Մամլո հաղորդագրություններ
Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները շարունակվում են. իրավիճակը վերահսկելի է
ևս 11 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվել է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակում ձեռնարկվող միջոցառումների ընթացքից:
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ բոլոր միջոցառումները շարունակում են իրականացվել: «Ունենք մեկ հաստատված դեպք, որը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, և 31 քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում գտնվում են Ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է: Որևէ մեկը գանգատ չունի, այդ թվում՝ հաստատված պացիենտը: Երեկ հետազոտել ենք նրա կնոջը, որի մոտ հերքվել է հիվանդության առկայությունը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ամեն օր կատարվում են նմուշառումներ և իրավիճակը վերահսկվում է: Արսեն Թորոսյանը նշել է նաև, որ Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով՝ սննդով, գրքերով, ինտերնետով և այլն: Նախարարի խոսքով՝ այս պահին մեկուսացված քաղաքացիներից ոչ մեկի մոտ ոչ մի ախտանշան չկա:
Արսեն Թորոսյանը տեղեկատվություն է ներկայացրել նաև աշխարհում կորոնավիրուսի տարածության, զարգացման միտումների մասին: «Չինաստանը, լինելով հիվանդության աղբյուրը, ամենաառաջինն էր սկսել միջոցառումները, նոր դեպքերի գրանցման և նոր մահերի տեմպը կտրուկ անկում է ապրել: Մեր տեղեկություններով արդեն նույնիսկ այն նահանգը, որում սահմանափակման միջոցառումներ են իրականացրել, աստիճանաբար վերադառնում է իր բնականոն կյանքին: Սակայն աշխարհի այլ երկրներում է իրավիճակը մի քիչ ավելի բարդանում. Հարավային Կորեայում, մեր հարևան Իրանում, ինչպես նաև Իտալիայում: Արդեն մի քանի հարյուր դեպքեր են արձանագրել Ֆրանսիայում, Գերմանիայում և Իսպանիայում: Ես իմ գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ եմ և ակնկալվում է, որ երկու-երեք շաբաթից հետո, եթե իմ նշած եվրոպական երկրները կարողանան ճիշտ միջոցառումներն իրականացնել, այդ ռիսկն անցնելուց հետո նորից նվազում կտեսնենք նաև այդ երկրներում: Հաշվի առնելով այս վիճակագրությունը՝ կարծում եմ, որ մենք էլ 2-3 շաբաթ հետո մեր բոլոր սահմանափակող միջոցառումներին կանդրադառնանք, այդ թվում՝ Չինաստանի հետ»,-նշել է նախարարը:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշել է, որ Իրանի հետ ձևավորվել է երկխոսություն տարբեր մակարդակներով և աշխատանքներ են տարվում՝ իրավիճակին միասին հակազդելու համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ հավանաբար երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից, դասերն ուսումնական հաստատություններում կվերսկսվեն: «Ամենօրյա կապի մեջ ենք Առողջապահության նախարարության հետ: Այս պահին, ըստ էության, հատուկ ցուցումներ չունենք՝ դասերը չվերսկսելու համար: Եթե առաջիկա օրերին ևս ցուցում չունենանք, երկուշաբթիից դասերը կվերսկսենք»,- նշել է նախարարը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախաար Տիգրան Խաչատրյանից հետաքրքվել է հայ-վրացական սահմանի մոտ կուտակված բեռնատար ավտոմեքենաների հարցից: Նախարարը տեղեկացրել է, որ մարտի 5-ին՝ մինչև օրվա ավարտը, այդ բեռնատարները կհատեն սահմանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով բիտումի որոշակի քանակ ներկրելու անհրաժեշտությանը, առաջարկել է այդ հարցը փոխվարչապետներից մեկի մոտ քննարկման առարկա դարձնել: Անդրադառնալով հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Շատ լավ: Կարծեմ՝ բիտումի որակի հետ կապված էլ խնդիր ունեինք: Պետք է առիթն օգտագործել, որ մեր շուկայում ճանապարհաշինարարական աշխատանքներում ավելի որակյալ բիտում օգտագործվի, մեր շուկաներն այդ առումով նույնպես դիվերսիֆիկացնենք, որպեսզի ճանապարհաշինության որակի վրա դրական ազդեցություն ունենա»:
Այնուհետև վարչապետը հետաքրքրվել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքից: Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այս տարի պետական բյուջեով նախատեսված հիմնանորոգման ծրագրերից 244 կմ-ից 228-ն արդեն իսկ հայտարարված է:
Ավելի լավ պայմաններ՝ նոր կարգավորմամբ. ՀՀ մշտական բնակության եկողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Գործադիրի առաջարկությունների հիման օրինագիծը լրամշակվել է: Ըստ այդմ՝ ավելի լավ պայմաններ են նախատեսվում Հայաստան վերադարձող քաղաքացիների համար՝ անձնական գույքն առանց մաքսային վճարումներ կատարելու երկիր բերելու դեպքում։ Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, գործող օրենսդրությամբ, հիմնական խոչընդոտն այն է, որ անձը արտոնությունից կարող էր օգտվել այն դեպքում, եթե վերջին 5 տարում՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում 180 և ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ: Փոփոխությամբ առաջարկվում է այդ պահանջը ձևակերպել այսպես՝ 5 տարի (1825 օր) ժամանակահատվածում առնվազն 915 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Բացի այդ, ՀՀ մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձիք կարող են արտոնությամբ ՀՀ ներմուծել իրենց անձնական օգտագործման ապրանքները, եթե ՀՀ մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: Նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է 18 ամսվա ընթացքում: Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ անձը սկզբում պետք է Հայաստան գա առանց ապրանքների և մաքսային մարմիններին տեղեկացնի, որ 60 օրվա ընթացքում դիմելու է Անձնագրային և վիզաների վարչություն՝ որևէ կարգավիճակ ստանալու համար: Ըստ ՊԵԿ նախագահի՝ անձը կարգավիճակը ստանալուց հետո նոր պետք է բերի իր գույքը:
Տարբեր ապարատներով ծառայությունների մատուցումը գերատեսչություններում կազմակերպել մրցույթներով. վարչապետն անդրադարձել է նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքին
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև նախկինում իր կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին, մասնավորապես՝ գերատեսչություններում տեղադրվող վճարումների, սուրճի ապարատների վերաբերյալ:
«Ես հանձնարարարական էի տվել, որ այդ գործառույթներն իրականացվեն մրցույթներով: Այսինքն՝ ուղիղ որոշումներով նման հարցերը չկարգավորվեն, նույնիսկ այն դեպքում, երբ արդեն տեղադրված է: Բոլոր դեպքերում պետք է մրցույթ հայտարարվի, որպեսզի պետական գերատեսչության համար լավագույն պայմաններով դա կատարվի: Բայց ես տեղեկանում եմ, որ այդ հանձնարարականից հետո, կարծես թե, դեպք ենք ունեցել, երբ որոշում ենք կայացրել և ուղիղ գնում ենք այդ ծառայությունը կատարելուն: Ընդ որում, որքան ես հասկանում եմ, այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի կատարվում: Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ տեխնիկական առաջադրանքներով, մենք պետք է փորձենք մրցույթ հայտարարել և վարձավճար վերցնել դրա համար: Մի հատ տեսնենք՝ այդ տարբերակով հետաքրքրվող կան, թե ոչ»,-ասել է կառավարության ղեկավարը և հիշեցրել, որ թեմայի վերաբերյալ հանձնարարականներ է տվել 2018 թվականի հուլիս-օգոստոսից, սակայն հարցն այսօր կարգավորված չէ։
Այնուհետև վարչապետը մեկ անգամ ևս հանձնարարել է՝ բոլոր այն գերատեսչություններում, որտեղ տեղադրված են սուրճի, վճարումների ապարատներ, բոլոր այդ ծառայությունների համար հնարավորինս ամենակարճ ժամկետում հայտարարել մրցույթ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բանկերում հերթ կանգնելու խնդրին՝ նշելով, որ բանկերում հերթ կանգնելու մշակույթ պետք է ապահովել: Այդ համատեքստում ընդգծվել է նաև նոր տեխնոլոգիաների կիրառման, մասնավորապես՝ հեռախոսներով օնլայն վճարումներ կատարելու կարևորությունը։ «Մենք այսօր ունենք բազմաթիվ օնլայն հարթակներ, որոնք կարելի է օգտագործել, բայց ցանկացած հարթակ, որ լինում է՝ պետք է դրա մասին մարդիկ տեղյակ լինեն: Իսկ տեղեկացնելն առաջին հերթին այդ հարթակները ստեղծող մարմինների, սուբյեկտների պարտականությունն է, այսինքն՝ ամբողջ կառավարության», -ասել է գործադիրի ղեկավարը և հանձնարարել պատասխանատու գերատեսչություններին՝ սկսել իրազեկման լայնածավալ արշավներ և տեղեկացնել քաղաքացիներին ժամանակակից այդ համակարգերի մասին:
Սահմանվել են շարժական և մոդուլային սպանդանոցներին ներկայացվող պահանջները
Շարժական և մոդուլային սպանդանոցներին ներկայացվող պահանջների սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում՝ հնարավոր կլինի հանրապետությունում շահագործել օրենսդրության պահանջներին համապատասխան շարժական և մոդուլային սպանդանոցներ: Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին օրենսդրությամբ սահմանված են միայն առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ մսի կոմբինատների, սառցային կոմբինատների և կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում գործող սպանդանոցներին ներկայացվող պահանջները։ Մինչդեռ առկա են համապատասխան տեխնոլոգիապես հագեցված, շահագործմանը պատրաստ շարժական և մոդուլային տարբերակները, որոնք փոխադրելի են։ Շարժական և մոդուլային սպանդանոցների առկայությունը հնարավորություն կտա հանրապետությունում առավել արդյունավետորեն կազմակերպել կենդանիների սպանդանոցային մորթը։
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ պայմանավորվածության համաձայն հուլիսի 1-ի դրությամբ պետք է լինի մաքսիմալ հասանելի ցանց, այդ թվում շարժական, մոդուլային սպանդանոցների:
Կոնյակի սպիրտների և կոնյակների գծով առաջացող բնական կորուստների չափերը կտարածվեն նաև մրգային օղիների արտադրության վրա
Խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների արտադրության ոլորտներում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ առաջարկվում է հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով առաջացող բնական կորուստների չափերը տարածել նաև մրգային օղիների արտադրության վրա։ Արդյունքում՝ կսահմանվեն այդ արտադրության ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր, ինչը հնարավորություն կտա նվազեցնելու ոլորտի տնտեսավարողներին համախառն եկամտից արտադրության ընթացքում առաջացող բնական կորուստները։ Ըստ հիմնավորման՝ այդ հարցում աջակցելու խնդրանքով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել ոլորտի մի շարք տնտեսավարողներ։
Կառավարությունը միջոցառումներ կիրականացնի դեռահասների ու երիտասարդ անձանց վերարտադրողական առողջությունը բարելավելու ուղղությամբ
Գործադիրը հաստատել է Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թթ. միջոցառումները: Փաստաթղթի մշակման համար հիմք են հանդիսացել վերջին տարիների, ծնելիության, բնական աճի, վերարտադրողական առողջությանը վերաբերող պաշտոնական և այլընտրանքային հետազոտության տվյալները, համաձայն որի Հայաստանում առկա է ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում և ստեղծվել է անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակ, մասնավորապես առկա է ծնելիության ցածր, անգամ պարզ վերարտադրություն չապահովող մակարդակ: Ծնելիության գումարային գործակցը 2018թ. կազմել է 1.57, մինչդեռ պարզ վերարտադրության համար գործակիցը պետք է լինի 2,1 և ավելի: Ըստ այդմ՝ առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել բնակչության որոշ խմբերի սկրինինգներում ներգրավման, վերարտադրողական խանգարումների վաղ հայտնաբերման ու բուժման նպատակով կիրառվող պետության կողմից երաշխավորված ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները: Արդյունքում ակնկալվում է բարելավել դեռահասների ու երիտասարդ անձանց վերարտադրողական առողջությունը, կանխարգելել վերարտադրողական և պերինատալ կորուստները:
Այլ որոշումներ. կհստակցեվի բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ որոշմամբ հաստատված բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներով սահմանված են համապատասխան ցանկեր, որոնց դեպքում 2 կամ 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչև 18 տարին լրանալը: Սակայն այդ ցանկերով սահմանված հիվանդությունները և ախտաբանական վիճակները հաճախ չեն համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին: Ըստ այդմ, հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, առաջարկվում է սահմանել ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով: Ցանկերը սահմանելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ՝ հիվանդությունների զարգացման ընթացքը, երեխաների տարիքային առանձնահատկությունները, ժամանակակից բժշկության նվաճումները և այլն:
Կառավարությունը բավարարել է «Լոմո գրուպ» ՓԲԸ ներկայացրած հայտը՝ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վերաբերյալ: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ 2020-2024թթ. ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 1 280 000 ԱՄՆ դոլար: Կստեղծվի 5 նոր աշխատատեղ` մոտ 200 000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 79.2 քմ տարածք, որը կտրամադրվի 5 տարի ժամկետով: