Մամլո հաղորդագրություններ

Ամփոփվել է գյուղոլորտին օժանդակության միջոցառումների ծրագիրը, քննարկվել են սոցիալական աջակցության ուղղությունները

24.03.2020

ևս 2 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները:

Ներկայացվել է, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների ծրագրի ամփոփիչ տարբերակը, որում ներառվել են թեմայի առնչությամբ երեկ և նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Լրացուցիչ արծարծվել են գյուղոլորտին օժանդակության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր: Ամփոփելով վարչապետը հանձնարարել է հանրային քննարկման դնել նախագիծը և նշել, որ կառավարությունը ծրագրի արդյունավետության մոնիթորինգ է իրականացնելու՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու և ծրագիրը կատարելագործելու նպատակով:

Հաջորդիվ անդրադարձ է եղել սոցիալական աջակցության ուղղություններին և հնարավորություններին: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, թիրախային խմբերը հստակեցնելու, ռեսուրսները հասցեական և արդարացի բաշխելու ուղղությամբ քայլերի և գործիքակազմի շուրջ, ներկայացվել են մի շարք դիտարկումներ։ Ընդգծվել է, որ պետության օժանդակության թիրախում պետք է լինի աշխատող մարդը, ու ինստիտուցիոնալ խողովակներով պետք է խրախուսել ու աջակցել նրան:

Վարչապետը հանձնարարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում, հիմք ունենալով վերոնշյալ բանաձևը, քննարկել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթը, ամփոփել առաջարկությունները և առաջիկա օրերին ներկայացնել կառավարություն:

 

← Վերադառնալ