Մամլո հաղորդագրություններ
Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար. կայացել է ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:
Ողջունելով ԱՀ նախագահին՝ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Երևանում, ռազմական գործողությունների դադարից հետո սա մեր առաջին հանդիպումն է: Իհարկե, մենք իրար հետ բավականին ծանր ժամանակներ ենք ապրել, ծանր որոշումներ ենք կայացրել և հիմա, ինչպես պայմանավորվել ենք, պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:
Հայաստանի կառավարությունում արդեն իսկ կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերվում են Արցախի մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն: Իհարկե, այդ գործողությունները կշարունակվեն: Ես հրապարակել եմ «ճանապարհային քարտեզ», որին ծանոթ եք, այն քննարկել ենք իրար հետ և այստեղ մեր հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է, զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովումը, հնարավորինս արագ անհետ կորածների ճակատագրի պարզումը և նրանց ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինվորների և քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչպես նաև ընդհանրապես սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումը:
Իհարկե, պատերազմից հետո մեծ ներդրումների անհրաժեշտություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, և մենք պետք է նաև համատեղ աշխատենք այդ ներդրումներն ապահովելու ուղղությամբ: Իհարկե, մենք ամենօրյա կապի մեջ ենք, բայց նաև այս հանդիպումներում ավելի կկոնկրետացնենք մեր անելիքները»:
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն հանդիպման համար: Իրականում ոչ միայն ամենօրյա, այլ նաև պատերազմի օրերին մենք և հետպատերազմյա ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու ստեղծված իրավիճակը: Այսօր ես ուզում եմ նշել, որ հոսքը դեպի Արցախ, մեր հայրենակիցների վերադարձն ընթանում է բավականին մեծ տեմպերով: Մեր հաշվառման կենտրոնի տվյալներով՝ միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ հետ է եկել և հոսքը շարունակվում է: Իհարկե ճանապարհների, անվտանգության հետ կապված հարցերը կքննարկենք Ձեզ հետ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սոցիալական խնդիրներին, մեր կողմից բարձրացվող հարցերին ՀՀ կառավարության արձագանքման, դրանց օպերատիվ լուծում տալու համար, նաև շնորհակալություն հայտնել այն ծրագրերի համար, որոնք նախատեսվում են առաջիկա մի քանի օրերին:
Կոնկրետ առաջիկա օրերին իրար հետևից մի քանի սոցիալական ծրագրեր են իրականացվելու, մասնավորապես, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր արցախցու տրամադրվելու է դրամական օգնություն, բնակարան կորցրած մեր հայրենակիցներին մեկ շնչի հաշվով միանվագ հատկացվելու է 300 հազար դրամ: Այս և մյուս ծրագրերն, այո, լիցքաթափելու են սոցիալական լարվածությունը:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել հայությանը, Հայաստանի Հանրապետության մեր այն բոլոր հայրենակիցներին, ովքեր այս մեկուկես ամսվա ընթացքում հյուրընկալել են արցախցիներին և նրանք որևէ տեսակի խնդիր չեն տեսել, չեն զգացել: Բայց հաշվի առնելով այն, որ եղանակներն ավելի են ցրտում ու կոմունալ ծախսերն ավելի են մեծանալու, մենք ևս Երևանում ստեղծված օպերատիվ շտաբի միջոցով փորձում ենք փոխհատուցել կոմունալ որոշ ծախսեր, նաև ՀՀ մեր այն հայրենակիցների համար, ովքեր իրենց ունեցածը, հյուրանոցները կամ օբյեկտները տրամադրել են: Այստեղ անելիք շատ ունենք:
Պլանավորում ենք առաջին փուլում իրականացնել մեր այն հայրենակիցների տեղափոխումը Արցախ, ովքեր ունեն մնալու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր զրկվել են, կտեղափոխվեն փուլային տարբերակով, որպեսզի կարողանանք և՛ տեղավորել, և՛ ընթացքում լուծել սոցիալական խնդիրները: Համոզված եմ, որ առաջիկայում ներդրումների արդյունքում սոցիալական խնդիրներ չեն լինելու և այն սոցիալ-տնտեսական ծրագրերը, որոնք նախանշված են, համատեղ ուժերով կարողանալու ենք իրականացնել»: