Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել արագ տեմպերով շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

23.11.2020

ևս 2 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է ունեցել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գործարանի արտադրական և մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին և զարգացման հնարավորություններին:

Վարչապետին ներկայացվել են գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը և մարտագլխիկները:

Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային և ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ և հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։

Գործարանն առաջիկայում նոր ներդրումներ է ստանալու և ընդլայնելու է արտադրական կարողությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու ընդլայնելով արտահանման հնարավորությունները:

Վարչապետը կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը և տեղում հանձնարարել արագ տեմպերով շարունակել զարգացնել արտադրական հզորությունները՝ ծավալային և զինատեսակների ընդլայնման առումներով:

← Վերադառնալ