Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրն ու տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները

26.03.2020

ևս 9 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարության նիստում քննարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս սահմանափակվել կամ որոշ դեպքերում ամբողջովին դադարեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը, ինչը հանգեցրել է բացասական հետևանքների բազմաթիվ տնտեսավարողների մոտ: Ստեղծված իրավիճակում առավելագույնս տնտեսվարողներին և քաղաքացիներին աջակցելու նպատակով գործադիրը հաստատել է Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը և տնտեսական հետևանքների չեզոքացման 5 միջոցառումները:

Մասնավորապես՝ համապարփակ ծրագիրն ուղղված է ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը, տնտեսության կայուն և շարունակական զարգացմանը, կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած խմբերի բացահայտմանը և օժանդակելուն, ապահովել սոցիալապես անապահով, սոցիալական խոցելի խմբերի սոցիալական անվտանգությանը, աջակցել նրանց և նրանց ընտանիքների տնտեսական կայունացմանը, կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի նպատակով նպաստել առողջապահական համակարգի վերազինմանը, ապահովել պարենային, դեղորայքային, հումքային, իրային և այլ անհրաժեշտ պահուստների կառավարման արդյունավետությունը: Մասնավորապես՝ կիրականացվեն նոր հեռանկարային ոլորտների ուղղությամբ տնտեսավարողների ռազմավարական նախաձեռնությունների իրականացման խթանմանը նպաստող միջոցառումներ, այդ թվում՝ դրանց ֆինանսավորման և համաֆինանսավորման գործիքների ներդրման միջոցով, նոր հեռանկարային ոլորտներում նոր ուղղությունների համար մասնագիտական ներուժի կարողությունների զարգացմանը և վերամասնագիտացման հնարավորությունների ընձեռմանն ուղղված միջոցառումներ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է աջակցության ուղղությունները: «Սպառման դեֆորմացման պարագայում կա որոշակի լիկվիդայնության անկում համակարգում, և ենթադրվում է, որ մենք պետք է ունենանք գործողությունների և միջոցառումների շարք, որով այդ խնդիրը կչեզոքացնենք։ Երկրորդ ուղղությունը, որը նույնպես խնդիր է և որի շուրջ մենք պետք է մոբիլիզացնենք մեր ռեսուրսները, դա կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած անձանց խմբերն են, որոնց մենք պետք է թիրախավորենք ու օժանդակենք: Երրորդ ուղղությունը սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի սոցիալական անվտանգության ապահովումն է։ Մենք ունենք ակնհայտ խնդիր, որն այսօր ամենակարևորագույնն է ամբողջ աշխարհում՝ առողջապահական համակարգի լրազինումն ու վերազինումն է։ Այստեղ նույնպես պետք է իրականացնենք միջոցառումներ։ Եվ, իհարկե, ելնելով իրավիճակից, պետական պահուստների, այսինքն՝ դեղորայքային, հումքային, գույքային սննդի պաշարների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում», -նշել է փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ ըստ այդմ կառավարությունը պետք է ունենա նոր ֆինանսական մոդել, ճշգրիտ անելիքները, ծախսերը և ներգրավվելիք միջոցները. «Կառավարությունը բաց է ծրագրի հանրային քննարկման համար թե՛ հանրային, թե՛ մասնագիտական տիրույթում: Բաց ենք նաև ցանկացած պահի ծրագիրը լրամշակելու, փոփոխելու, հավելելու աշխատանքներում»:

Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այս ծրագրով ուզում ոչ միայն աջակցել մեր տնտեսության մրցունակ հատվածին և սոցիալական առաջին հարվածը ստացած մեր խավերին, այլև շատ կարևոր է, որ այս փաթեթի խորքային նպատակը մեր տնտեսությանը, հանրությանը, քաղաքացիներին հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում, մրցունակ տնտեսություն և մրցունակ գործունեություն կառուցելու նախապատրաստելը և տրամադրելն է: Այս օրակարգը ոչ մի պարագայում, զարգացման որևէ սցենարի դեպքում մենք չպետք է մոռանանք: Մեր խնդիրը, այսպես ասած, ավանդական գոյատևման տրամաբանությունից պետք է տեղափոխենք զարգացման, ուժեղացման, մեր երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն, և այս օրակարգը չպետք է կորցնենք նույնիսկ ամենաօրհասական պահերին: Սա է ամենակարևոր արձանագրումը, որ դրված է այս ծրագրի բովանդակային հիմքում:

Շատ կարևոր է մեր տրամադրվածությունը, մեր ընդհանուր արձանագրումը, թե մենք հիմա ինչով ենք զբաղված: Մենք հիմա զբաղված չենք, այսպես ասած, գոյապայքարով, մենք հիմա զբաղված ենք՝ ապագա աշխարհում մեր երկրի տեղադիրքը, մեր հանրության մրցունակությունը, մեր հանրային հարաբերությունների մակարդակը, և մեր յուրաքանչյուր քաղաքացու մրցունակությունը՝ աշխատաշուկայում, ընդհարապես գործունեության, բիզնեսի դաշտում ուժեղացնելու ռազմավարական ծրագիր որդեգրելով: Եվ մեր մտքի այսպիսի կարգաբերումը, կարծում եմ, շատ կարևոր է ճգնաժամը հաղթահարելու գործում: Եկեք արձանագրենք, որ այդպիսի ժամանակներ երբեք չեն եղել և երբեք էլ չեն լինելու, որտեղ գույություն չունենան դժվարություններ: Ամեն ժամանակ, նույնիսկ ամենաբարենպաստ, ունի իր դժվարությունները, և ամեն ճգնաժամ, նույնիսկ ամենաճգնաժամային իրավիճակ ունի իր հնարավորությունները, և մենք պետք է կենտրոնանանք հնարավորությունների վրա»:

Կառավարության ղեկավարը հանձարարել է, որ ապրիլի 1-ից ծրագրով նախատեսված ֆինանսներն սկսվեն շրջանառվել և շահառուները հնարավորություն ունենան դրանք ստանալ: «Իսկ կառավարության հաջորդ նիստում, պետք է աշխատեն նոր փաթեթներ ունենալ՝ այլ ծրագրեր իրականացնելու համար։Եվ այսպես այնքան, մինչև կհամոզվենք, որ ճգնաժամի շոկային փուլը հաղթահարված է, և մենք արդեն կանցնենք ավելի կոնկրետ զարգացման հայեցակարգերի քննարկմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այդ համատեքստում կարևորել է առողջապահության համակարգի զարգացումը: Վարչապետը նշել է, որ ծրագրում կան առողջապահական համակարգի վերազինմանը վերաբերող առանձին ուղղություններ, բացի այդ առաջարկվող ծրագրերից կարող են օգտվել նաև առողջապահական հիմնարկները: Իսկ ընդհանրապես կառավարության ղեկավարը հորդորել է բոլոր գաղափարները կոնկրետ առաջարկների տեսքով ներկայացնել ամենօրյա ռեժիմով գործող տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների աշխատանքային խմբին: «Մենք պետք է բանավոր առաջարկությունների տրամաբանությունից տեղափոխվենք գրավոր կոնկրետ առաջարկությունների: Կոնկրետ առաջարկություն լինում է, քննարկում ենք, խմբագրում ենք, լրամշակում ենք և որոշումներն ընդունում ենք ու գնում առաջ»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Անդրադառնալով բյուջեին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բյուջեի մասով մենք, որքան էլ տարօրինակ հնչի, լավ լուր նույնպես ունենք: Լավ լուրն այն է, որ մենք վստահ ենք, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարենք մոտովորապես 5 միլիարդ դրամով: Եվ այս առումով ուզում եմ մեկ անգամ ևս բոլորիս ուշադրությունը հրավիրել հարկային կարգապահության կարևորության վրա: Տեսեք, այսօր շատ սոցիալական խնդիրների մասին են խոսում, տնտեսական աջակցության խնդիրների մասին են խոսում: Այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ և այդ եկամուտները պետք է ապահովվեն հարկային համակարգի միջոցով: Շատ է ասվում, որ մարդիկ չեն աշխատում, իրենցից հարկ եք ուզում: Չաշխատող եկամուտների բացակայության, շրջանառության բացակայության, շահույթների բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ, հարկ ուզում են միայն այն պայմաններում, երբ կա հարկային ձևավորված պարտավորություն: Սա շատ կարևոր է արձանագրել»:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է ՀԴՄ կրտրոն չտրամադրելու դեպքերին և նշել. «Մանրածախ առևտրի ծավալների աճին զուգահեռ նորից ազդակներ են ստացվում, որ լայնորեն սկսվել է կիրառվել ՀԴՄ կտրոն չտրամադրելու այդ պրակտիկան՝ համարելով, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է և մեծ ուշադրություն չի դարձվի: Հիմա ընդհակառակը, ճգնաժամային իրավիճակ է և այո՛, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել: Ես ակնկալում եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն շատ ավելի կխստացնի միջոցառումները, որովհետև հիմա հատկապես շատ ձեռնարկություններ չեն աշխատում, նույնիսկ շատ խանութներ չեն աշխատում, այս գործընթացի պոտենցիալ հասցեատերերը շատ ավելի քիչ են: Ես ակնկալում եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի համար, որովհետև որևէ արդարացում չկա դրան, մանավանդ այսօր, որ խանութների շրջանառություններն էականորեն աճել են: Հետո հետվերլուծություներով էլ մենք պետք է հասկանանք և տեղորոշենք անբարեխիղճ տնտեսավարողներին և նրանցով շատ լրջորեն զբաղվենք: Ընդհանրապես մենք պետք է թույլ չտանք ճգնաժամային պայմաններում հայտնի տխրահռչակ սովորությունների ակտիվացում: Որևէ ուղղությամբ մենք պետք է դա թույլ չտանք, առավելևս հարկային կարգապահության ուղղությամբ, նման երևույթներն ընդհանրապես պետք է բացառվեն: Եթե բոլոր մարմիններն աշխատում են այլ տրամաբանությամբ և ռեժիմով, Պետական եկամուտների կոմիտեն պետք է կրկնակի խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ, կրկնակի և եռակի»:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառմամբ, առաջարկվում է նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևերով օժանդակել ՀՀ առանձին տնտեսավարողներին։ Յուրաքանչյուր տնտեսավարողի համար կիրառելի է օժանդակության ձևերից միայն մեկը։ Այն հնարավորություն կտա տնտեսավարողների համար ժամանակ շահել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախաևրար Տիգրան Խաչատրյանը, առաջին աջակցման գործինքն ընդգրկման շրջանակով ամենալայն է և վերաբերում է վերջին 1 տարվա ընթացքում ՀՀ տարածքում գործունեություն ծավալած, բարվոք վարկային և հարկային պատմություն ունեցող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերին (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների):

Միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոռմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ այս միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի՝
- վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, կամ
- վարկի վերաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի նույն ժամկետով, 0% տոկոսադրույքով՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման, կամ
- վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի ողջ ժամկետի համար՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:

Անդրադառնալով քննարկվող հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս որոշման ամենամեծ և կարևոր տրամաբանությունն այն է՝ մենք ուզում ենք, որ մեր տնտեսության արյունատար համակարգը սկսի աշխատել, և ինչքան հնարավոր է՝ ծավալով աշխատի: Ընդ որում, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այս փաստի վրա, սոցիալական բաղադրիչներն այստեղ շատ կարևոր են, որովհետև մենք ասում ենք, որ աշխատողների աշխատավարձ վճարելու համար ենք նաև այս վարկերը տալիս, հարկերի և տուրքերի վճարման համար ենք այս փաթեթը բացում:

Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում: Հիմա մենք ոչ թե զուգահեռ օրգանիզմներ պետք է ստեղծենք՝ գոյություն ունեցող օրգանիզմը դատապարտելով մահվան, այլ մենք պետք է այս գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապարհով գնանք: Եվ դրա համար մենք երկու գործիք ենք կիրառել: Առաջին գործիքով մենք տոկոսները սոբսիդավորում ենք և, ըստ էության, ամենասոցիալական, ամենաթիրախավորված հատվածում սոցիալ-տնտեսական զրոյացնում ենք վարկի տոկոսները, մնացած դեպքերում էականորեն իջեցնում ենք: Երկրորդ գործիքով, քանի որ շուկան, այսպես ասած, շատ վատ վիճակում է, բանկերը կարող են հակված չլինեն այդպիսի վարկավորում տալու, որովհետև իրենք կմտածեն ՝ ինչու պետք է այդ ռիսկերը միայնակ կրեն, մենք խթանում ենք նաև բանկերին, որ իրենք շահագրգռված լինեն: Ըստ ծրագրերի՝ աշխատավարձերի դեպքում փողի 50 տոկոսն ենք տալիս, հարկերի և տուրքերի դեպքում փողի 50 տոկոսն ենք տալիս, կոմունալ վճարի դեպքում փողի 45 տոկոսն ենք տալիս, հումքի դեպքում փողի 40 տոկոսն ենք տալիս, սարքավորումների դեպքում փողի 25 տոկոսն ենք տալիս, սննդամթերքի ներկրման դեպքում՝ փողի 30 տոկոսը: Կարծում եմ՝ մենք լավ բանաձև ենք գտել, որը իր կենսունակությունը դեռ պետք է գործնականում ապահովի»:

Վարչապետը հայտնել է, որ ըստ պայմանավորվածության ծրագիրն անընդհատ մոնիթորինգի է ենթարկվելու՝ անհրաժեշտության դեպքում որոշ բանաձևեր արագ փոփոխելու, լրամշակելու նպատակով: «Այստեղ կա և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ սննդի պարենային անվտանգության ապահովման, և՛ զարգացման, և՛ ներդրումների խթանման տրամաբանություն: Այնպես որ, կարծում եմ, առնվազն տեսական մակարդակում, շատ լավ գործիք է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Երկրորդ միջոցառմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերով սահմանված սուբսիդավորման չափաքանակների փոփոխություն և համաֆինանսավորման օժանդակության ձևերի կիրառում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում կարողությունների զարգացման, ոռոգման արդիական համակարգերի, գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման, խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման, տոհմային տավարաբուծության և ոչխարաբուծության ու այծաբուծության զարգացման, ինչպես նաև ագրովերամշակման ոլորտին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկերի և գյուղատնտեսական տեխնիկայի ու ագրոպարենային ոլորտի սարքավորումները լիզինգով ձեռք բերելու համար սահմանել 0% տոկոսադրույք, ընդ որում կապալառուի միջոցով կառուցվող ջերմատները, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունները կարող են այսուհետ դիտարկվել, որպես լիզինգի առարկա։ Կարևորելով խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտը նախատեսվող վարկերի համար ոչ միայն սահմանվում է 0% տոկոսադրույք, այլև հնարավորություն է տրվում 30% համաֆինանսավորման գործիքով նվազեցնել բանկի համար ռիսկը՝ խթանելով տվյալ գյուղատնտեսական ուղղությունների զարգացումը։ Հատկանշական է, որ գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և համաֆինանսավորում՝ տարբեր նպատակների վարկերի համար տարբերակված չափաքանակներով։ Այս նախագծով, նախատեսվում է մինչև 1 մլն դրամի միկրովարկեր՝ 0% տոկոսադրույքով, որը կխթանի գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական անձանց գործունեությունը։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, այս ծրագիրը այս պահի դրությամբ կոնկրետ ամենացայտուն դեպքն է, երբ ճգնաժամը դիտարկվում է որպես հնարավորություն: «Մենք հիմա այս ճգնաժամի հնարավորությունն ուզում ենք օգտագործել իրականացնելու համար մի ծրագիր, որի համար նախորդ շրջանում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գուցե նաև չէինք համարձակվում այդպիսի կտրուկ գործողությունների գնալ: Խոսքը, ընդհանուր առմամբ, մեր գյուղատնտեսության կազմակերպման որակը և մակարդակը փոխելու մասին է: Եվ մենք փորձ ենք անում հիմա քաջալերել մեր գյուղացիներին, առնվազն՝ այն հատվածին, ովքեր անհատական մակարդակում գործունեություն ծավալելիս գոհ չեն իրենց ցուցաբերած արդյունքներից՝ համախմբվել և ջանքերի մեկտեղման միջոցով փոխել իրենց գործունեության մակարդակը և իրենց ակնկալվող արդյունքների մակարդակը: Եվ մենք դա տեսնում ենք գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործում:

Բայց այստեղ մենք ունենք երկու շատ կարևոր մարտահրավեր: Աշխատանքային քննարկումների ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ մենք պետք է մտածենք նաև որոշակի երաշխիքների մասին, որ այս գյուղատնտեսական ստղեծվող կոոպերատիվները կղեկավարեն որակավորում ունեցող անձիք և մասնագետներ: Բայց մյուս կողմից մենք չենք կարող սահմանափակել իրենց՝ հենց գյուղացիների իրենց կողմից ձևավորած կոոպերատիվի նախագահ կամ ղեկավար ընտրելու հնարավորությունները»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ այդ խնդրին լուծում տալու համար Էկոնոմիկայի նախարարությունն այս ընթացքում շատ ինտնեսիվորեն կաշխատի գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների հետ: Հաջորդը, ըստ կառավարության ղեկավարի, ծրագրերի վերաբերյալ շահառուներին իրազեկելն է, որը պետք է պատշաճ կազմակերպվի. «Մարդիկ այս ծրագիրը պետք է հասկանան բոլոր նրբություններով: Պետք է հասկանան՝ որն է իրենց առաջին գործողությունը, որն է երկրորդ գործողությունը, ինչպես պետք է նախաձեռնել»:

Վարչապետ Փաշինյանն այս ծրագիրը համարում է պատմական հնարավորություն գյուղատնտեսության ոլորտում որակական փոփոխություն իրականացնելու: «Մի պայման կա՝ այս պրոցեսը պետք է լրջորեն ուղեկցվի էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ԿԳՄՍ, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից: Մենք պետք մարդկանց հետ քայլենք, զրոյից քայլենք և պետք է բոլոր ազդակներին տեղյակ լինենք: Մարդիկ իմանան, որ իրենց հարցերին, որոնք անխուսափելիորեն ծագելու են, որովհետև սա նոր դաշտ է, պատասխաններ ստանալու են ժամանակին և որակով»,-շեշտել է կառավարության ղեկավարը:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառմամբ առաջարկվում է վարկի ապահովման ու տոկոսադրույքների սուբսիդավորման ձևերով օժանդակել Հայաստանի Հանրապետության՝ 2019թ-ին 24-500 մլն տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողներին։ Այն հնարավորություն կտա տնտեսավարողների համար ժամանակ շահել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։

Չորրորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Ըստ այդմ՝ աջակցություն կտրամադրվի, եթե երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել, ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է. ճանաչված է մահացած կամ անհայտ կորած, միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Աջակցության ծրագրով նախատեսում է տրամադրել միանվագ նպաստ՝ 100 հազար դրամի չափով:

Հինգերորդ միջոցառմամբ նախատեսվում է օժանդակել տնտեսավարողներին գործունեության շարունակականությունն ապահովելու համար՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման միջոցով: Ծրագիրն ուղղված է լինելու այն տնտեսավարողներին (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվելու է միանվագ դրամաշնորհ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս աջակցության ծրագրով կառավարությունն իր շնորհակալությունն է հայտնում այդ գործատուներին, որոնք այս դժվար ժամանակներին խուճապի չեն մատնվել և ցուցաբերել են սոցիալական պատասխանատվություն: «Այսինքն մենք ասում ենք, որ այն ընկերությունները, կազմակերպությունները, որոնք ի հեճուկս դժվար ժամանակների չեն կրճատել իրենց աշխատողներին, չեն կրճատել աշխատատեղերը և աշխատավարձի ֆոնդը, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով կամ ընկերությունում արձանագրված միջին աշխատավարձի չափով կստանան պետության կողմից դրամաշնորհ»,-ասել է վարչապետը:

Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով կառավարության նիստի աշխատանքները, որի ընթացքում ընդունվել են հակաճգնաժամային 5 միջոցառումների մասին որոշումները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հորդորել է աշխատանքները շարունակել նույն ինտենսիվությամբ. «Մեր օրակարգով աշխատում ենք և շարունակում ենք աշխատել ամենօրյա ռեժիմով, այդ թվում շաբաթ և կիրակի օրերին: Եվ հավաքագրում ենք բոլոր առաջարկները»:

Կստեղծվի հնարավորություն առանց ժամանակի մեծ կորստի և ծախսերի լուծելու ոչ հիմնական շինությունների հետ կապված խնդիրները

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի արտադատական կարգով լուծել շարժական գույքերի ապամոնտաժման հարցը, որը հնարավորություն կտա անշարժ գույքի սեփականատերերին առանց ժամանակի մեծ կորստի և ծախսերի ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բացակայում է որևէ կարգավորում հողամասի սեփականատիրոջ տարածքում տեղադրված շարժական գույքի հեռացման կամ ապամոնտաժման հարցերի կանոնակարգման դեպքերի համար: Մինչդեռ, պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ նման դեպքերը բավականին շատ են, իսկ ներկա կարգավորման պայմաններում բարձրացված խնդրի իրավական լուծումը միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ և 277-րդ հոդվածներով նախատեսված մեխանիզիմներ են, որոնք անշարժ գույքի սեփականատիրոջը հնարավորություն են տալիս դիմել դատարան՝ պահանջելով իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից կամ վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: Հետևաբար, նման պայմաններում անշարժ գույքի սեփականատերը իր հողամասի վրա տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման կամ հեռացման համար յուրաքանչյուր դեպքում ստիպված է հարցը լուծել դատական կարգով, քանի որ օրենսդրությունը նման հարցերի լուծման արտադատական մեխանիզմներ չի նախատեսում: Մինչդեռ, ակնհայտ է, որ նման հարցերի լուծման արտադատական մեխանիզմի նախատեսումը կարևոր է և ժամանակի և միջոցների խնայողության տեսանկյունից: Այս նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա սեղմ ժամկետներում ապամոնտաժել սեփականատիրոջ հողամասում տեղակայված շարժական գույքը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան լուծել ոչ հիմնական շինությունների հետ կապված խնդիրները: Իրավակարգավորումների ստեղծումից հետո կառավարության որոշմամբ արդեն մանրամասն կկարգավորվեն անշարժ գույքի տարածքում տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման հարցերը:


Կառավարությունը շարունակում է ներդումային ծրագրերին արտոնությունների տրամադրումը. կստեղծվի 270 նոր աշխատատեղ

Գործադիրը բավարարել է «Գոլդշին» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու ցինկապատ և գունավոր թիթեղից տանիքածածկերի, գիպսակարտոնե պրոֆիլների և սենդվիչ պանելների արտադրության համար (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 425.4 մլն դրամի կապիտալ ներդրում (արտադրական մասնաշենքերի և նոր սարքավորումների ձեռքբերում): Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 74 մլն դրամի կապիտալ ներդրում: Ներկայումս առկա է 80 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5.9 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 240.4 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաւ «Մուրադ-սար» ՍՊԸ-ն, որը զբաղվելու է պոլիվինիլքլորիդե պրոֆիլների՝ դռների և պատուհանների արտադրությամբ (ք. Երևան)։ Ընկերությունն արդեն իսկ իրականացվել է շուրջ 1.5 մլրդ դրամի ներդրում, որից 143,367,000 դրամն իրականացվել հոսքագծի, իսկ մնացած մասը հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ծրագրի շրջանակում կիրականացվի շուրջ 1.38 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 43 աշխատատեղ, կստեղծվի ևս 5-10 նոր աշխատատեղ` 350,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1,383,400,000 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 86 մլն դրամ:

Գործադիրի որոշմամբ մաքսատուրքից ազատման և ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից կօգտվի «Սվետ-տեքս» ՍՊԸ-ն, որը Գյումրիում զբաղվելու է հագուստի՝ տրիկոտաժի արտադրություն, մանկական ներքնաշորերի արտադրությամբ: Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 60 մլն դրամի կապիտալ ներդրում, նախատեսում է ծրագրի շրջանակում իրականացնել 720 մլն դրամի չափով ներդրում` ԵԱՏՄ-ից ներմուծվող հումքի համար, ինչպես նաև նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 60 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 240 նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1.2 մլրդ դրամ, որը 2020 թվականին ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, իսկ հետագայում կարտահանվի նաև երրորդ երկրներ (ԵՄ, ԱՄՆ):

Այլ որոշումներ. սահմանվել է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրով ներկայացված տվյալների շրջանակը

Կառավարությունը սահմանել է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, որն առանց սահմանափակման և պետական տուրքի վճարման հասանելի է հանրությանը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի պահանջների` իրական սեփականատերերի բացահայտման պարտավորություն ունեցող իրավաբանական անձինք՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման և մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կազմակերպությունները մինչև փետրվարի 20-ը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր են ներկայացրել իրենց կազմակերպության իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը բխում է ՀՀ-ում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) իրականացման շրջանակում ստանձնած պարտադիր կատարման ենթակա պարտավորությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) 4-րդ գործողությունների ծրագրի «Իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի ներդրում» հանձնառությունից: ԱՃԹՆ-ն պահանջում է, որ իրական սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տվյալները առանց սահմանափակումների և անվճար հասանելի լինեն հանրությանը:

Գործադիրը հաստատել է պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը՝ ոլորտում արդյունավետության բարձրացման նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրականացվող գույքի վաճառքը կամ վարձակալությունը իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, որի ստեղծման և գործարկման պատասխանատուն կհանդիսանա կոմիտեն: Պետական գույքի ոլորտում նոր մոտեցումների կիրառումը կբարձրացնի պետական գույքի տնտեսական շրջանառության արդյունավետությունը և կնպաստի անշարժ գույքից ստացվելիք եկամուտների ավելացմանը։

 

 

← Վերադառնալ