Մամլո հաղորդագրություններ
Շահութաբեր և արտահանմանը միտված գյուղատնտեսություն. խորհրդակցություն՝ վարչապետի մոտ
ևս 1 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ռազմավարական զարգացմանը վերաբերող հարցեր:
Այդ համատեքստում Կենտրոնական բանկի մասնագետների կողմից ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ֆոնդի հիմնման նախագիծը և դրա կիրառման հնարավորությունները, նպատակները, ոլորտում զարգացման մեխանիզմների ներդրման քայլերը: Նշվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Նախագծով առաջարկվում են ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի պարկի հիմնադրում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով:
Ներկայացված նախագծի շուրջ տեղի է ունեցել մանրամասն քննարկում, հնչեցվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:
ԿԲ պատասխանատուներն անդրադարձել են նաև գյուղոլորտի վարկերի տրամադրման գործընթացին: Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա մարտ ամսվա դրությամբ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տրամադրված վարկերի ծավալն աճել է 20,3 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլին 2020-ի տարեսկզբի համեմատ՝ 4,6 տոկոսով:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել վերը նշված ֆոնդի ձևավորման ճանապարհային քարտեզ, որտեղ առավել մանրամասն նկարագրված կլինեն դրա նպատակները, գործունեության արդյունքում հնարավոր ակնկալիքները: «Կառավարության նպատակն է՝ գյուղատնտեսությունը դարձնել շահութաբեր, արտահանմանը միտված, բարձր տեխնոլոգիական և արտադրողական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նաև առաջիկայում ոլորտում հաջողություններ արձանագրած ֆերմերների հետ քննարկումների կազմակերպումը: