Մամլո հաղորդագրություններ

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ՝ 54.9 մլրդ դրամ. ծրագրերից օգտվել են 22 հազար տնտեսվարող և 775 հազար ֆիզիկական անձ

30.04.2020

ևս 9 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարության նիստում քննարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ։ Ծրագրով գետերի հովիտներում կհիմնվեն ափապաշտպան անտառաշերտեր՝ ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով: Այդ աշխատանքներում լայնորեն կներգրավվի տեղական բնակչությունը: Այդպիսով՝ կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր և կմեղմվեն բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։ Նախատեսվում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։

Միջոցառման շահառու են ՀՀ այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։ Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200,000.0 հազար դրամ։ Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Երեք կազմակերպությունների միջոցով մարզերում կիրականացվի ծառատունկ, որը կլինի վճարովի աշխատանք և շուրջ 1000 ժամանակավոր աշխատատեղ կստեղծի»: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը մտադիր է այս ծրագիրը դարձնել շարունակական:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վերաբերյալ մի քանի միջոցառումներում: Մասնավորապես, 36 հազարով կընդլայնվի 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը: Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, փոփոխություններով ընդլայնվել են ոչ միայն ոլորտները, այլև ներգրավվել են քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները: Այսպիսով տուժած ոլորտներ կհամարվեն նաև՝ հագուստի, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների, կահույքի արտադրությունը, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստումը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, օդային տրանսպորտի, կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում գործունեությունը, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթը, կրթական, մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեությունը, լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցումը, պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն): Միայն այս նոր ոլորտների աջակցության բյուջեն կկազմի ավելի քան 2 մլրդ դրամ: Ցանկում նոր ընգրկված անձինք կարող են դիմում ներկայացնել մայիսի 4-ին:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ՝ 54.9 մլրդ դրամ: «Շահառու տնտեսվարողների թիվը, ովքեր օգտվել են մեր հակաճգնաժամային միջոցառումներից՝ 22 հազար է, շահառու ֆիզիկական անձանց թիվը կազմում է 775 հազար մարդ: Այս որոշման արդյունքում մեր հակաճգնաժամային միջոցառումներից օգտվող ֆիզիկական անձանց շրջանակը ընդլայնվում է»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը հետևում է ծրագրերի իրականացման գործընթացին, որպեսզի աջակցությունը լինի մաքսիմալ հասցեական և արդյունավետ:

Անդրադառնալով 14-րդ միջոցառմանը, որի նպատակն է օժանդակել ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այս ծրագրով օգնում ենք առանց բացառության բոլոր ուսանողներին՝ այն տարբերությամբ, որ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար այդ աջակցությունը շոշափելի է, իսկ ցածր առաջադիմություն ունեցող ուսանողների համար՝ պակաս շոշափելի»:


Կառավարությունը կպարգևատրի վետերաններին 300 հազարական դրամով՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրել դրամական աջակցություն` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ: Վետերաններից յուրաքանչյուրը կստանա 300,000 դրամ: Անհրաժեշտ գումարը՝ 86,100.0 հազար դրամ, կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: 2020 թ. փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 287 վետերան:

Ինչպես նշել է նախարար Զարուհի Բաթոյանը, կառավարությունը մշտապես բարձր է գնահատել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում վետերանների ունեցած ավանդը և հնարավորության սահմաններում պարբերաբար աջակցել վետերաններին բարեկեցիկ և արժանավայել կյանք ապահովելու հարցում:


Փոխհատուցման չափեր են սահմանվել զինծառայողների կողմից 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացն ապահովելու նպատակով: Այն նաև դրական ազդեցություն կունենա զինծառայողների և նրանց հետ ծառայության վայրում բնակվող ընտանիքի անդամների հանգստի իրավունքի իրացման ու նրանց սոցիալական վիճակի վրա: Որոշման համաձայն՝ փոխհատուցման չափեր են սահմանվում զինծառայողների կողմից 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց: Գործող կարգով՝ ՀՀ տարածքում 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար (175կմ մեկնելը և 175կմ վերադառնալը միասին) զինծառայողներին փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը՝ 10000 դրամ չափով, իսկ նրա հետ մեկնող ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ այդ գումարի 50 տոկոսի չափով: Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերի կողմից իրականացվող խնդիրների շրջանակում բավական մեծ է բնակության հիմնական վայրերից 175 կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ ծառայության վայրեր նշանակված զինծառայողների թիվը, այդ հեռավորության համար սահմանված փոխհատուցման չափը չի բավարարում փակել զինծառայողի կատարած փաստացի ծախսերը, ինչը նաև բացասաբար է անդրադառնում թե զինծառայողների և նրանց հետ ծառայության վայրում բնակվող ընտանիքի անդամների հանգստի իրավունքի իրացման և նրանց սոցիալական վիճակի վրա:

«Նախկինում, եթե, օրինակ, ծառայության վայրը Մեղրիում էր, իսկ բնակության վայրը՝ Գյումրիում, ժամկետային զինծառայողը փոխհատուցում ստանում էր միայն մինչև Երևան հասնելու համար»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու ընդգծել, որ փոփոխություններն արվում են Զինված ուժերում իրականացվող հարցումների հիման վրա: Ըստ վարչապետի՝ զինվորներին հուզող և առանձնացված բոլոր հարցերը հերթով լուծում են ստանալու:

Նախատեսվում է խթանել տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացումը և ավանդական այգիների հիմնումը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրում: Փոփոխություններ կատարելը պայմանավորված է 3 նպատակային ուղղություն խթանելու՝ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ինչպես նաև ավանդական այգու հիմնման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

2019 թ. ընթացքում ծրագրի շրջանակում տրամադրվել է 8841 միավոր վարկ՝ շուրջ 36.2 մլրդ դրամ գումարով, իսկ միայն 2020 թ. առաջին եռամսյակում՝ 1638 միավոր վարկ՝ շուրջ 6.7 մլրդ դրամ գումարով։ Ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման և ավանդական այգիների հիմնման համար վարկերի գումարի վերին շեմի ցածր լինելու հանգամանքով։

Առաջարկվում է, մասնավորապես, նպատակային նոր ուղղությունների՝ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ավանդական այգիների հիմնան համար տրամադրվող վարկի գումարի վերին շեմի բարձրացման (մինչև 50 մլն դրամ) միջոցով ընդլայնել ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցող տնտեսավարողների շրջանակը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ փոփոխություններն արվել են գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ գյուղերից, համայնքներից ստացված արձագանքների հիման վրա: «Մոտավորապես 10 օր առաջ մենք հանդիպում ենք ունեցել մարզպետների հետ: Նրանք ներկայացրեցին այդ առաջարկները, որոնց 90 տոկոսն ընդունեցինք և դարձրեցինք որոշում: Հույս ունենք, որ սա մեր գյուղացիական տնտեսությունների համար շատ լավ ազդակ կլինի, և նրանք ներգրավված կզգան նաև իրենց գործունեության դաշտը կարգավորելու և որոշումներ կայացնելու առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի նաև տնկարանների սերտիֆիկացման հետ կապված փոփոխությունը:

Վարչապետը նշել է, որ տնկարանային տնտեսությունները զարգացնելու անհրաժեշտությունը ներկայացված առաջարկներից է, որի հետ կառավարությունը համաձայն է: «Այստեղ կա միայն մեկ հարց՝ այդ տնկիների որակի և սերտիֆիկացման հետ կապված: Ցավոք, այսօր կան բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները տնկի են առնում և 3, 4 կամ 5 տարի հետո արձանագրում, որ այդ տնկին չունի այն որակը, որն իրենք ակնկալել են»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա համար, նախքան ծրագիրը գործարկելը, անհրաժեշտ է ստեղծել տնկիների որակի սերտիֆիկացման համակարգ:

 

← Վերադառնալ