանենք այնպես, որ դա տեղի ունենա:

Սիրելի հայրենակիցներ, մենք քննարկեցինք նաև շուկայում առկա վիճակը,: Չնայած կարծես թե դա կարճատև էր, բայց պետք չէ խանութներից խուճապային գնումներ անել: Ճիշտ է, մենք ունենք որոշակի անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ, մասնավորապես, ամենակարևորը՝ դիմակների դեֆիցիտ, բայց այդ պրոբլեմը ոչ միայն մեր երկրում է, այլև ամբողջ աշխարհում: Հիմա նույնիսկ մենք ստացանք տեղեկություններ, որ կան գործարարներ, ընկերություններ, որոնք պատրաստ են ներկրել դիմակներ, բայց քանի որ աշխարհում գների բարձրացում է տեղի ունեցել, նրանք մտավախություններ ունեն, որ ներսում իրենց կմեղադրեն սպեկուլյատիվ գնագոյացման մեջ: Բայց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն աշխատում է նրանց հետ, և մենք պետք է աշխատենք, որ օբյեկտիվ գին լինի մեր շուկայում դիմակների համար, բայց մենք պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհում գները բարձրացել են, հետևաբար, նոր խմբաքանակները հայտնվելիս ենթադրում ենք որ շուկայում գնի որոշակի բարձրացում կարձանագրվի: Հաջորդը՝ անտիսեպտիկ միջոցների արտադրություն, բարեբախտաբար, Հայաստանում ունենք: Այդ բումը շաբաթ-լույս կիրակի օրը արձանագրվեց և մեր արտադրողների համար դա պարզապես անսպասելի էր: Նրանք հավաստիացրել են, որ առաջիկա օրերին ամբողջ ծավալով արտադրություն տեղի կունենա, և շուկայի պահանջարկը կբավարարեն:

Հիմնական միջազգային և հայ հանրության, մեր բոլորիս արձանագրումը - այսօր միջազգային մամուլում այդպիսի տասնյակ վերնագրեր կան - կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուժապն է: Այսինքն՝ ոչ թե կորոնավիրուսն է պրոբլեմը, այլ այն խուճապը, որ դրա անունը լսելիս մարդկանց շրջանում առաջացնում է: Հիմա դպրոցներն արձակուրդում են, եկեք արձանագրենք՝ մի շաբաթ առաջ, մի շաբաթ հետո մեծ բան չի փոխվում: Եվ եթե մեզնից յուրաքանչյուրը այս իրավիճակի արձանագրմամբ պատասխանատվությամբ է վերաբերվում իր վարքին, նշանակում է, որ Հայաստանի Հանրաապետությունը պետք է շարունակի ապրել բնականոն կյանքով՝ ուղղակի անձնական կարգապահության նկատմամբ ավելի մեծ ուշադրությունով: Եվ մեզ համար, ճիշտն ասած, ոչ այնքան հաճելի որոշ սովորություններից հրաժարվելու իսկապես լավ առիթ է, ինչպես Առողջապահության նախարարը կոչ արեց համբուրվելով բարևելու պրակտիկան կարող ենք մեր իրականությունից դուրս բերել: Ուրախալի է, որ մեր սոցիալական ցանցերում սկսել են ավելի ու ավելի շատ հումորով վերաբերվել կորոնավիրուսին: Իհարկե, հումորը՝ հումոր, բայց, մյուս կողմից, անլուրջ վերաբերվել նույնպես չի կարելի: Այո, դա հիվանդություն է, դա վտանգավոր հիվանդություն է, ինչպես բազմաթիվ վտանգավոր այլ հիվանդություններ, որոնցով մենք ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր, ամեն շաբաթ տառապում ենք և արձանագրենք, որ չենք բարձրաձայնում դրա մասին, որովհետև սովորական բան է դարձել՝ սովորական գրիպից ամեն տարի մենք մոտավորապես 10 մահացության դեպք ենք ունենում, դա միջին վիճակագրական ցուցանիշ է:

Եվ հետևաբար, մեր հիմնական խնդիրը հետևյալն է՝ Հայաստանում որևէ պարագայում խուճապ, խուճապային գնում, խուճապային տեղաշարժ, խուճապային հայտարարություններ, խուճապային կոչեր պետք է չլինեն: Սրա համար կառավարությունը պիտի դառնա նման խուճապի բացակայության երաշխավորը, և դրա երաշխիքն այն է, որ բացառվում է, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից թաքցնենք որևէ տեղեկատվություն: Սա ամենակարևոր արձանագրումն է: Էլի արձանագրում ենք, որ մեր քաղաքացիները վստահում են միայն ու միայն տեղեկատվությանը, որ տարածվում է կառավարության և պաշտոնական այլ մարմինների կողմից: Որևէ այլ աղբյուր կորոնավիրուսի մասին չի կարող լինել, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Առողջապահության նախարարությունը, պաշտոնական այլ մարմիններ: Հետևաբար, ապրում ենք մեր բնականոն կյանքով, աշխատում ենք մեր երկրի զարգացման օրակարգի վրա: Իմիջիայլոց ասեմ, Ծաղկաձորում խուճապի մասին լուրերը չափազանցված էին: Երեկ, ինչպես և խոստացել էի, մենք ընտանիքով երեկոն և գիշերն անց ենք կացրել Ծաղկաձորում, Առողջապահության նախարարը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, էլի պաշտոնյաներ: Ծաղկաձորում տուրիստներ կան, և շատ, ես մի քանի ռեստորաններ, սրճարաններ մտել եմ, շրջել եմ քաղաքով:

Այնպես որ, իսկապես եկեք վերաբերվենք հանգիստ, հանդարտ, իհարկե, զգոն, ուշադիր, հասկանալով, որ հիվանդությունը վտանգավոր է, բայց կառավարելի հիվանդություն է, և հույս ունենք, որ իրավիճակը չի սրվի: Էլի ուզում եմ ասել, որ մենք այսօր 9 կասկածելի դեպք ունենք, որ պետք է թեստավորենք: Այս 9-ից մեկ-երկուսը եթե նույնիսկ հաստատվեն, սրանով ապոկալիպտիկ եզրակացություններ պետք չէ անել, որովհետև մենք այս պահին ունենք հիվանդ, որը դե յուրե հիվանդ է, բայց դե ֆակտո այդքան էլ հիվանդ չէ: Հույս ունենք, որ մենք առնվազն դե ֆակտո հիվանդների մասով հենց այս տրամադրությամբ էլ այս պրոցեսը կավարտենք: Որևէ սահմանափակումներ այս պահին մտցնելու կարիք չկա, մարդիկ կարող են կինո հաճախել, թատրոն հաճախել, ծննդյան տարեդարձեր նշել և այլն, բայց այդ ընթացքում սովորականից ավելի շատ լվացվեն և ավելի ուշադիր լինեն, փռշտալիս թույլ չտան վիրուսների կամ բակտերիաների արտահոսքն արտաքին աշխարհ, մնացածը կառավարելի է»:

← Վերադառնալ