Մամլո հաղորդագրություններ
Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը
ևս 4 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է: Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը:
«Մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հերթական անգամ Արցախ այցելելու կապակցությամբ: Ցանկանում եմ կիսվել երեկ Սարդարապատում կայացած միջոցառման կապակցությամբ: Երեկ խորհրդանշական օր էր, որովհետև Հայաստանի Հանրապետության առիթով հերոսացման առիթներ շատ ենք ունեցել, բայց ունենալ այնպիսի հաջողություն, որը մենք արձանագրել ենք հուլիսյան օրերին Տավուշում և ծանոթանալով մեր հերոսների սխրագործությանը, ակամայից հիշել եմ 1990-ական թվականները` պատերազմի ժամանակահատվածը: Նշեմ, որ դա մեր հերթական հաղթանակն է անկախության տարիներին: Տպավորված եմ և այսօր ողջ օրվա ընթացքում շփումների ժամանակ կիսել եմ այն ապրումները, որոնք ունեցել եմ: Ցանկանում եմ բոլորիս շնորհավորել երեկվա կապակցությամբ: Դա հերթական ապացույցն է, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է:
Կրկին ցանկանում եմ ողջունել Ձեզ Արցախի Հանրապետությունում: Մենք նախանշել ենք ոչ միայն այցելություն Զինված ուժեր, առաջնագիծ, նաև տնտեսական խոշոր որոշ նախագծեր, որոնք համակարգաստեղծ նշանակություն ունեն ոչ միայն Արցախի տնտեսության, այլ նաև մեծ նշանակություն են ունենալու մեր ընդհանուր Հայաստան աշխարհի, Հայաստանի Հանրապետության տնտեսության համար: Բարով եք եկել»,-ասել է Արայիկ Հարությունյանը:
«Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Սա Ձեր երդմնակալության արարողությունից հետո առաջին այցն է Արցախի Հանրապետություն: Իհարկե, մենք մի շարք այցելություններ կունենանք, նաև առիթ կունենանք քննարկելու տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսները: Ցավոք, ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, ականատես ենք լինում սադրիչ գործողությունների, բայց մյուս կողմից մեր մարտավարությունը և ռազմավարությունը և մեր փոխգործակցության, և մեր զարգացման ռազմավարությունը չի փոխվում, որովհետև այդ սադրանքները, որոնք տեղի են ունեցել և տեղի են ունենում, մեզ համար կանխատեսելի են: Մենք բազմիցս քննարկել ենք հնարավոր պարամետրերը: Իհարկե, մենք համատեղ շատ մեծ օրակարգ ունենք սկսած Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բնականոն զարգացումից: Իհարկե, մենք նաև որոշակի պարտավորություններ ենք ստանձնել Արցախում տնտեսության, էներգետիկ ոլորտում ունենք բավականին լայն օրակարգ: Ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի համավարակը որոշակիորեն փոխեց տնտեսական տրամադրությունը, և մենք պետք է ավելի շատ ջանք գործադրենք, որպեսզի տնտեսական տրամադրությունը ոչ միայն վերադարձնենք նախահամավարակային շրջանին, այլև շատ ավելի բարձր նոտաներ հաղորդենք:
Համաձայն եմ, երեկվա միջոցառումը շատ կարևոր էր և ուրախ եմ, որ Ստեփանակերտում էլ համանման մի արարողություն ենք ունենալու, ինչը շատ կարևոր է: Կարծում եմ, նման միջոցառումները, նման որոշումները մեծացնում են մեր ազգային համախմբվածության մակարդակը և մեզ նոր ուժ ու լիցք են տալիս, որովհետև մեր կենդանի հերոսները, մեր նահատակները, իհարկե, այն ուղենիշն են, որոնց երազանքների և նպատակադրումների իրագործումը մեզ համար պիտի դառնա ամենօրյա խնդիր: Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ դա մեկ գործողությամբ չէ տեղի ունենալու, պարզապես մենք պետք է լինենք հետևողական»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Մի քանի նախադասությամբ կցանկանայի ներկայացնել տնտեսական իրավիճակը. անմիջական Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած հնարավորությունը թույլ է տալու տարին փորձել ամփոփել առանց անկման: Սա մեզ համար կլինի լուրջ հաջողություն, իսկ մյուս տարի կնախատեսենք երկնիշ աճի տեմպ` հիմքում ունենալով այն ծրագրերը, որոնք այսօր սկսել ենք կյանքի կոչել: Դրանք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, լայնածավալ ճանապարհաշինությանը, ոռոգման համակարգերի կառուցմանը: Արդեն սկսված է մեր ամենախոշոր ծրագիրը` ոռոգման համակարգերի արդիականացման ու զարգացման, որոնք նախատեսում ենք ավարտել մեկուկես տարում: Այս փուլում նախատեսում ենք 35 հազար հեկտար ոռոգելու հնարավորություն, ինչը ոչ միայն տնտեսական ցուցանիշներն է կարգավորելու, այլ նաև ինչպես քննարկել ենք անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մեր ընդհանուր հայրենիքի պարենային անվտանգության խնդիրներն ենք լուծելու:
Իհարկե, սրանով չենք սահմանափակվելու, վերամշակման, մանավանդ սննդի արդյունաբերության առումով ունենք նախանշված ուղղություններ: Ընդհանուր առմամբ, սննդի վերամշակման ոլորտը լինելու է մեր գլխավոր ուղղություններից մեկը, և արդեն այսօր նոր հնարավորություններ ենք փնտրում նոր շուկաներ մուտք գործելու նպատակով:
Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ամենօրյա օպերատիվ համագործակցության, կառավարության ստորաբաժանումների օպերատիվ արձագանքման, հնարավորության դեպքում մեր բարձրացրած խնդիրներին աջակցություն ցուցաբերելու համար: Դա մեզ համար ամենագլխավորն է»,-նշել է Արցախի Հանրապետության նախագահը: