Մամլո հաղորդագրություններ

Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային ծրագրերի խթանման հնարավորությունները

13.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Այդ համատեքստում ներկայացվել են կոնկրետ նախագծեր, որոնք առաջարկվում է կյանքի կոչել վերը նշված ձևաչափով: Նախագծերը վերաբերում են մեքենաշինության և ծառայությունների մատուցման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն նաև մի քանի հարյուր նոր աշխատատեղեր:

Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծերի իրականացման մեխանիզմներին, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերում նոր ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ կառավարության քայլերը և պատասխանատուներին հանձնարարել շարունակել քննարկումները վերը նշված նախագծերի իրականացման մեխանիզմների շուրջ և ներկայացնել ամփոփ առաջարկություն:

Խորհրդակցությունն անցկացվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության շրջանակներում:

 

← Վերադառնալ