Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին
ևս 1 լուսանկար
ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է հանրապետությունում կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակին:
Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համավարակը շարունակում է ծավալվել: Միայն երեկվա դրությամբ, մեկ օրվա արդյունքներով՝ աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերը գերազանցել են 100000-ը, և ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը: Եվ երկրներ, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, վերադառնում են, ցավոք, կրկին համաճարակի ամենաակտիվ փուլ: Ցանկանում եմ ընդգծել, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ, ըստ էության, հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել: Սա, ըստ էության, այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ, կամ, գուցե մի փոքր ավելի շուտ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք, և այս առումով էր հատկապես կարևորվում դիմակների կրումը, այդ թվում բաց տարածքներում: Ցանկանում եմ ասել, որ Հայաստանում նույնպես շարունակում է համաճարակը ծավալվել. երեկ 526 դեպք ենք ունեցել, կորոնավիրուսից մեր մահերի թիվը, ցավոք, հասել է արդեն 535-ի, ևս 170 քաղաքացի մահացել է այլ պատճառներով, բայց վարակված է եղել կորոնավիրուսով:
Եվ ես կրկին ցանկանում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք մեզ թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը կամ մոտեցնել զրոյին: Այս առումով ցանկանում եմ ընդգծել, որ երեկ պարետը որոշում է ստորագրել, որով փոփոխություններ է մտցրել դիմակի կրման կանոնների մեջ: Մասնավորապես, մի շարք հիվանդություններ ունեցող անձանց համար բացառություններ են սահմանվել: Երեկվանից այս որոշումը բավական լայն քննարկման առարկա է դարձել, և կան տեսակետներ, որ պարզապես քաղաքացիները, այդ որոշումից օգտվելով, զանգվածաբար կխուսափեն դիմակներ կրելուց:
Պարոն Ավինյան, ես կցանկանայի, որ Դուք ևս մեկ անգամ պարզաբանեիք՝ ոչ միայն այն փաստը, որ դա վերաբերում է միայն կոնկրետ հիվանդություն ունեցող անձանց, այլև դա փաստաթղթով պետք է հիմնավորված լինի, այսինքն՝ բանավոր խոսքի վրա չի կարող հիմնվել, հակառակ դեպքում՝ ոստիկանությունը պիտի կիրառի սահմանված տուգանքները: Ընդ որում՝ տուգանքների հետ կապված նույնպես, հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել: Այո՛, մենք ասում ենք, որ այդ թվում՝ ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը, և այս ճանապարհին մենք շատ հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում՝ նաև ներդնելու ենք նոր խստացումներ: Եվ մեր նպատակն այս ճանապարհին ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի հայրենակիցները, ում համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակ կրեն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ: Եվ մենք պետք է ապահովենք, քաղաքացիների գիտակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով, այդ թվում՝ նաև հանրային կոմունիկացիայով:
Պարոն Ավինյան, ես կցանկանայի որոշ մանրամասներ ներկայացնեք և պարզաբանեք երեկվա որոշումը:
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյան- Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ: Որոշումը կապված է եղել խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցող անձանց դիմակ կրելու հետ, և դա որոշակի խնդիրներ է առաջացրել: Այդ պատճառով Առողջապահության նախարարության հետ խորհրդակցելով՝ որոշում է կայացվել բաց տարածքում որոշ հիվանդություններ ունեցողների համար դիմակ կրելու պարտադիր պահանջը հանել: Այդպիսի հիվանդություններն են խրոնիկ շնչառական հիվանդությունները՝ ասթման, թոքերի խրոնիկ աբստրուկտիվ հիվանդությունը, նեմֆիզեման կամ բրոնխիտը, ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև երրորդ, չորրորդ ֆունկցիոնալ դասի խրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթղթեր: Եվ այդ բժշկական փաստաթղթերի ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որպեսզի ոստիկանությունը հստակ իմանա, թե ինչ է դա իրենից ներկայացնում: Որպեսզի այս որոշման չարաշահման հնարավորություններ թույլ չտանք, պետք է բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն նման հիվանդություններ, կրկնեմ՝ միայն բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթն իրենց մոտ ունենան, որովհետև ոստիկանությունը հենց դա է ստուգելու: Ընդհանուր առմամբ՝ այսքանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Ղազարյան, այսինքն՝ ոստիկանությունը, որևէ բանավոր խոսքի վրա հիմնվելով, չի կարող դիմակ չկրելու փաստը համարել հարգելի:
Ոստիկանապետ Վահե Ղազարյան – Լսում եմ, պարոն վարչապետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պարոն Թորոսյան, մենք, իհարկե, այս ընթացքում հաճախ ենք քննարկում, որ կորոնավիրուսի համատեքստում որևէ պոզիտիվ լուր հաղորդելն այդքան էլ ճիշտ մարտավարություն չի, որովհետև ինչ-որ առումով թուլացնում է մարդկանց զգոնությունը, բայց, այնուամենայնիվ, նաև պարտականություն ունենք մեր քաղաքացիներին իրազեկելու: Ես կցանկանայի՝ Դուք տեղեկություններ տայիք համակարգի ծանրաբեռնվածության մասին: Ցանկանում եմ հիշեցնել, հարգելի գործընկերներ, որ մոտավորապես 20 օր կամ, ավելի ճիշտ, մեկ ամիս մենք ունեինք, այսպես ասած, տանը սպասող հիվանդների ինստիտուտ - իհարկե, նրանք համեմատաբար թեթև դեպքեր են – այնուամենայնիվ, ինչ-որ ժամանակ ստիպված էին տանը սպասել, որպեսզի հնարավոր լիներ հոսպիտալացնել:
Պարոն Թորոսյան, Դուք երեկ, նաև այսօր առավոտյան ինձ ասել եք, որ այդ առումով փոփոխություն ունենք: Կխնդրեի ներկայացնեք այդ տվալները:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Այո, մեր տրիաժ կենտրոն հայտնած և տանն սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է՝ չունենք, այսինքն՝ 0 է թիվը, և ամենօրյա վիճակագրությունն ամեն դեպքում բացասական միտում ցույց չի տալիս: Նաև այն քաղաքացիների շատ փոքր թիվ ունենք, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ: Նրանց թիվը, առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ, 13 է և օրվա ընթացքում տատանվում է մոտավորապես այդ թվի շուրջ: Այս թվերը նշանակում են, որ պատշաճ բուժօգնության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին այդ բուժօգնությունը մատուցվում է համապատասխան հաստատություններում: Համակարգի ծանրաբեռնվածությունը, իհարկե, մնում է լարված այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար: Մենք պետք է շարունակենք ծավալված բոլոր հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը և շարունակենք ծավալումը: Նոր ծավալումներ լինելու են մոտակա թե՛ շաբաթներին, թե՛ ամիսներին: Բայց, եթե 1-2 բառով ասեմ, վիճակը մնում է կայուն, բայց ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց արձանագրենք նաև, պարոն Թորոսյան, որ վիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի, որովհետև, ցավոք, մենք չենք կարող վստահաբար նշել, որ վաղը, մյուս օրը նույնքան կայուն կմնա իրավիճակը, և, հետևաբար, թվերի փոփոխությունից շղթայական նեգատիվ զարգացում չենք ունենա:
Ես ցանկանում եմ արձանագրել, որ վերջին շրջանում մենք ծավալվեցինք փաստորեն Սպիտակում, Մարտունիում, առաջիկայում սպասում ենք վերակենդանացման նոր բաժանմունքների բացում Էրեբունի բժշկական կենտրոնում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Ես ամբողջությամբ թվարկեցի՞՝ Սպիտակ, Մարտունի:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Պարոն վարչապետ, Սպիտակն ամբողջությամբ արդեն ծավալված է, և ծավալված 120 մահճակալները գրեթե ամբողջությամբ զբաղված են: Դա նոր ծավալումներից ամենամեծն էր: Մարտունու բժշկական կենտրոնի ծավալումը գրեթե վերջնական էր, բայց մի քանի տեխնիկական հարց կար, այսինքն՝ մոտ օրերս վերջնական տեղի կունենա:
Վերակենդանացման բաժանմունքների մասով՝ մենք ունենք 3 սպասվող՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Միքայելյան վիրաբուժության և Էրեբունի բժշկական կենտրոն: Ես Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին երեկ անձամբ այցելել եմ: Այն գրեթե պատրաստ է և մեկ շաբաթից կծավալվի ամբողջությամբ: Դա թույլ կտա ընդհանուր պրոֆիլի բոլոր պացիենտներին տեղափոխել այդ նոր բացվող, բայց հարաբերականորեն ավելի փոքր վերակենդանացման բաժանմունք, մոտ 25 մահճակալանոց, և գործող՝ այս պահին մոտ 50 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունքն ամբողջությամբ տրամադրել կորոնովիրուսային հիվանդությանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և Միքայելյանը վիրաբուժության ինստիտուտի ծավալումը հավանաբար շատ արագ չի լինի, որովհետև լայնածավալ շինարարական աշխատանքներ են գնում: Չնայած շատ ակտիվ, բայց ամեն դեպքում դրանք 0-յից են ստեղծվում, և մեր նախնական թիրախային ժամկետներն օգոստոսի կես-սեպտեմբեր է: Եվ եթե ենթադրենք, որ ամբողջ աշխարհում նաև ակնկալվում է, այդ թվում՝ դեպքերի աշնանային աճ, ապա դա շատ տեղին ծավալում է՝ ի սպասում այդ աճի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Պարոն Թորոսյան, ես ցանկանում եմ արձանագրենք, որ նաև այս ընթացքում, ըստ էության, ծավալվել են ռեկորդային թվով թթվածնային կետով կամ կոնցենտրատով մահճակալներ՝ 1488 այդպիսի մահճակալ ունենք, ինչը շատ կարևոր է կոնկրետ կորոնավիրուսի բուժման առումով: Եվ նաև, այո, վերակենդանացման բաժանմունքների ստեղծումը նույնպես շատ կարևոր է, որովհետև, ցավոք, էլի եմ ասում, աշխարհի միտումներն այնպիսին են, որ դեռևս չկա որևէ տվյալ, որ այս համաճարակը գնալու է անկման: Իհարկե, մենք Հայաստանում պետք է առավելագույնն անենք դա իրականացնելու համար, բայց պետք է նաև հասկանանք, որ աշխարհից կտրված չենք:
Ես ուզում եմ արձագանքել նաև այսպիսի մի թեմայի, որովհետև նախորդ կառավարության նիստից հետո շատ քննարկվեց, թե ինչպես է, որ պատվաստանյութ չկա, բայց Հայաստանի կառավարությունը և Առողջապահության նախարարությունը բանակցում է պատվաստանյութ ձեռք բերելու համար: Ուզում եմ պարզաբանել, որ, քանի որ ամբողջ աշխարհն սպասում է պատվաստանյութի, մարդիկ, գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում, և ըստ էության, հիմա կան երկրներ, որոնք, ըստ էության, արդեն իրականացրել են գնում, այսինքն՝ գումար են փոխանցել և ահռելի քանակությամբ այդ գնումը ապագա ձեռք են բերել, ինչը մտավախություններ է առաջացնում նաև, որ պատվաստանյութի ստեղծման պահից խմբաքանակներն ամբողջությամբ կհայտնվեն մի քանի երկրների տրամադրության տակ, և մեխանիզմներ են մտածվում՝ ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա: Խնդրեմ, պարոն Թորոսյան, ի՞նչ հավելյալ տեղեկություն կարող եք տալ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Պարոն վարչապետ, 2 բառ ավելացնեմ. իրականում պատվաստանյութ կա, և կան բազմաթիվ պատվաստանյութեր, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է: Ավելին ասեմ՝ ընկերություններ կան, որ արդեն տասնյակ հազարներով դրանք արտադրել են: Դրանք կան՝ ամեն ինչով, ինչ-որ վերջնական պրոդուկտով, որպեսզի շարունակեն կլինիկական փորձարկումները: Այստեղ խոսքը միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, ոչ թե այդ ապրանքների լինել կամ չլինելու: Դրանք շատ են, և, ամենայն հավանականությամբ, վերջնական հաստատումն էլ լինելու է ոչ մեկը, այլ մի քանիսը: Այդ մասին մի քանի անգամ խոսել ենք այս ֆորմատով: Շնորհակալություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Հարգելի գործընկերներ, ևս մեկ թեմա, որին ցանկանում եմ անդրադառնալ: Մենք փոփոխություններ կատարեցինք մեր հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ, ավելի ճիշտ՝ տրանսֆորմացիայի ենթարկեցինք այդ միջոցառումը, որի նպատակը ներդրումների խթանումն էր: Եվ ես տպավորություն ունեմ, որ մենք, համենայնդեպս՝ գործարար միջավայրը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին:
Պարոն Գրիգորյան, 1-2 բառով ներկայացրեք մեր կատարած փոփոխությունների իմաստը, որպեսզի նաև այս հարթակն օգտագործենք հանրային իրազեկման համար:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Իրոք, հունիսի 20-ից ուժի մեջ է մտել մեկ կանոն, որը, ես կարծում եմ, շատ կարևոր ու ռազմավարական կանոն է: Այն մասնավորապես հետևյալի մասին է. մինչ օրս սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ՝ մինչև 250 մլն վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էին մինչև 1 տարի ժամանակահատվածի համար, մենք ուժի մեջ ենք մտցրել հետևյալ սահմանումը՝ եթե ձեռնարկությունը, տնտեսվարողը 50 մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020թ. ընթացքում, ապա նա ստանում է հավելյալ հնարավորություն՝ սուբսիդավորվել 400 մլն դրամ համարժեք վարկի չափով և արդեն իսկ 36 ամսվա ժամանակահատվածի համար, որը շատ էական է, պարոն վարչապետ: Այն էական արտոնյալ հնարավորություն է, և եթե համալրումն իրականացվել է 100 մլն դրամի չափով կամ կիրականացվի 2020թ. ընթացքում, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ արտոնյալ 500 մլն համարժեք վարկ և 48 ամսվա համար: Սա, կարծում եմ, լրջագույն խթան է: Եթե պարզ հաշվարկ անենք, ըստ էության, տնտեսվարողի տարեկան խնայողությունը սուբսիդիայի մասով, եթե վերցնենք 500 միլիոնը, իսկ մենք նպատակից կախված՝ ընդհուպ մինչև ամբողջությամբ սուբսիդավորում ենք տոկոսադրույքը, ըստ էության, դա 1-2 տարվա իր շահն է, որն ինքը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում: Կարծում եմ, որ սա շատ կարևոր գործիք է, ու այս պահի դրությամբ, եթե չեմ սխալվում՝ 1 հայտ, 1 վարկ այս կանոնով բավարարվել է, ևս 2 հայտ քննարկման փուլում է: Բայց կարծում եմ, որ այս գործիքը պետք է տարածում ստանա:
Պարոն վարչապետ, օգտվելով առիթից, ցանկանում եմ հիշեցնել նաև մեր հարկային բարեփոխումները, որոնց մասին քիչ խոսեցինք, բայց շատ ռազմավարական եմ համարում: Եվ դրա արդյունքում - մեր հաշվարկները ցույց են տալիս - որ տնտեսության մեջ հավելյալ առնվազն 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել: Դա շահութահարկի կանխավճարի կանոնի փոփոխությունն է, որը, ըստ էության, ռազմավարական փոփոխություն է: Դա ժամանակավոր գործիք չէ, արդեն միշտ գործելու է: Աննախադեպ հնարավորություն կա, որպեսզի շահութահարկի կանխավճարներն իրականացվեն ոչ թե նախորդ տարվա շահութահարկից, այլ ընթացիկ եռամսյակների շրջանառությունից, որը, կարծում ենք, շատ լուրջ փոփոխություն է:
Եվ նաև իհարկե շատ ցանկալի չէր, բայց տուգանքների մասին էլ չմոռանանք: Ես խոսում եմ այն փոփոխությունների մասին, որոնք հունիսին են ուժի մեջ մտել: Այնուամենայնիվ, սանկցիաների մասով էլ փափկեցում է տեղի ունեցել, այսինքն՝ 0,75 տոկոս օրական տույժը դարձել է 0,04 տոկոս, որը բավական ողջամիտ է և վստահաբար ողջամիտ ուշացումների համար որևէ կրիտիկական հետևանք չի առաջացնի տնտեսվարողների համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ շեմն էլ է բարձրացել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան – Արգելանք դնելու շեմը 1,5 միլիոնի է հասել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ճգնաժամի ամենասկզբից մենք հայտարարեցինք, որ, այսպես ասած, հարկային արձակուրդների տեղային քաղաքականությունից հրաժարվում ենք, և մեր քաղաքականության արդյունքում մենք մշտական բարեփոխումներ իրականացրինք հարկային համակարգում, որը գործելու է նաև ճգնաժամից դուրս և էականորեն բարելավելու է գործարար միջավայրը:
Կարծում եմ, որ նաև այս փոփոխությունները շատ կարևոր են կանոնադրական կապիտալի փոփոխության պարագայում 400 մլն և 500 մլն դրամ արտոնյալ վարկավորում՝ սուբսիդավորվող վարկավորում ստանալու համար, ընդ որում համապատասխանաբար 36 ամիս և 48 ամիս ժամկետներով: