Մամլո հաղորդագրություններ

Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներն արդյունավետ ընթացք ունեն. քննարկվել են աջակցության նոր ուղղությունները

17.04.2020

ևս 3 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։

Վարչապետին զեկուցվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերի կատարման ընթացքը։ Պատասխանատուները ներկայացրել են ամենօրյա մշտադիտարկման արդյունքները և ցուցանիշները, որոնք վկայում են միջոցառումների դրական դինամիկայի մասին։ Նշվել է, որ դիմումների հավաքագրումն ու հաստատված հայտերի հիման վրա օժանդակության հատկացումը շարունակվում է, արձանագրվող տեխնիկական խնդիրներն արագ լուծում են ստանում։ Ընթացիկ արդյունքներով՝ որոշ ծրագրերի համար նախատեսված վարկային ռեսուրսները մեծամասամբ տրամադրվել են, ինչը խոսում է այդ ծրագրերի արդյունավետ ընթացքի մասին։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել ծրագրերի իրականացման նկատմամբ մշտադիտարկումը և ապահովել պարբերական օպերատիվ արձագանքը։

Հաջորդիվ ներկայացվել են տնտեսական օժանդակության նոր գաղափարներն ու առաջարկները։ Քննարկվել են, մասնավորապես, սկսնակ գործարարներին կրթական բաղադրիչով ծրագրերով խթանելուն, բիզնեսին հարկային ու վարկային գործիքակազմով տրամադրվող աջակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ներկայացվել են մի շարք առաջարկներ և դիտողություններ:

Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով շարունակել աշխատանքը, լրամշակել առաջարկները և ներկայացնել վերջնական տարբերակ։

 

← Վերադառնալ