Մամլո հաղորդագրություններ
«Մեր ամենամեծ մարտահրավերն է՝ այս իրավիճակում ապրել բնականոն սոցիալ-տնտեսական կյանքով». վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին
ևս 1 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Նախ անդրադարձ կատարենք մեր համաճարակային իրավիճակին: Պարոն Թորոսյան, մենք նախորդ օրը նոր դեպքերի շատ մեծ թիվ ենք ունեցել: Խնդրեմ, ներկայացրեք:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Այո, ռեկորդային` վատ իմաստով, թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք: Եվ, այսպիսով, ընդհանուր դեպքերի թիվը ստացվում է 2066, բուժվածների թիվը- հավելյալ 29 բուժված քաղաքացի ենք ունեցել - 929: Այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ գտնվող անձանց քանակը 1103 է: Եվ նաև ունեցել ենք, դժբախտաբար, 2 մահվան դեպք, այսինքն՝ ընդհանուր մահերի թիվը կորոնավիրուսային հիվանդությունից ստացվում է 32: Արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59: Եվ իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին, ասիմպտոմ քաղաքացիներին կամ շատ թեթև քաղաքացիներին արդեն չհոսպիտալացնելու ռազմավարությանը: Իհարկե, մեր մոտեցումն այնպիսին է, որ այդ օրը, երբ մենք այդ որոշումը կկայացնենք, փորձելու ենք առավելագույնս ձգել, որովհետև դա նաև բերելու է ապագայում հետագա տարածման: Ենթադրում եմ, որ 5-6 օր դեռ կկարողանանք այս տեմպով ձգել, չնայած այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ շատ փոխկապակցված անձինք, այսինքն՝ մենք չենք կարող վստահաբար ասել, որ այսօր էլ այդքան քաղաքացի կլինի, հնարավոր է՝ ավելի քիչ լինի: Փոխկապակցվածության հանգամանքն է շատ մտահոգեցնում նաև մի առումով, որ մի դեպք ունենք, որից մենք փաստացի միշտ փորձել ենք խուսափել. հուղարկավորության արարողության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել, և այլ անձինք են վարակվել: Դրա համար նորից պետք է կոչ անենք նման արարողություններին փոքրաթիվ անձանցով մասնակցել և չհամարել, որ վտանգն ամբողջությամբ անցել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան -Պարոն Ավինյան, այս նոր փաստերը մեր պլանները փոխո՞ւմ են, թե՞ մենք մեր որդեգրած պլաններով գնում ենք առաջ:
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյան -Շնորհակալություն, պարոն վարչապետ: Կարծում եմ՝ դեռևս չեն փոխում մեր պլանները, որովհետև, ինչպես նշեց պարոն Թորոսյանը, ընդհանուր առմամբ շրջանակը կոնկրետ է, և մենք ունեցել ենք նաև հիվանդանոցում բավական լուրջ խնդիր, և այդտեղ էլ շրջանակը քիչ թե շատ կոնկրետ է: Այնուամենայնիվ, վարակի տարածման դինամիկայից կախված՝ մեր որոշումները կարող են փոփոխվել: Դեռևս, կարծում եմ, նման փոփոխությունների կարիք չկա: Բայց մոտակա օրերի թվերը, նաև այն անձանց շրջանակը, ում մոտ դրական կհաստատվի, մեզ թույլ կտա արդեն վերջնական որոշումներ կայացնել: Այս պահի դրությամբ մենք գնում ենք դեռևս այն տրամաբանությամբ, որ մայիսի 4-ից էականորեն փոփոխվելու է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը, և էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ, և դեռևս այլ որոշում չկա։ Այնուամենայնիվ, ինչպես և քննարկել ենք, շարունակելու է փակ մնալ ամբողջ կրթական համակարգը՝ համալսարանները, դպրոցները, և այս տարին ավարտելու ենք առանց այդ տեսակի գործունեության, բացի հեռավարից, այդ գործունեությունն ուրիշ տեսակի չի լինելու: Դեռևս էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճությունների ոլորտում և մի քանի այլ ոլորտներում, բայց, ընդհանուր առմամբ, մշակող արդյունաբերության ոլորտը վերագործարկվելու է: Վերագործարկվելու են որոշ տեսակի խանութներ, և այս առումով փոփոխություններ չունենք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, հաշվի առնելով մեր նոր պայմանավորվածությունը, այսինքն՝ որ հնարավորություն կա ուղղակի զբոսանքի դուրս գալու՝ ես երեկ ընտանիքիս հետ դուրս եմ եկել զբոսանքի, ուղղակի քայլելու փողոցում, և ահագին մարդ կար: Եվ ես, գիտեք, կասեմ, որ շատ դժվար է լինելու, որովհետև, ըստ էության, այն, ինչ մենք ասում ենք, մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում: Եվ եթե մենք, այնուամենայնիվ, չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլև նրանց քաջալերել և հասնել նրան, որ այդ կանոնները պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու: Որովհետև ես քայլում էի և մարդիկ նույնիսկ խմբերով կանգնած զրուցում էին իրար հետ, և եթե այդտեղ վարակված մի մարդ լիներ, ակնհայտորեն այդ 10-15 հոգին միանգամից վարակվելու էին։ Եվ, հետևաբար, մենք պետք է հասկանանք, որ ինչու ենք մենք գնում այսպիսի քայլերի՝ առանց համաճարակի հաղթահարման, որովհետև երբ այս սահմանափակումը մտցնում էինք, մեր և ոչ միայն մեր, բոլորի հույսն այն էր, որ մեկ ամիս, երկու ամիս, և վարակը կհաղթահարվի։ Բայց հիմա վարակի սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ, որ, օրինակ, կարծում եմ՝ ակնհայտ է, որ առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և, հետևաբար, չենք կարող մեկ տարի ուղղակի փակված ռեժիմով ապրել: Ոչ միայն մենք չենք կարող, այլև աշխարհի ոչ մի երկիր չի կարող: Եվ առանց որևէ պայմանավորվածությունների, այս պրոցեսներն արդեն աստիճանաբար աշխարհի ամենատարբեր երկրներում տեղի են ունենում, որ կորոնավիրուսին զուգահեռ տեղի են ունենում մեղմացումներ: Եվ դրա պատճառը նաև այն է, որ նախ մեր առողջապահական համակարգը կոնկրետ շփվեց այդ հիվանդության հետ և որոշակի փորձ ձեռք բերեց, մենք բոլորս հոգեբանորեն ադապտացվեցինք այդ իրավիճակի հետ: Բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ վարքագծային առումով նույնպես այդ ադապտացիան տեղի ունենա, որպեսզի մենք նոր պրոբլեմներ չունենանք: Եվ, հետևաբար, մեր մեծագույն խնդիրը տնտեսվարողների, անհատ քաղաքացիների, բոլորի՝ երեխաների, մեծահասակների, միջին տարիքի մարդկանց վարքագծային նոր կանոնների հաստատումն է, որպեսզի մենք կարողանանք զուգահեռ ապրել, որովհետև էլ փակված հնարավոր չէ շարունակել, կամ լավ, եթե հնարավոր է ևս 10 օր, էլ մոտիվացիա չկա, որովհետև եթե իմանանք՝ ևս մի ամիս փակվելու ենք, և վարակը չի լինելու այլևս, կարող ենք անել: Այո, կարող ենք ասել ամբողջ ռեսուրսները կենտրոնացնենք, մեկ ամիս էլ փակված մնանք, բայց փաստն այն է, որ մենք հստակ հիմա վստահաբար գիտենք, որ այդ մեկ ամսում ոչինչ տեղի չի ունենալու, որ մեզ թույլ տա լիարժեք վերադառնալ նախկին կյանքին: Առաջիկա մեկ տարում անընդհատ Հայաստանում և աշխարհում, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել, տեղի է ունենալու, և, հետևաբար, մեր բոլորի ամենամեծ մարտահրավերն է՝ այս իրավիճակում ապրել բնականոն սոցիալ-տնտեսական կյանքով: Համեցեք։
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյան - Միանշանակ, պարոն վարչապետ: Այնուամենայնիվ, շատ կարևոր արձանագրում պետք է նաև անենք, որ բոլոր միջոցառումների հիմնական նպատակն առողջապահական համակարգի կարողությունները պատշաճ մակարդակի հասցնելն էր՝ առաջին հերթին, և կարծում եմ, որ այդ խնդիրը լուծված է՝ համենայնդեպս այս փուլում: Եվ ևս մեկ կարևոր արձանագրում՝ եթե մենք տեսնենք, որ ընդհանուր առմամբ մեղմացումների այս քաղաքականությունը, որը մենք վարում ենք, տալիս է վտանգավոր հետևանքներ, բերում է վտանգավոր հետևանքների, և վարակի տարածման արագությունը և տեմպն աճում են այն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին, ես կարծում եմ, որ միանշանակ ամենակոշտ ռեժիմին և եղած ամենակոշտից ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի այն կանոնները, որոնք հաստատվում են, խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից, որովհետև, առաջին հերթին, այդ տնտեսվարողների շահերից է բխում այդ կանոնների պահպանումը: Եթե որևէ մեկը վարակվեց որևէ տնտեսվարողի մոտ, ավտոմատ կերպով այդ տնտեսվարողի գործունեությունը դադարեցվելու է: Այսինքն՝ պետք է նաև այս հանգամանքը հաշվի առնել, և կարծում եմ, որ այս կանոնները բոլորի շահերից են բխում: Պետք չէ լինել անվախ այս առումով, պետք է միշտ լինել զգուշավոր և պահպանել կանոնները, որպեսզի կրկին ստիպված չլինենք վերադառնալ հին ռեժիմներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այստեղ ես ուզում եմ պարզաբանել շատ կարևոր մի նրբություն, որը Ձեր խոսքում էլ կար, պարոն Թորոսյանի խոսքում էլ, երբ պարոն Թորոսյանը խոսում է ասիմպտոմ հիվանդներին տուն ուղարկելու մասին: Մենք այս ընթացքում բժշկական հսկողության տակ ենք պահել մարդկանց, ովքեր, ըստ էության, չեն բուժվում, այսինքն՝ նրանք բժշկական օգնության կարիք չունեն: Այո, նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանք ո՛չ ջերմություն ունեն, ո՛չ թոքաբորբ ունեն, երբեմն նույնիսկ ո՜չ էլ հազում են, երբեմն ո՜չ էլ փռշտում են, բայց մենք այդ մարդկանց պահել ենք բժշկական հսկողության ներքո՝ ոչ թե նրանց բուժելու համար, այլ որպեսզի նրանց կանխարգելենք ուրիշներին վարակելու համար: Եվ, հետևաբար, այս նոր պայմաններում քաղաքականության փոփոխությունն ի՞նչը պետք է լինի, որ բուժհաստատություններում պետք է գտնվեն այն մարդիկ, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք, այսինքն՝ նրանք պետք է բուժվեն: Այստեղ ռիսկն ի՞նչ է. երբ մենք ասիմպտոմ հիվանդին թողնենք գնա տուն, իր անհատական կարգապահությունից շատ բան է կախված լինելու: Եթե ինքը տնից դուրս եկավ, այսինքն՝ կարանտինային ռեժիմը չպահվեց, վարակը, բնականաբար, տարածվելու է: Բայց այստեղ էլի խնդիրը ոչ թե վարակի տարածվելն է ինքնին, այլ այդ տարածման արդյունքում ծանր և առանձնապես ծանր դեպքերի թվի շատացումը: Եվ մենք հիմա, ասենք, օրինակ, նոր քաղաքականության պայմաններում կարողանալու ենք սպասարկել մոտավորապես 1500 ծանր դեպք՝ իհարկե, հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման սարքի կարիք կունենա: Բայց մենք, ըստ էության, այս առումով հենց սկզբից էլ այս ճանապարհով ենք գնացել և պետք է շարունակենք այս տրամաբանությունը զարգացնել, որովհետև, հակառակ դեպքում, եթե մեր մեկուսացված պայմաններում մոտավորապես այնքան հիվանդ կա, ինչքան փաստացի առօրյա կյանքում, այդ մարդկանց հիվանդանոցում պահելը, ըստ էության, դառնում է անիմաստ: Բայց մենք պարտավոր ենք այս իրավիճակի մասին հանրությանը լիարժեք իրազեկել, և կարծում եմ՝ շատ կարևոր է արձանագրել, որ սկսած առաջին դեպքի արձանագրումից մինչ օրս հանրությունը կառավարությունից ունեցել է 100 տոկոսով լիարժեք տեղեկատվություն՝ բոլոր փաստերի մասին կորոնավիրուսի հետ կապված, և մեր քաղաքականությունը, բնականաբար, շարունակվելու է: