Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը
ևս 1 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է ՀՀ-ում:
Ողջունելով դիվանագետին՝ վարչապետը նշել է. «Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում: Սա կնպաստի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով կապերի ընդլայնմանը՝ նաև Եվրոպական միության շրջանակում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարձր է գնահատել մեր տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների կառուցողական և անկողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև Նիդերլանդների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Անդրադառնալով արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, որի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը շարունակվում է:
Վարչապետը ջերմ ողջույններ է խնդրել փոխանցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեին և ափսոսանք հայտնել, որ իր՝ նախորդ տարի ծրագրված այցը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Իր հերթին Նիկոլաս Սխերմերսը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական առաքելությունը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացման նպատակը տարածաշրջանում հավասարակշված դիվանագիտական ներկայության ապահովումն է, և դա հնարավորություն կտա տարբեր նախաձեռնություններով աջակցել Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը: Կարևորելով բարձր մակարդակի երկկողմ փոխայցերը՝ դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կազմակերպել վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն, որը հետաձգվել էր կորոնավիրուսային իրավիճակի պատճառով:
Ն. Սխերմերսը ցավակցություն է հայտնել վարչապետին Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հարցեր: Երկուստեք հեռանկարային է համարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար ոլորտներում համագործակցությունը:
Վարչապետը նշել է, որ կառավարության տեսլականը գիտելիքի և տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալն է, և առաջարկել դեսպանին՝ նիդերլանդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել այս ուղղություններով ներդրումների հեռանկարին: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին:
Ն. Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել՝ նիդերլանդական ըկերություններին տեղեկացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին և ակտիվ աշխատել փոխգործակցության խթանման ուղղությամբ: Նա նաև բարձր է գնահատել հոլանդահայ համայնքի դերակատարումը երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում: