Մամլո հաղորդագրություններ
Անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. գործադիրի նիստում վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը նախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին խոսենք: Պարոն Թորոսյան, խնդրեմ, իրավիճակի Ձեր գնահատականը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Նախ տեղեկացնեմ, որ երեկ ամբողջ օրվա ընթացքում արձանագրվել է 263 նոր դեպք՝ կատարված ընդհանուր 1993 հետազոտություններից: Այսինքն՝ գնահատելով և համեմատելով նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը՝ կարող ենք հանգել եզրակացության, որ ունենք իրավիճակի կայունացում, և դրան նախորդող անկման միտումը կարծես դադարել է, առնվազն իմ նշած 2-3 շաբաթվա համար: Սակայն բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը կրկին մնում է թեթև և ավելի քան կառավարելի, այսինքն՝ այդ մասով որևէ խնդիր չունենք: Եվ հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ընդհանրապես ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը՝ ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու մեր՝ օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի, և կարծես մեր որոշումն այնպիսին է, որ այդ իրավիճակը պահպանվելու է: Հետևաբար, պետք է սպասենք և ակնկալենք, որ եթե նույնիսկ անկում էլ լինի - մենք դժվար կտրուկ անկում կարողանանք արձանագրել - սակայն առնվազն այս վիճակում և նման կառավարելիության վիճակը պահպանելու համար գոնե դրված կանոնները և դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանենք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն: Գիտեք, իրականում կայունություն ասածը հարաբերական է, որովհետև այդ կայունությունը ցանկացած պահին կարող է փոխվել և դառնալ անկայունություն: Որովհետև, ինձ թվում է, մենք ընդհանուր առմամբ և հանրությունը ավելորդ ոգևորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը: Իհարկե, միջին օրական թվերն ավելի քան կրկնակի նվազել են՝ հուլիսի հետ համեմատած, բայց եթե մենք ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսյան իրավիճակին՝ հուլիսի 6-ին կորոնավիրուսի հետ կապված:
Այստեղ ցանկանում եմ կրկին արձանագրել հետևյալը՝ այո՛, մենք և մեր քաղաքականությունը եղել է այն, որ մենք ասել ենք՝ որևէ քաղաքացի առանց բուժօգնության պետք է չմնա, և փառք Աստծո, կարողացել ենք դա ապահովել և կապահովենք՝ առնվազն այն ծավալների պարագայում, ինչ ունեինք հուլիսի սկզբին: Բայց մենք գիտենք, որ պարտադիր կարգով 100 նոր դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու, այսինքն՝ սա հայաստանյան խնդիր չէ, ամբողջ աշխարհում է այդպես: Եվ, հետևաբար, մեր դիտարկումը շարունակում է մնալ նույնը՝ ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, բայց հարցն այն է, որ մեր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով: Իհարկե, նաև վարչական լծակները պետք է օգտագործվեն, ոստիկանությունը պետք է շատ ակտիվ ջանքեր գործադրի, որպեսզի դիմակի կրման կանոնների չպահպանման դեպքերը պատշաճ արձանագրվեն և վարչական արձանագրում ստանան:
Բայց կրկին և կրկին իմ արձանագրումը մնում է նույնը, որ անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է: Իմ տպավորությունն այն է, որ մենք անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը պահանջվածից և իրատեսականից մի փոքր ավելի ենք թուլացրել: Իմ կոչն է մեր հայրենակիցներին՝ առավելագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները, և հատկապես այդտեղ առանցքային նշանակություն ունի դիմակի կրման կանոնների պահպանումը, ընդ որում՝ այն պարագայում, երբ դիմակի կրման պայմանները բավական մեղմացվել են՝ հաշվի առնելով իրավիճակը, հաշվի առնելով քաղաքացիների ցանկությունները, թուլացվել են, որպեսզի մնացած մասով դիմակի կրման պայմանները և որակն ավելի բարձրանան: Այնպես որ մեր իրավիճակը ես շարունակում եմ համարել խնդրահարույց: Համեցեք, պարոն Թորոսյան:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Պարոն վարչապետ, մեկ բան էլ ավելացնեմ՝ քաղաքացիներից զատ, տնտեսվարողների պատասխանատվության մասով: Եթե հիշում եք, կառավարության մի քանի նիստ առաջ խոսեցինք այն մասին, որ մենք պրոակտիվ գնում և թեստավորում ենք անում: Ես մի հետաքրքիր վիճակագրություն եմ ուզում ներկայացնել Լոռվա մարզից, որովհետև Լոռվա մարզը, հատկապես Վանաձոր քաղաքը շարունակում էր դեպքերով ավելի բարձր լինել, քան հարաբերականորեն մյուս մարզերը և քաղաքները: Եվ այնպես է ստացվել, որ տարբեր տեսակի հաստատություններից վերցրած, գրեթե բոլոր տեղերում, մենք ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի 2 խոշոր ֆաբրիկաների: Անունները չեմ տալիս, բայց դրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել, ասիմպտոմ: Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում կանոնները պարզապես չեն պահպանվում ընդհանրապես: Ի տարբերություն, օրինակ, ունենք «Հայփոստ»-ի գրասենյակ՝ 0 դրական, բժշկական կենտրոն՝ 0 դրական, մեկ ուրիշ կարի ֆաբրիկա էլ ունենք Վանաձոր քաղաքից դուրս՝ 0 դրական: Այսինքն՝ ակնհայտ է, այնտեղ, որտեղ կանոնները պահպանվում են, ունենք լավ արդյունքներ, եթե 0 էլ չէ, ապա շատ փոքր թիվ է՝ ուրիշ տեղերի հետ համեմատ, իսկ որտեղ չեն պահպանվում՝ տասնյակ, որոնք հետո տեղափոխվում են իրենց տներ, տներում արդեն հավանաբար ավելի մեծ տարիքի քաղաքացիներ են վարակվում, և ունենում ենք նաև ողբերգական ելքեր: Հետևաբար, կարծում եմ, որ այս մասով էլ պետք է շարունակական լինեն մեր և տնտեսվարողների ջանքերը: Շնորհակալություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսչական մարմինն այդ 2 տեքստիլ ընկերություններով թող զբաղվի, որովհետև նշանակում է՝ դա արդեն քրոնիկ բնույթ է կրում. եթե նախորդ ճգնաժամից հետո էլի այդ իրավիճակը կա, սա արդեն մեծ պրոբլեմ է: Համեցեք, պարոն Ասոյան:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան – Շնորհակալ եմ, պարոն վարչապետ: Ոչ միայն Վանաձոր քաղաքում գործող տեքստիլ ընկերություններում, այլև ընդհանուր առմամբ մենք վերահսկողական աշխատանքները շարունակում ենք: Բայց մեկ կարևոր նրբություն կա այստեղ: Ըստ էության՝ մեր կողմից սահմանված կանոնները, օրինակ՝ պարտադիր ջերմաչափում, փակ աղբամանների տեղադրում, աշխատատեղերի միջև սոցիալական հեռավորության պահպանում, պահպանվում են: Ամենայն հավանականությամբ, վարակակիրների դեպքում, որոնք հայտնվում են տեքստիլ արդյունաբերության ոլորտում, շատ հնարավոր է, որ դրսից է բերվում վարակը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց ստուգման արդյունքը դա չի ցույց տալիս: Եթե բոլոր տեղերն ստուգում են՝ 0 է, իրենց մոտ՝ 50, նշանակում է, որ իրենք են օջախը: Հակառակը պետք է լիներ՝ եթե ուրիշ տեղերից բերված լիներ, պետք է ուրիշ տեղերում լիներ 200, իրենց մոտ՝ 50: Եվ ես կրկին հիշեցի այդ լեգենդար ՊԱԶ մակնիշի ավտոբուսը, որի մեջ աշխատանքի գնալուց-գալուց սահմանվածից կրկնակի, եռակի ավելի մարդիկ են նստում:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան – Այո, պարոն վարչապետ, բայց ես մեր կողմից սահմանված կանոնները թվարկեցի, որպեսզի հասկանալի լինի նաև տնտեսվարողներին և աշխատակիցներին, որ շատ կարևոր է նաև անհատական վարքագծի կանոնը: Որովհետև բիզնեսը կարող է ապահովել այդ պահանջներն ու պայմանները, որոնք մենք սահմանել ենք, սակայն անձը, իր անձնական պատասխանատվության ոլորտում լինելով ոչ պարտաճանաչ, կարող է վարակակիր դառնալ և ըստ այդմ ՝վարակել նաև իր կողքի աշխատողներին: Եթե թույլ տաք, կարող եմ ասել 3 ամսվա կտրվածքով, 15 օրերի համեմատականով ընդհանուր առմամբ ինչ վիճակագրություն ունենք. հունիսի 15 օրերի համեմատությամբ՝ հունիսին ունեցել ենք 18.2 տոկոս խախտում ամբողջ ստուգումների մեջ, հուլիսի առաջին 15 օրում ունեցել ենք 5.1 տոկոս խախտում և օգոստոսի առաջին 15 օրում արդեն նվազեցվելով հասցվել է մինչև 3.6 տոկոս: Իրականում շատ կան բարեխիղճ տնտեսվարողներ, և իրենք ամեն կերպ փորձում են պահպանել այդ կանոնները: Բայց, ինչպես Դուք եք նշում, պարոն վարչապետ, շատ կարևոր է անձնական պատասխանատվության հարցը, որովհետև դրա միջոցով է միայն հնարավոր խնդիրը կարգավորել: Ամեն դեպքում, երեկվանից, երեկ չէ առաջին օրվանից էլ մենք լայնածավալ իրազեկման աշխատանքներ ենք իրականացրել, բացի ստույգայցերը: Նկատի ունեմ պարետի կողմից սահմանված նոր կանոնների մասին տարբեր ճանապարհներով իրազեկել ենք բիզնեսին, որովհետև կանոնների փոփոխություններ կան՝ բարդացումներ, հեշտացումներ, նայած ինչ ուղղությամբ: Իրազեկել ենք էլեկտրոնային փոստով, հրապարակումների միջոցով, տեղում ծանուցելով և ուղղորդելով, որպեսզի բիզնեսն ադապտացվի նոր կանոններին, և թույլ չտանք թվերի աճ: