Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր

11.08.2020

ևս 1 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

Նախագահ Արմեն Սարգսյան - Պարոն վարչապետ, ուրախ եմ, մեր հանդիպման համար։ Իհարկե, սա սովորական գրասենյակային հանդիպում չէ, ժամանակի ոգով է՝ բացօթյա։

Կարծում եմ՝ այս պահին մեր առջև դրված խնդիրները կարևոր են։ Ամիսներ շարունակ Հայաստանն աշխարհի մյուս երկրների հետ միասին պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ։ Ամեն օր, հետևելով վիճակագրությանը, ուրախ եմ, որ կորն արդեն իջնում է, և հույս ունեմ, որ այն կշարունակի գնալ ներքև: Համաձայն եմ Ձեր հայտարարությունների հետ, որ ոչ մի դեպքում ոգևորվել չի կարելի, որովհետև բնակչության մի մեծ զանգված դեռևս չի հանդիպել վիրուսին և եթե հանդիպի, արդյունքը նորից համավարակի վերադարձ է լինելու։ Որոշ երկրներում դա անվանվում է երկրորդ ալիք, գուցե մեկ այլ տեղ երրորդ ալիք լինի։ Ձեզ հետ համաձայն եմ, որ հակահամաճարակային կանոնները պետք է շատ խիստ ձևով պահպանենք՝ և՛ հիգիենան, և՛ սոցիալական հեռավորությունը, և՛ կարգ ու կանոնը։

Համավարակի հետ կապված են նաև այսօրվա տնտեսական դժվարությունները։ Աշխարհում ևս նույն վիճակն է, բայց դա, իհարկե, չի թեթևացնում մեր երկրի, կառավարության ուսերին դրված բեռը։ Ընդհակառակը, բոլորի վատ լինելը անուղղակի ազդում է Հայաստանի տնտեսության վրա, խիստ ազդելու է որոշակի ոլորտների, մասնավորապես՝ հյուրանոցային ծառայությունների, տուրիզմի, աշխատատեղերի, սոցիալական խնդիրների վրա։ Այնպես որ, իսկապես, դժվարին պահ է, և մեծ խնդիրներ են դրված:

Ես Ձեզ հաջողություն եմ մաղթում, և նաև ի դեմս Ձեզ՝ կառավարությանը։ Կրկնեմ ևս մեկ անգամ, որ, որպես Հանրապետության նախագահ, պատրաստ եմ ամեն ինչով աջակցել ոչ միայն Սահմանադրության սահմաններում, այլև որպես հայ մարդ՝ իմ հնարավորություններով, կապերով, փորձով, խորհրդով։

Առկա խնդիրներին գումարվեցին նաև վերջին իրադարձությունները Տավուշում։ Ես մի քանի օր առաջ Տավուշում էի, հենց Չինարի գյուղում, սահմանի վրա, և կարող եմ ասել, որ ինձ շատ ուրախացրեց մարդկանց ոգին։ Մարդիկ շատ վստահ էին՝ եռանդով և լավատեսությամբ լցված, և դա ոչ միայն գյուղի տարիքով քաղաքացիներն էին, այլ նաև փոքր երեխաները։ Վերադարձա վստահությամբ, որ մեր քաղաքացիներն ամուր կանգնած են զինվորների, մեր բանակի կողքին։

Այնպես որ, այդտեղ էլ, պարոն վարչապետ, իմ աջակցությունն եմ հայտնում կառավարությանը, Ձեզ անձամբ, մեր պաշտպանության նախարարությանը, մեր բանակին և պատրաստ եմ ամեն ինչ անել։

Ես կարծում եմ, որ այս ծանր օրերը նաև պետք է սկիզբը դառնան ապագա վերելքի, և այդ վերելքի հիմքը պետք է այսօր դնենք։ Ես հույս ունեմ, որ Հայաստանը, օգտագործելով իրեն բնորոշ առանձնահատկությունները և առավելությունները, կկարողանա հաղթահարել դժվարությունները, և մենք կկարողանանք հասնել նոր բարձունքի։

Համբերություն բոլորիս, մեր ժողովրդին։ Պետք է յուրաքանչյուրն իր տեղում լինի և՛ կարգապահ, և՛ աշխատասեր, և՛ նվիրյալ, և միասին հաղթահարենք այս բոլոր դժվարությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեծարգո պարոն նախագահ, շնորհակալ եմ և ուրախ հանդիպման համար: Ասեմ, որ մենք այս ընթացքում նաև հեռավար հանդիպում ենք ունեցել՝ քննարկումներ, որոնք չեն լուսաբանվել ժամանակի ոգու բերումով:

Այո կորոնավիրուսը մեծ խնդիր է մեր երկրի համար: Երբ հետահայաց նայենք ինչ տեղի ունեցավ, ապրիլի վերջին արձանագրեցինք, որ չնայած խիստ սահմանափակումներին՝ կարողանում ենք երևացող հատվածներում այդ սահմանափակումներն առերևույթ պահել, բայց հակահամաճարակային պրոցեսները տեղի են ունենում ետնաբեմում՝ բակերում, շքամուտքերում:

Մենք արձանագրեցինք երկու բան, որ սահմանափակումները չեն բերում մեզ համար ցանկալի արդյունքի և երկրորդը՝ ապրիլին մենք 70.000 աշխատատեղ կորցրեցինք:

Նաև տարածաշրջանային լարված վիճակը. ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին՝ կորոնավիրուսի պայմաններում համընդհանուր հրադադարի իրավիճակ ստեղծել, մեզ համար տեսանելի էր ադրբեջանական կողմի ռազմական հռետորաբանության զարգացումը և ինձ համար միանշանակ էր, որ հնարավոր էսկալացիան երկիրը չէր կարող դիմավորել, այսպես ասած, քնած վիճակում:

Կառավարությունը հիմնական խնդիրը ձևակերպեց հետևյալ կերպ. առողջապահական կարողությունները պետք է զարգանան այնքան, որ ոչ մի քաղաքացի չմնա առանց պատշաճ բուժօգնության: Կարող եմ արձանագրել, որ այդ խնդիրը լուծեցինք և ծավալվեցին շատ լուրջ հզորություններ, պետական բյուջեից մեծ ծախսեր արեցինք, որպեսզի տեխնիկա ձեռք բերենք, ծավալենք և այլն:

Արդյունքում՝ մենք ունեցանք հետևյալը, որ հունիսի տվյալներով 50.000 աշխատատեղ վերականգնվեց, իսկ հուլիսի տվյալներով՝ մենք ունեինք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր նույնիսկ ավելի թվով աշխատատեղեր: Ինձ համար ակնհայտ էր, եթե մենք միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք՝ սոցիալական կոլափսի առաջ էինք կանգնելու:

Ցավոք, մենք այսօր կորոնավիրուսի հետևանքով մեծ թվով զոհեր ունենք և այո Դուք ճիշտ եք, մենք հիմա կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում, բայց մեր ամենօրյա մահերի թիվը դեռևս չի նվազում, չի զրոյանում և սա նախորդից եկած պրոցեսի հետևանք է: Ցավալին հենց այս փաստն է, որ 800-ից ավելի մահվան դեպքեր ունենք, եթե ճիշտ եմ հիշում այսօրվա թիվը: Բայց այսօր էլ հակառակ պրոցեսն է գնում, հիվանդանոցները կոնսերվացնում ենք, նաև ասում, որ ոչ մի երաշխիք չկա, որ կրկին մեր անհատական վարքագծի հետևանքով այդ թվերը չեն բարձրանա:

Բայց այսօր շանս ունենք ի վերջո աշնանը գլոբալ առումով ամենալավ վիճակն ունենալ, որովհետև հիմա տեսնում ենք, որ աշխարհում կան երկրներ, որոնք պաշտոնապես հայտարարել էին, թե հաղթահարել են կորոնավիրուսը, բայց ստիպված են վերադառնալ ամենախիստ սահմանափակումների տրամաբանությանը:

Այո՛, Դուք ճիշտ նկատեցիք, մենք, ըստ էության, նաև տնտեսության մեջ խնդիրներ ունենք և հիմա փորձում ենք ոլորտային լուծումներ գտնել: Եվ հիմնական խնդիրը հետևյալն է՝ պահպանել և ավելացնել աշխատատեղերը: Իհարկե, սա նախնական նպատակն է, բայց սա նշանակում է խթանել արտահանումը, խթանել արտադրությունը, խթանել սպառումը: Իմիջիայլոց, տեղյակ եք, անշուշտ, որ մենք 20-ից ավելի հակաճգնաժամային միջոցառուներ իրականացրեցինք, և որոնց շրջանակում և՛ բանկային համակարգի, և՛ պետական բյուջեի միջոցով արդեն 100 մլրդ դրամից ավելի ներդրել ենք տարբեր՝ սոցիալական, տնտեսական ուղղություններով: Այս պրոցեսը հիմա շարունակում ենք ըստ ոլորտների՝ փորձելով այնպես անել, որ առաջին խնդիրը՝ աշխատատեղերը պահպանվեն, և ոլորտներն իրենց մրցունակությունը պահպանեն տնտեսական ճգնաժամի հաղթահարումից հետո արագ վերականգնվելու համար:

Ի՞նչ տեղի ունեցավ Տավուշում: Իհարկե, դա Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիա էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բայց շատ կաևոր է արձանագրել, որ այն ռազմական հռետորաբանությունը, որը երկար տարիներ Ադրբեջանի ղեկավարությունը զարգացնում էր, և այսպիսի քարոզչական միֆ էր ստեղծել, թե ադրբեջանական բանակն ունի առավելություն Հայոց բանակի նկատմամբ ու կարող է շատ արագ ցանկացած հարց լուծել, շատ կարճ և տեղային միջադեպի ընթացքում այդ առասպելն ամբողջությամբ փլուզվեց, ինչն իմ կարծիքով՝ մեր տարածաշրջանում բոլորովին նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծում: Սա մեծ հաշվով ամրապնդում է Հայաստանի, թույլ տվեք ասել, ավանդական դիրքորոշումը: Իսկ այդ ավանդական դիրքորոշումն այստեղ՝ Հայաստանի բոլոր իշխանությունների ու կառավարությունների կողմից ամբողջությամբ պահվել է. Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այսինքն, դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Հայաստանի զինված ուժերը պատրաստ են պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանները և ուրախ եմ արձանագրել, որ այն հսկայական բարեփոխումները, որոնք վերջին երկուսուկես տարվա ընթացքում տեղի են ունեցել Զինված ուժերում և որը եղել է մեր կառավարության առաջնահերթությունների առաջնահերթությունը՝ տվել է իր արդյունքը: Եվ ուրախ եմ, որ այդտեղ ժամանակը չի վատնվել, չի կորսվել, և մենք կարողացել ենք կոնկրետ արդյունքներ արձանագրել:

Մեզ համար, ցավոք, այս տարին բարդությունների, դժվարությունների և ծանր միջադեպերով հարուստ տարի է: Ե՛վ Բեյրութում տեղի ունեցած պայթյունը, և՛ Լիբանանի իրադարձություններն իհարկե ուղղակիորեն կապված են մեր ազգային կյանքի հետ, և այստեղ էլ մենք, իհարկե, քննարկելու թեմա ունենք:

Նախագահ Արմեն Սարգսյան - Ուրախ եմ լսել, որ մեր գնահատականները համընկնում են: Համաձայն եմ, որ եթե նույնիսկ վաղը չունենանք վարակվածներ, մահեր, պետք է շատ զգույշ լինենք և ոչ մի դեպքում չենք կարող մեր երկիրը հայտարարել կորոնավիրուսից ազատ երկիր: Երկրները պարփակված չեն իրենք իրենց մեջ, մենք փակ համակարգ չենք, և եթե ներսում չկա, բավական է դրսից մեկ հոգի վարակված գա, նորից կսկսվի այս պրոցեսը: Հույս ունեմ, որ եթե նույնիսկ երկրորդ ալիք էլ լինի, կկարողանանք հաղթահարել դա, քանի արդեն իսկ փորձառություն ունենք:

Կան տնտեսության ոլորտներ, որոնք շատ ծանր են տանելու այս ամբողջ գործընթացը և պետության ու կառավարության աջակցության կարիքն են ունենալու: Ուրախ եմ, որ կառավարությունը մտածում է դրանց մասին և այդ ուղղությամբ քայլեր անում: Սակայն կարծում եմ, որ այդ քայլերը դեռ կշարունակվեն, որովհետև երկար ժամանակ է պահանջվելու այսօրվա ծանր վիճակը, որը ոչ միայն տնտեսական է, այլ նաև սոցիալական, հաղթահարելու համար: Խնդիրներ կան նաև աշխատատեղերի մասով, և, դրա հետ կապված, ժողովրդագրական խնդիրներ կան: Մարդիկ, որոնց աշխատավայրը երկար տարիներ եղել է Հայաստանից դուրս, հիմա այդ հնարավորությունը չունեն: Մարդիկ, որոնք այսօր, երեկ, նախորդ օրն աշխատանք ունեին, այսօր չունեն։ Հետևաբար, մեր ընդհանուր ուժերը պետք է համախմբենք, որպեսզի այս խնդիրները լուծվեն:

Ձեզ հետ ամբողջովին համաձայն եմ, որ Ադրբեջանի հարձակումը որևէ մարդկային բարոյական բացատրություն չի կարող ունենալ: Երբ ողջ աշխարհն ու մենք պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանը որոշում է ինչ-որ ավանտյուրայի գնալ: Ինձ համար, մեկի, որը փորձառություն ունի և երկար տարիներ հետևում է Ադրբեջանին, Թուրքիային, եվրոպական և ռուսական քաղաքականությանը, անհանգստացնող մի քանի գործոններ կան: Նախ՝ բարոյականության սահմանը, որ իրենք անցան՝ կորոնավիրուսի պայմաններում այսպիսի ավանտյուրայի գնալով:

Երկրորդ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: Սա բացարձակ անհեթեթություն է: Այդ ենթակառուցվածքները գոյություն ունեն, իրենց տեղում են ավելի քան 20 տարի, և Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրություն չի ցուցաբերել:

Իրենց քարոզչությունն ուղղված է մի բանի՝ ներկայացնելով Հայաստանին որպես ագրեսոր, հնարավորություն տալ վաղն այդ լեյտմոտիվն օգտագործելով իրենց ագրեսիվ քայլերն անել: Ես կրկին հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր զինված ուժերն ամենաբարձր մակարդակի վրա էին: Լավ հիշում եմ. երբ 1990-ականների սկզբին դեսպան էի եվրոպական շատ երկրներում, ներառյալ ՆԱՏՕ-ում, շատ դիվանագետներ, ռազմական մասնագետներ ինձ ասում էին, որ ձեր այս պայքարն իզուր է. դուք փոքր երկիր եք, բանակ չունեք, Ադրբեջանը հսկայական բանակ ունի, աջակցություն ունի հարևան երկրից: Նույն մարդիկ մի քանի տարի անց ինձ ասում էին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը: Ուզում եմ նորից հիշեցնել, և այս վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը, որին հնարավոր չէ հաղթել: Բանակը ոչ միայն զենքը, կարգապահությունն ու պատրաստակամությունն է, այլ նաև ոգին, որը որևէ մեկը չունի այս տարածաշրջանում: Շատ ուրախ էի, որ այդ մարդկանց կասկածները հայոց բանակի հանդեպ փարատվել են:

Հաջորդ մտահոգությունս վերաբերում է Ադրբեջանի պետական ապարատից հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Սա միջազգային բոլոր նորմերով անթույլատրելի է: Եղել եմ Համաշխարհային էներգետիկ անվտանգության հանձնաժողովի անդամ ու նախագահ, և այդ հանձնաժողովում նման հայտարարությունները համարում էին միջուկային ահաբեկչության կոչեր: Կարծում եմ, որ նման կոչեր անողները պետք է շատ լավ հասկանան, որ այդ մեծ հիմարությունը մեծ ողբերգություն է լինելու բոլորի, ոչ թե միայն Հայաստանի համար: Կատեգորիկ ձևով միջազգային հանրությունը պետք է հայտարարություններ անի, որ նմանատիպ անպատասխանատու հայտարարությունները չշարունակվեն: Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները նույնպես անընդունելի են: Թուրքերը չպետք է մոռանան, որ իրենց հայրենի պետությունն է 105 տարի առաջվա մեր Մեծ եղեռնի հեղինակը: Հետևաբար, ցանկացած նման հայտարարություն կոչ է վերադառնալ 105 տարի առաջվա պատմությանը, որն անթույլատրելի է ոչ միայն մեր ժողովրդի, այլ ընդհանրապես ողջ մարդկության համար: Դժվար օրեր են, սակայն այս օրերին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց և հենց նույն Տավուշում, որ ամուր կանգնած է իր ոտքերի վրա:

Ուզում եմ այս առիթը օգտագործել և ասել, որ այդ բոլոր ուղղություններով Հանրապետության նախագահը և նախագահի ինստիտուտը, նախագահի բարեկամները պատրաստ են աջակցել կառավարությանը, որպեսզի հաղթահարվեն դժվարությունները:

← Վերադառնալ