Մամլո հաղորդագրություններ
Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել. վարչապետն անդրադարձել է սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին
ևս 11 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է Սյունիքում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին:
«Սյունիքի մարզում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ, որոնք ունեն որոշակի բարդություններ: Մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որն անհրաժեշտ է Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի անվտանգության ապահովման տեսանկյունից: Համենայնդեպս մեր, Պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ մենք այս գործունեությամբ, որը կարող է ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, Սյունիքի և ՀՀ-ի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում:
Իհարկե, այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր. մեկը Սյունիքի մարզի Որոտանի, երկրորդը` Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր և որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաև ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն և միարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա և մեր քաղաքացիների շահերը լիարժեք կլինեն պաշպանված: Այս համատեքստում շատ մեծ է ապատեղեկատվական արտահոսքը: Օրինակ, մի դեպքի վերաբերյալ կարող են լինել, օրինակ՝ հարյուրավոր հրապարակումներ, այսպես ասած տարբեր ռակուրսներով և տարբեր դրվագներով: Մի դեպքի վերաբերյալ կարող են լինել հարյուրավոր հրապարակումներ և այդ հարյուրավոր հրապարակումներից համապատասխան մասշտաբային տպավորություն ստեղծվի: Ուզում եմ կրկնել, որ Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել, մյուս կողմից սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, դրանք բոլորովին տարբեր հարցեր են:
Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է, այսինքն՝ այդ տեղորոշումներն իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի և այդ անվտանգության համակարգը լինի գործուն: Սա արվում է՝ անվտանգությունն ապահովելու համար: Իհարկե, մենք ունենք նոր իրավիճակ և այդ իրավիճակը նոր իրադրություն է: Այդ նոր իրադրությունը որոշակի էմոցիաներ է առաջանում, բայց կրկին ասում եմ, մենք պետք է մաքսիմալ հանդարտ այս փուլը հաղթահարենք, որպեսզի արձանագրենք անվտանգության այն նոր համակարգի լիարժեք գործունեությունը, որը մենք այսօր կառուցում ենք, ստեղծում ենք կամ արդեն իսկ տեսականորեն ստեղծել ենք, մնում է դա գործնականում իրականություն դարձնել:
Այսօր ես առավոտյան նաև քննարկում եմ ունեցել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել եմ կոնկրետ հանձնարարականներ և թե ինչպես մենք այս պրոցեսը կառավարենք, որպեսզի հնարավորինս սահուն ընթանա, և մեր քաղաքացիների շահերը մաքսիմալ պաշտպանված լինեն:
Այդ թեման նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Գլխավոր շտաբի պետի հետ եմ քննարկել: Մենք հստակ գիտենք, ընդ որում սանտիմետրի ճշտությամբ, թե որտեղ է, որ մենք կարող ենք խնդիր ունենալ: Եղել է խորհրդակցություն դեռ 10 օր առաջ, և եղել է հանձնարարական, որ նախնական կոմունիկացիա արվի այդ հատվածների բնակիչների հետ ու նրանց մանրամասն տեղեկատվություն տրվի, թե ինչ պրոցես է տեղի ունենում, ինչ նպատակով է տեղի ունենում և որ ամենակարևորն է՝ քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունն ամբողջությամբ և լիարժեք կփոխհատուցի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կկրճատվեն անհետ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին դատական կարգով անհետ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել կառավարության հավանության արժանացած 2 նախագծերի վերաբերյալ, որոնք ընդգրկվելու են ԱԺ արտահերթ նիստում: «Քաղաքացիական օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների մասին է խոսքը, որով կարգավորել ենք մի շարք հարաբերությունները: Այն հնարավորություն կտա մարտական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին հատուցում ստանալ հիմնադրամից: Մասնավորապես, հիմա անհետ բացակաող ճանաչելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերջին մեկ տարվա ընթացքում բնակության վայրում հայտնի չլինեն տեղեկություններ գտնվելու վայրի մասին: Մենք բացառություն ենք սահմանում, ավելի ճիշտ՝ հատուկ կարգավորում զինծառայողների համար ռազմական գործողություններով պայմանավորված, և այդ ժամկետը կրճատում ենք՝ դարձնելով 3 ամիս, ընդ որում հետադարձ ուժով տարածում ենք կարգավորումը սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Դա նշանակում է, որ ընտանիքի անդամները, շահագրգիռ անձինք կարող են դիմել դատարան անհետ բացակայող ճանաչվելու համար, և դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դիմել հատուցման հիմնադրամ՝ անհետ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով,- նշել է նախարարը:
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ մյուս փոփոխությունը վերաբերում է նրան, որ դատական ակտից հետո պետք է 6 ամիս անցնի, որ հատուցումը տրամադրվի: «Մենք այդ 6 ամիս ժամկետն էլ ենք կրճատում: Այսինքն, եթե դիտարկենք սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունները միանշանակ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահին այդ 3 ամիսն անցած կլինի, և մեր հայրենակիցները հնարավորություն կունենան դիմելու և անհետ բացակայողի հիմքով հատուցումն ստանալու: Գործող կարգավորումներով 82 մլն կամ 70 մլն հատուցման մասին է խոսքը՝ կախված անձի կարգավիճակից, որից 10 մլն տրվում է միանվագ, մնացածը 20 տարվա մեջ ամսական հավասարչափ բաշխվում է»,-ասել է նախարարը:
Ըստ Ռուստամ Բադասյանի՝ հաջորդ փոփոխությունը վերաբերում է կամավորականներին, որոնք զորահավաքի գործընթացով չեն անցել. «Գործող օրենքը այդ մասով բաց ունի: Մենք այնպես ենք կարգավորում, որպեսզի Պաշտպանության նախարարության տված տեղեկանքի հիման վրա այն անձինք, ովքեր պայմանագրային զինծառայող չեն կամ պատադիր զինվորական ծառայության մեջ չեն և ոչ էլ զորահավաքային պրոցեսում են ներգրավվել մարտական գորոծղություններին, իրենք հնարավորություն ունենան դիմելու Պաշտպանության նախարարությանը ստանալու տեղեկանք և դրանից հետո դիմելու հիմնադրամ կրկին հատուցում ստանալու համար»:
Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելու ուղղությամբ
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև գերիների և անհետ կորածների խնդրին: «Մեր այսօրվա ամենահրատապ խնդիրը շարունակում է մնալ գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելը: Ես ուզում եմ ասել, որ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, ուղղակի այստեղ կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ: Այսինքն՝ ինչքան շատ հրապարակային լինի, այնքան ավելի կդժվարանա և վնաս կտա մեր գործին»,-ասել է կառավարության ղեկավարը: :
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կա մեկ գործընթաց, որի մասին խոսելը շատ ցավալի է. «Բայց այնուամենյանիվ հարկ եմ համարում նաև խոսել այդ մասին: Մենք ունենք ԴՆԹ թեստերով մարմինների նույնականացման գործընթաց: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այդ գործընթացն արագացնելու համար Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծը, որն արդեն ճանապարհին է: Մենք սպասում ենք, որ առաջիկա օրերին այն կհասնի Հայաստանի Հանրապետություն և կսկսի գործարկվել: Այսինքն՝ ձեռքբերումն արդեն փաստացի տեղի է ունեցել»:
Կչեղարկվեն պատերազմի մասնակիցների ճանապարհային խախտումների վարչական տույժերը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը մանրամասներ է ներկայացնել այս պահին դեռևս մշակման փուլում գտնվող նախագիծի մասին, որով նախատեսվում է չեղարկել ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժերը: «Առաջարկում ենք տվյալ հարցի երկու կարգավորում՝ առաջինը դա մի շարք վարչական իրավախախտումների համար սահմանված իրավական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծն արդեն իսկ նախնական տարբերակով պատրաստ է: Եվ երկրորդ կարգավորումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն է, որի դրույթները գլոբալ առումով նաև համապատասխանում են առաջադրված հարցի կարգավորմանը: Հետևաբար՝ որ տարբերակն էլ, որ կիրառելի կլինի, ընդունելի կլինի, պատրաստ ենք դրանց կատարմանը»,-ասել է Արա Ֆիդանյանը:
Անդրադառնալով քննարկվող հարցին՝ վարչապետը նշել է. «Երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը այսպիսի հարց բարձրացրեց, որ պատերազմի մասնակիցների երթևեկության հետ կապված տուգանքներ են գալիս, այն պարագայում, երբ ծայրահեղ անհրաժեշտությունից կախված՝ երթևեկության որոշակի կանոնների խախտումներ են տեղի ունեցել: Մենք արագ արձագանքում ենք: Այստեղ նախկինում կայացրած որոշումների հետ կապված՝ մենք բախվելու ենք մի պրոբլեմի հետ: Ցավոք, նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ նման արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել այդ արտոնությունից: Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել և դա պաշտոնապես հաստատել, որպեսզի չունենանք երկու իրավիճակ, որոնք էլ հավասարաբար տհաճ են: Առաջինը, որ ռազմական գործողություններին չմասնակցած անձինքն չկարողանան այդպիսի անվան ներքո հանդես գալ և օգտվել ամենատարբեր արտոնություններից և երկրորդը՝ ռազմական գործողություններին մասնակցած անձինք ստիպված չլինեն չափից երկար սպասել, որպեսզի իրենց մասնակցության փաստը պաշտոնապես հաստատվի, այսինքն՝ ավելորդ քաշքշուկների մեջ չընկնեն: Շատ կարևոր է, որ Պաշտպանության նախարարությունը հնարավորինս արդյունավետ գործի, որպեսզի այս հավաստիացումները լինեն»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս համատեքստում պետք է մտածել նաև կամավորականների մասին ու նրանց վերաբերյալ նույնպես ինչ-որ որոշում կայացնել:
Կառավարությունը հաստատել է Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը
Կառավարությունը հաստատել է Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը, որի նպատակն Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներին աջակցության տրամադրումն է Ամանորի կապակցությամբ։ Ըստ այդմ՝ միջոցառման շահառու է համարվում Արցախում 2020 թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թ. հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ կարգով՝ 20000 դրամ յուրաքանչյուր երեխային, ըստ Հայփոստին ու Արցախփոստին տրամադրված՝ երեխաների անվանացանկերի։ Միջոցառման շահառու հանդիսացող երեխաների տվյալները ծառայությանը տրամադրում է Ոստիկանությունը, ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների։
Այդ նպատակով գործադիրը նաև վերաբաշխում է կատարել 2020 թ. պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ միջոցառումը ֆինանսավորվում է նախարարության պարգևավճարների և աշխատավարձի հավելավճարների ամբողջ ֆոնդով։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հասկանալի պատճառներով այս տարի ամանորյա միջոցառումներ չեն լինի, բայց պետք է անել առավելագույնը, որ երեխաները չզրկվեն ամանորյա միջոցառումներից. «Ես տեղեկացա, որ ամանորյա ներկայացումներ կլինեն մեր թատրոններում, ինչը շատ կարևոր է»:
Վարչապետն անդրադարձել է նաև Արցախի բնականոն կյանքի համար իրականացված միջոցառումներին: «Առաջին՝ Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագրից օգտվում է շուրջ 87 հազար շահառու, կառավարությունն այս նպատակով հատկացրել է 6.4 մլրդ դրամ։ Հաջորդ միջոցառումը՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչների աջակցության ծրագրով ունենք ավելի քան 2000 շահառու, կառավարությունը հատկացրել է մոտ 600 մլն դրամ։ Արցախում դեկտեմբեր ամսվա կենսաթոշակները և նպաստները վճարելու նպատակով Արցախի կառավարությանը գումար հատկացնելու մասին որոշում ենք կայացրել, որի շրջանակում հատկացրել ենք շուրջ 940 մլն դրամ: Արցախում պետական աշխատողների դեկտեմբեր ամսվա վճարելու նպատակով Արցախի կառավարությանը հատկացրել ենք մոտ 3.1 մլրդ դրամ: Արցախի բնակչության վերջին 3 ամսվա կոմունալ վճարումների ամբողջական անհատույց հատուցում Արցախի կառավարության հետ համատեղ այս նպատակով հատկացրել ենք շուրջ 1 մլրդ դրամ»,-ասել է կառավարության ղեկավարը:
«Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ բացի վերոնշյալ ծրագրերից, որոնք իմ նշած ճանապարհային քարտեզի շրջանակում են, կառավարությունը հաստատել է ևս 8 միջոցառում, որոնք ընթացքի մեջ են, և որոնց իրականացման վերաբերյալ հաշվետվությունները կներկայացվեն առաջիկայում: Առանձնահատկությունն այն է, որ մի քանի միջոցառման շահառու են ոչ միայն Արցախի բնակիչները:
Ես ուղղակի ցանկացա այս տեղեկատվությունը բարձրաձայնել, որովհետև այս կայացված որոշումների հետ կապված մենք շատ լայն տեղեկատվություն չենք տարածում՝ նաև նկատի ունենալով, որ այս ամեն ինչը մեր պարտականությունն է, ու դա շատ թմբակահարելու անհրաժեշտություն չկա։ Բայց մյուս կողմից այս պայմաններում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մենք Արցախին հոգսերի հետ միայնակ ենք թողել»,- ասել է վարչապետը:
Կկառուցվի Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատված. կթեթևանա Կոմիտասի պողոտայի երթևեկությունը
Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մաuին» որոշում՝ հաշվի առնելով, մասնավորապես, Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Արաբկիր վարչական շրջանի գոտևորման նախագիծը, քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասի գերծանրաբեռնվածությունը կարգավորելու հարցը: Ըստ այդմ՝ մշակվել է Մամիկոնյանց փողոցի միացումը Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցման նախագիծը, ինչը զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվի թաղամասի տարհանման ելքերը: Կառուցվելիք ճանապարհահատվածն անցնում է կառուցապատված հատվածով, հատում է նախկին երկաթգիծը: Վերականգնվող տեղամասի երկարությունը մոտ 0.265 կմ է: Ճանապարհի սկիզբը սկսում է Մամիկոնյանց փողոցից դեպի Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատում է նախկին երկաթգծի ճանապարհը և միանում է գործող Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասին:
Գործադիրը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը
Համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացի շրջանակում՝ գործադիրի որոշմամբ ՀՀ Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետարաններին կհատկացվի 3,640,933․5 ՀՀ դրամ: 2020 թ.-ին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը և այլն: Արդյունքում ՀՀ 116 համայնքների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 149 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրությունները: Կատարվել են համապատասխան աշխատանքները և ներկայացվել են աշխատանքների կատարողականները: Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին և ներկայումս պետբյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջացել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այս տարի 2020 թվականի բյուջեով նախատեսված է եղել շուրջ 10 մլրդ դրամ սուբվենցիոն ծրագրերի համար: «Բայց մեր կատարած աշխատանքը 4,5 մլրդ դրամով գերազանցել է նախատեսված գումարը: Սա նաև ենթադրում է, որ եթե պետական բյուջեի հատկացումը 14,5 մլրդ դրամ է, այն պետք է կրկնապատկել, քանզի գումարի մի հատվածը համայնքների միջոցներով կամ մասնավոր անձի տրամադրած միջոցների հաշվին է: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ 2020 թվականին մենք կարողանում ենք ֆինանսավորմանը ավարտին հասցնել շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր»,-ասել է նախարարը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ չնայած կորոնավիրուսի և պատերազմական հետ կապված իրավիճակին, այս տարի 2019 թվականի համեմատ սուբվենցիոն ծրագրերի ծավալներն աճել են: «Եթե չեմ սխալվում մոտավորապես 5-6 մլրդ դրամի ավելի ծրագիր ենք իրականացրել այս տարի՝ նախորդ տարվա համեմատ: Եվ հուսով եմ, որ այս աճողական տեմպը և՛ քանակական, և՛ որակական առումով, շարունակվելու է»,-ասել է փոխվարչապետը:
Այլ որոշումներ. ՀՀ-ում ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ից
Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը նախատեսվում է իրականացնել մինչև 2021թ. փետրվարի 14-ը ներառյալ:
Գործադիրն ընդունել է նաև «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թ. զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ 2020 թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թ. հունվարի 20-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Սահմանվել է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:
Կառավարությունը բավարարել է «ԱՐ.տոբակո» ՓԲԸ-ի ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու և ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ծխախոտի արտադրության համար (ք. Ստեփանակերտ)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 8 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 33 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 160 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 306 մլրդ դրամ, որից 61․2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 91․8 մլրդ դրամի արտադրանքը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, 153 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33․2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 1․7 մլրդ դրամ:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոփյանը նշել է, Արցախի գործընկերների հետ աշխատում են Արցախում բիզնես կորցրած անձանց բիզնեսները հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ:
Կառավարության նիստի ավարտին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ: Նախարարը նշել է, որ երեք օրվա ընթացքում ունեցել ենք 702 նոր դեպք. «Ընդհանուր դեպքերի թիվը 156 հազար է, բայց որպես հիմնական խնդիր, դիտարկելով հիվանդների բուժօգնությունը, կարող եմ ասել, որ արդեն մոտ երկու շաբաթ է հոսպիտալացմանը տանը սպասող որևէ պացիենտ չունենք: Ավելին՝ մենք արդեն սկսել ենք, որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն գործունեությանը, իհարկե, միշտ պատրաստ լինելով նորից կորոնավիրուսով զբաղվելու»:
Նախարարը կրկին կոչ է արել քաղաքացիներին հետևել հակահամաճարակային կանոններին, քանի որ դեռ այս հիվանդության դեմ պայքարի այլ տարբերակ չկա: «Հաշվի առնելով որ հիմա մարդիկ ավելի շատ են լինում փակ տարածքներում և ավելի քիչ են այդ տարածքներն օդափոխվում՝ ռիսկն այս շրջանում ավելի է մեծանում, հետևաբար զգոնության հավելյալ ջանքեր պետք է բոլորս գործադրենք»,-ասել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով նաև, որ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցածր թիվ, որը տատանվում է 1,5 տոկոսի շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված: «Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մի մեծ մասը քաղաքականացված էր, որ մեզ ի ցույց էին դնում տարբեր օրինակներ, թե տեսեք՝ որքան վատ են Հայաստանում կառավարվում կորոնավիրուսի դեպքերը: Բայց մենք պետք է արձանագրենք՝ մեր կանխատեսումն իրականություն դարձավ, որ երկրները, ըստ էության, լինելու են նույն իրավիճակում, և դա ընդամենը ժամանակի ու ժամանակացույցի հարց է: Կային երկրներ, որ երբ մենք պիկի վրա էինք, ըստ էության, զրոյական վիճակ էր իրենց մոտ: Հիմա այնտեղ թվերի մի մասով մեզնից անցել են, մյուս մասով կանցնեն անխուսափելիորեն։ Այս տեղեկատվությունը նույնպես մեր հանրությունը պետք է իմանա, որովհետև այն ժամանակ, բնականաբար, բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր այդ խնդրի վրա, բոլորը դրա մասին էին խոսում, քննարկում, իսկ հիմա, երբ իրադրությունը փոխվել է, և մեր կանխատեսումը միջազգայնորեն իրականություն է դարձել, այդ թեմայի վրա առանձնապես ուշադրություն դարձնող չկա»,-ասել է վարչապետը: