Մամլո հաղորդագրություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Նիկոլ Փաշինյանը զրույցի սկզբում Իրանի նախագահին և ողջ ժողովրդին շնորհավորել է Ռամադանի սուրբ տոնի կապակցությամբ:
Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ իրենց երկրներում տիրող իրավիճակի և դրա դեմ պայքարի առումով ձեռնարկվող քայլերի մասին: Նրանք երկուստեք ցավակցություն են հայտնել համաճարակի պատճառով մահացածների համար: Նշվել է մարդկությանը պատուհասած այս վտանգին դիմակայելու համար միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրման և երկկողմ համագործակցության կարևորությունը:
Կողմերը գոհունակություն են հայտնել, որ չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առևտրատնտեսական համագործակցությունը: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը:
Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին, մասնավորապես, ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության նախաճգնաժամային ծավալների վերականգնման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկման պատրաստակամությունը՝ պահպանելով ստեղծված իրավիճակով պարտադրված սահմանափակումները: