Մամլո հաղորդագրություններ

Մեր խնդիրն է՝ մեր անհատական վարքագծով թեթևացնել առողջապահական համակարգի բեռը. վարչապետ

04.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հույս ունեմ՝ առողջ եք բոլորդ: Սկսում ենք կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի նիստի աշխատանքները: Բայց նախ կուզենայի, որ անդրադարձ կատարենք հակահամաճարակային և համաճարակային իրավիճակին: Պարոն Թորոսյան, խնդրում եմ, տեղեկատվություն տվեք վերջին զարգացումների վերաբերյալ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Վերջին տվյալները հետևյալն են՝ երեկվա դրությամբ կրկին ունեցել ենք մինչ օրս արձանագրված դեպքերի ամենամեծ թիվը՝ 697 նոր արձանագրված դեպք, և հետևաբար, ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11000-ի շեմը և դարձել է 11221: Ունեցել ենք դժբախտաբար նաև մահվան դեպքեր՝ 6 մահվան դեպք, որի գումարային թիվը դառնում է 176: Կարող եմ ասել, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մոտավորապես մնում է նույն շրջանակում. ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի և թոքերի օդափոխության սարքերին միացված՝ 15 հոգի: Նաև կա մի վտանգավոր տենդենց՝ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում: Դրա մասին խոսվել է վերջին մի քանի օրը, ինչը մեր իսկ փորձով ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում, որովհետև փաստացի մարտի սկզբին արձանագրված մեր 2 օջախներից մեկի պատճառով է, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում՝ կրկին արտադրամասից: Եվ փաստացի հիմա հնարավոր է՝ էլի նմանատիպ սցենար ունենանք: Ու դրա համար շատ կարևոր է հենց արտադրական ձեռնարկություններում բոլոր կանոնների պահպանումը՝ սկսած աշխատակիցների գործի վայր ժամանելուց, աշխատանքի վայրում բոլոր կանոնները պահելուց նույնիսկ մինչև տուն գնալը: Լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների իրավիճակը: Որպես օրինակ բերեմ, որ այս արձանագրված դեպքերի մոտավորապես 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի, և միայն մնացածն է, որ մնում տանը՝ տնային բուժման, առողջության առաջնային պահպանման օղակի հսկողության տակ: Եվ մենք ամենօրյա ռեժիմով, գրեթե ձեռքով, եթե այսպես կարելի է անվանել, տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Եվ շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ պրոցեսը, ինչպես մինչ օրս արել ենք, այսինքն՝ որևէ մեկին չենք թողել առանց բուժօգնության, շարունակենք հենց այդպես: Հակառակ պարագայում՝ շատ դժվար է լինելու այդ ամենն ապահովել, ու կարծում եմ, որ մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն, հիմնականում սրանից բխեն: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն, պարոն Թորոսյան: Ըստ էության, մենք պետք է արձանագրենք՝ մեր խնդիրը որն է: Մեր խնդիրն այնպես անելն է, որ առողջապահական համակարգն իսկապես կարողանա սպասարկել դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր քաղաքացիներին: Հիմա մեր պրոբլեմը, որ մենք ունենք, ամենևին առողջապահական համակարգում չէ, այլ առողջապահական համակարգից դուրս է: Խոսքը հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ է: Եվ վերջին օրերի մեր մոնիթորինգը ցույց է տալիս հետևյալը, որ հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում: Ընդ որում՝ ես հիմա արձանագրում եմ, որ այստեղ մենք ունենք ավելի մեծ ռիսկի գոտիներ, և պետք է ցավով արձանագրեմ, որ այդ ռիսկի գոտիներից մեկը, երեկվա արձանագրությամբ, մեր բանկային համակարգն է: Երեկ մենք շատ սերտ աշխատեցինք նաև Կենտրոնական բանկի հետ, և օրվա ընթացքում կարգավորվեց: Բայց այսօր առավոտվանից մենք էլի ստանում ենք տեղեկություններ, որ կանոնները չեն պահվում: Ընդ որում, խնդիրը հետևյալի մեջ է, մի քիչ եզրային է, որ ոչ թե ներսում՝ գրասենյակների ներսի մասին է, այլ քանի որ թոշակների կամ այլ վճարումների հետ կապված մարդկանց մեծ հոսք է լինում, կա հերթերը նաև գրասենյակների տարածքներից դուրս կառավարելու անհրաժեշտություն: Եվ երեկ մենք այս թեմայով աշխատել ենք, և պարոն Ջավադյան, պետք է խնդրեմ, որ աշխատեք բանկերի հետ, որպեսզի այդ գործողությունները լինեն ոչ միայն տարածքի ներսում, այլև տարածքից դուրս, որովհետև սա, ըստ էության, մեր ամենակարևոր օջախներից է: Խնդրեմ, պարոն Ջավադյան, այդ թեմայով ի՞նչ ունեք ասելու:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան – Պարոն վարչապետ, երեկ բավական լավ արդյունքների հասանք՝ սոցիալական տարածությունների պահպանման, դիմակների բաժանման, ախտահանող տարբեր միջոցների տրամադրման, նոր սարքերի տեղադրման առումով և այլն: Որոշ հարցեր լուծվեցին երեկ, և օրվա վերջին բավական լավ իրավիճակ էր: Այսօր առավոտյան 2 ահազանգ ենք ստացել 2 մարզից, 1՝ Երևան քաղաքի համայնքներից մեկից: Մեկում նույնիսկ մենք կասկածում էինք, որ պրովոկատիվ բաներ կան, կապվել ենք ոստիկանության հետ էլ, հիմա այդ հարցը կարծես լուծվում է: Մարզերում խնդիրն էլի կապված էր թոշակների և մեր սոցիալական ծրագրերի այն բաժանորդների հետ, ովքեր դեռ չէին հասցրել վերջնական իրենց գումարներն ստանալ: Իհարկե, աշխատանք տարվում է, բայց տեղեր կան՝ նույն դիսցիպլինային խնդիրն է: Բանկերն այդ գծերը քաշել են, հատուկ միջոցներ են ձեռնարկում, աշխատակիցները բոլորին խնդրում են բոլոր ձևերով պահպանել սոցիալական տարածությունը, ինչպես նշեցի, բաժանում են դիմակներ, եթե անդիմակ մարդիկ կան, սոցիալական ցանցերով, հեռուստատեսությամբ դիմում են իրենց հաճախորդներին, սպասարկման ժամկետները երկարացրել են՝ մի քանի ժամով, փորձում են հերթերի հատուկ ձև, որ կուտակումներ չլինեն, հատուկ տարբեր գործառույթներով՝ բանկ եկող անձանց զանգելով, հաղորդագրություններով ժամերը փոխեն, ուրիշ ժամերի հետ կապեն: Եթե ավանդների վերաձևակերպում է, փորձում են օնլայն այդ ամեն ինչն անել, իդենտիֆիկացիայի նոր գործիքներ կիրառել: Միաժամանակ հաղորդագրությունների և հաղորդակցության այլ միջոցներով փորձում են բոլորին հորդորել՝ օգտվել օնլայն ծառայություններից: Բայց, իհարկե, ես չեմ կարող ասել, որ վիճակն անկառավարելի է. լրիվ կառավարելի վիճակ է, 1-2 դեպք են մնացել: Բացի դրանից, մեր վերահսկողները հանրապետության ողջ տարածքում այս պահին ծառայություն են իրականացնում և բանկերի ղեկավարությանը, բոլորին ես խնդրել եմ, երեկ հորդորել եմ՝ եթե կա խնդիր, նոր աշխատող են ուղարկում և նաև համագործակցում են ոստիկանության հետ, եթե դրա կարիքը լինում է: Ինձ թվում է, որ վիճակն այսօր արդեն անհամեմատելի է երեկվա հետ, և արդեն ֆեյսբուքում էլ բավական շատ պատկերներ կան տարբեր բանկերից: Կարծում եմ՝ այսօր այդ վիճակն ամբողջությամբ կբարելավվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Արշակյան, երեկ խնդրահարույց վիճակ ունեինք նաև «Հայփոստ»-ում: Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցիք, որպեսզի իրավիճակը 100 տոկոսով համապատասխանի հակահամաճարակային պայմաններին:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան – Շնորհակալություն: Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, երեկ մի շարք գրասենյակներում, որտեղ 1000-ից ավելի կենսաթոշակառուների առումով սպասարկման ծավալներ կային, մենք խնդիրներ ենք ունեցել կուտակումների հետ կապված և դրսում, բանկային համակարգի նման: Դրսում կուտակումներ ենք նկատել, փոստային բոլոր բաժանմունքերի վրա խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն: Երեկ օրվա երկրորդ կեսին արդեն դրական տեղաշարժ ունեինք այս առումով: Երեկվա ընթացքում նաև գծանշվել են փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները, այսօր շարունակվում են աշխատանքները, և օրվա վերջում արդեն մեծամասամբ կունենանք այդ գծանշումները, որոնք սոցիալական հեռավորության պահպանման տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունեն: Նաև, պարոն վարչապետ, երեկ պարետի կողմից որոշում է կայացվել՝ այս ամիս նույնպես թոշակները փոստատարների միջոցով առաքել տուն: Այստեղ նաև շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ կենսաթոշակառուները հնարավորություն ունեն՝ ստանալ բանկային քարտեր և իրենց քարտային հաշիվների վրա ստանալ կենսաթոշակները: Սա, իհարկե, պարտադիր բնույթ չի կրում, և հարյուր հազարավոր թոշակառուներից շատ քչերն են օգտագործում այդ միջոցը: Ես կոչ կանեմ մեր կենսաթոշակառուներին՝ բանկային քարտի միջոցով ստանալ թոշակները, անկանխիկ և այդպիսի հերթերի կուտակումներից խուսափել:
Եվս մի բան կուզենայի ավելացնել, պարոն վարչապետ, որ այս պահին Ազգային ժողովում է գտնվում կենսաթոշակների մասով օրինագիծ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված, որը մյուս տարվա հունիսից կամ հուլիսից արդեն իսկ պարտադիր է դարձնում կենսաթոշակների էլեկտրոնային բաշխումը: Եվ, կարծում եմ, սա նաև լավ հնարավորություն է, որպեսզի մենք մեկ քայլ առաջ կատարենք անկանխիկ առևտրի, ինչպես նաև անկանխիկ դրամաշրջանառության առումով: Եվս մեկ խնդիր, որ երեկ արձանագրել ենք՝ կենսաթոշակառուների ցուցակների, այսպես ասած, թղթային տաբելների խնդիրն է, որը թույլ չի տալիս զուգահեռաբար իրականացնել բաշխման պրոցեսը, այսինքն՝ կա ցուցակ, որը տրամադրված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, որը պետք է առկա լինի ֆիզիկապես, որպեսզի թոշակառուն ստորագրի դրա վրա և կամ պետք է փոստատարի մոտ լինի, կամ փոստային բաժանմունքում: Մենք երեկ խոսակցություն ենք ունեցել տիկին Բաթոյանի հետ և պայմանավորվել ենք, որպեսզի այդ ցուցակների թվայնացումը կտրուկ արագացվի, և արդեն գոնե մյուս ամիս թվային տեսքով դրանք ունենանք, որպեսզի բաշխումը հնարավոր լինի զուգահեռ իրականացնել՝ թե՛ փոստատարի միջոցով, թե՛ փոստային բաժանմունքում հնարավոր լինի բաշխել և այդպիսով նույնպես քչացնենք այսպիսի կուտակումները: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն, պարոն Արշակյան: Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ կարծում եմ, որ պետական բոլոր մարմինները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Ուզում եմ հիշեցնել, որ բոլոր փակ տարածքներում բոլորը պետք է լինեն դիմակներով, և այս կանոնը պետք է համատարած կատարվի, այդ թվում՝ նաև պետական բոլոր հիմնարկներում: Երեկվանից պարետի որոշմամբ դիմակի կրումը պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում, այսինքն՝ տնից, աշխատանքի վայրից դուրս էլ նույնպես պետք է դիմակներ կրեն մեր համաքաղաքացիները: Եվ ուզում եմ ասել որ նաև վերջին շրջանում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործողությունների արդյունքում, մեր գործողությունների արդյունքում դիմակների որոշակի գնանկում է նկատվել: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նաև վարույթ է հարուցել: Հույս ունենք և համոզված ենք, որ այդ պրոցեսը կշարունակվի: Խոսքը դիմակների գնանկման մասին է:
Սիրելի հայրենակիցներ, կրկին ուզում եմ բոլորիս կոչ անել, որ մենք պահպանենք հակահամաճարակային կանոնները: Դա է ճանապարհը, որովհետև մեզնից, մեր վարքագծից է կախված, թե արդյոք առողջապահական համակարգը կկարողանա տանել այն բեռը, որը մենք դնում ենք նրա վրա: Մեր խնդիրն է՝ մեր անհատական վարքագծով թեթևացնել առողջապահական համակարգի բեռը:
 

← Վերադառնալ