Մամլո հաղորդագրություններ
Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ
ևս 1 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ողջունելով Ռուսաստանի ԱԳ նախարարին՝ վարչապետ Փաշինյանը նշել է․
«Հարգելի Սերգեյ Վիկտորի,
թույլ տվեք ողջունել Ձեզ Երևանում։ Այսօր մենք ընդլայնված կազմով քննարկեցինք բոլոր այն հարցերը, որոնք կան մեր օրակարգում։ Իհարկե, մեզ համար հիմա ամենագլխավոր հարցն այն իրավիճակն է, որն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում։ Մենք պետք է որոշումներ ընդունենք շատ հարցերի վերաբերյալ, և ամենագլխավորը հարցի հումանիտար կողմն է՝ մենք պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ։ Իհարկե, արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա։ Եվ փաստացի ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։ Դա շատ կարևոր գործոն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։ Բայց կան նաև հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք և որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ»։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում նշել է․
«Հարգելի Նիկոլ Վովայի,
շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։ Մեր պատվիրակությունը ժամանել է Երևան՝ Ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության շրջանակում, այն նպատակով, որպեսզի ամբողջական անդրադարձ արվի մեր համագործակցության, մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղություններին։ Եվ, իհարկե, առաջին պլանում այն հարցերն են, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերը այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում։ Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը։
Մենք հավատարիմ ենք դրան, Դուք արդեն ասացիք։ Շնորհակալ ենք մեր խաղաղապահների կողմից իրականացվող դերակատարությանը Ձեր բարձր գնահատականի համար, որը կարևոր է ոչ միայն անվտանգության ապահովման տեսանկյունից՝ որպես նրանց մանդատի գլխավոր բաղկացուցիչ, այլ նաև մշտական աջակցության տեսանկյունից` այն մարդկանց, ովքեր վերադառնում են, ովքեր հումանիտար օժանդակության կարիք ունեն։ Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարությանը՝ միջգերատեսչական կենտրոնը, որն ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։ Ինչպես Ձեզ արդեն ներկայացրեցի, մենք ակտիվորեն ներգրավում ենք ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպություններին, խրախուսում ենք նրանց, որպեսզի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնողական կերպով օգտագործեն իրենց հնարավորություններն այդ տարածաշրջանի բնակիչների համար։ Ակտիվորեն պաշտպանում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որն աշխատում է, այդ թվում՝ Ղարաբաղում։
Այս այցի ընթացքում կդիտարկենք նաև մեր հարաբերությունների ողջ համալիրը՝ Ռուսաստանի կառավարության պրոֆիլային փոխվարչապետերի գծով, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարների գծով։ Դուք արդեն հանդիպել եք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ, Երևանում է նաև «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը։ Համոզված եմ, որ այս ճյուղային բանակցությունների արդյունքներով կունենանք դրական և համալիր պատկեր, որն առաջ կմղի մեր հարաբերությունները և որը, ինչը և մենք անկեղծորեն ցանկանում ենք, կպաշտպանի Ձեր նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանում իրավիճակի կայունացմանը և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների լուծմանը»։
Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։