Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը նախատեսում է պատերազմում վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ. նրանց համար կիրականացվի միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզավորում

21.01.2021

ևս 12 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստում քննարկվել է «Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ հաստատելու մասին» որոշումը: Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորումը, ի թիվս այլ աջակցող միջոցների, իրականացվում է պետական բյուջեի միջոցներով պետական հավաստագրերի հիման վրա: Համակարգը թույլ է տալիս անձին ընտրել իր նախընտրելի տարբերակը պետական հավաստագրով երաշխավորված գումարի շրջանակներում: Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախնական գնահատման՝ պրոթեզավորման կարիք ունեն շուրջ 115 անձ, ովքեր պատերազմում վիրավորում (վնասվածք) են ստացել և ունեն պրոթեզավորման կարիք: Որոշմամբ նախատեսվում է ստեղծել բազմամասնագիտական թիմ, որի կազմում ներգրավված կլինեն տարբեր մասնագետներ՝ օրթոպեդ կամ վնասվածքաբան կամ ֆիզիոթերապիստ կամ վերականգնողաբան, էրգոթերապիստ, անկախ պրոթեզիստ (նախատեսվում է մասնագետ արտերկրից, քանի որ Հայաստանում այս ոլորտում անկախ մասնագետներ չկան), հոգեբան և այլն: Թիմը տունայցերի միջոցով կիրականացնի շահառուների կարիքների գնահատում նախապես մշակված մեթոդաբանությամբ, ըստ գնահատված կարիքի կտրամադրի եզրակացություն պրոթեզի տեսակի, դրա բաղկացուցիչ մասերի, դետալների տեխնիկակական նկարագրերի մասին, ինչպես նաև անհրաժեշտ այլ աջակցող միջոցների մասին, տեղում կկազմակերպի շահառուից դիմումի ընդունումը: Դիմումի փոխանցում է բուժատեխնիկական հանձնաժողովին, որն էլ ապահովում է հետագա ընթացքը: Եթե որևէ անձի տվյալ ցուցակից բացակայում է, ապա նա պետք է տեղեկացնի համապատասխան տեղեկանք պաշտպանության նախարարությունից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ որոշմամբ առաջարկվում է, որ պատերազմի այն մասնակիցների համար, ովքեր ունեն պրոթեզավորման կարիք՝ իրականացնել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում: Ըստ նախարարի՝ գնահատման արդյունքում յուրաքանչյուր շահառուի համար մշակվում է անհատական հավաստագիր, որն իր մեջ պարունակում է 2 գին՝ պետական հավաստագրով սահմանված գինը և հավելյալ գինը, վերջինս փոխհատուցվում է օրենքով չարգելված այլ՝ ոչ պետական միջոցների հաշվին: Բացի պրոթեզավորումից, պահանջ է սահմանված, որ ծառայություն մատուցող կազմակեպությունները նաև շահառուին սովորեցնեն պրոթեզ կրելու հմտություններ: Ընդ որում, գործընթացը վերաբերում է ինչպես վերին կամ ստորին վերջույթի, այնպես էլ աչքի և ձայնաստեղծ ապարատի պրոթեզավորմանը: Հատուկ ընթացակարգով պրոթեզների տրամադրման արդյունքները կամփոփվեն և առաջարկություններ կներկայացվեն նման ընթացակարգով շահառուների շրջանակն ընդլայնելու, ինչպես նաև պրոթեզավորման ոլորտի զարգացման, պրոթեզավորման քաղաքականությունը բարելավելու համար:

Անդրադառնալով որոշման նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ունի հիմնական երկու նպատակ. առաջինը ռազմական գործողությունների հետևանքով պրոթեզավորման կարիք ունեցող մեր հայրենակիցների պրոթեզավորման գործընթացը հնարավորինս արագ և հարմարավետ կազմակերպելն է, և երկրորդը՝ պրոթեզների որակը բարձր մակարդակի բերելը: «Հաջորդ կարևոր խնդիրը: Երեկ մենք քննարկում էինք, որ հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցների համար պետք է ապահովենք նաև պատշաճ մասնագիտական վերապատրաստում և նրանց աջակցենք կրթություն ստանալու գործում, որպեսզի մեր քաղաքականությունը, այդ թվում սոցիալական ապահովության այլ ոլորտներում, լինի ոչ թե համակերպվելուն, այլ հաղթահարելուն միտված: Այսինքն՝ տվյալ դեպքում մենք պետք է քաղաքականությունը վարենք այնպես, որ հաշմանդամություն ստացած անձինք ոչ թե այդ կարգավիճակի հետ համակերպվեն, այլ աջակցենք, որպեսզի այդ իրավիճակի բերած սահմանափակումները հաղթահարեն, մասնավորապես՝ աշխատանքի, տեղաշարժի, ընդհանրապես՝ հանրային կյանքում ներգրավվելու և այդպես շարունակ»,-ասել է վարչապետը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ընդգծելով զինհաշմանդամների մասնագիտական վերապատրաստման կարևորությունը, նշել է, որ նաև ՏՏ ոլորտում կան մասնավոր ընկերություններ, որոնք արդեն իսկ հայտարարել են այդպիսի ծրագրերի մասին և պատրաստակամություն՝ իրականացնել հավելյալ վերամասնագիտացման կրթական անվճար դասընթացներ: Հակոբ Արշակյանը հայտնել է, որ նախարարությունը նույնպես նախատեսում է իրականացնել այդպիսի վերամասնագիտացման ծրագրեր, որոնց մասին շուտով կտեղեկացնեն:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ այս որոշումը տեղավորվում է նոյեմբերի 18-ին իր հրապարակված ճանապարհային քարտեզի 5-րդ կետի տրամաբանության մեջ, որով նախատեսվում է հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում. «Մենք պետք է այս հարցով հետևողական շարունակենք աշխատել»:

Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ լուծելու են նաև սպասարկման հետ կապված հարցեր, այդ թվում ֆինանսական, որոնք այսօր կքննարկվեն շահագրգիռ գերատեսչությունների հետ: Փոխվարչապետի առաջարկությամբ՝ ծրագրում որոշ փոփոխություններ, ոչ բովանդակային, իրականացնելու նպատակով որոշումը կընդունվի հունվարի 22-ին՝ գրավոր քվերակությամբ:

Վարկային համաձայնագրով նախատեսված 7.4 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի մարզային առողջապահական համակարգի արդիականացմանը

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման, 7.4 մլն ԱՄՆ դոլար գումար կտրամադրվի մարզային առողջապահական համակարգի արդիականացմանը, ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Վայոց ձորի ազգաբնակչությանը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների բարելավմանը, «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» վարկային համապատասխան ծրագրի արդյունավետ շարունակականության ապահովմանը:

Ինչպես նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, դեռևս 2013թ ստորագրված համաձայնագրի շրջանակում 22.8 մլն ՓՀԻ (XDR) արժեքով (համարժեք 35 մլն ԱՄՆ դոլարին) միջոցները նախատեսված էին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և ՀՀ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքների համար, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքների, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերմանը։ Ըստ նախարարի՝ 2020 թ. մարտի 6-ին կնքված համաձայնագրի փոփոխությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվել են վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը։ Արդյունքում, նպատակահարմար է համարվել վարկային ծրագրում թողնել միայն Մարտունու ԲԿ արդիականացման աշխատանքները։

Վայոց ձորի բժշկական կենտրոնի կառուցումը դիտարկվել է որպես ՀՀ կառավարության առաջնահերթություն և ընդգրկվել կառավարության 2019-2023թթ․գործունեության միջոցառումների ծրագրի միջոցառումների ցանկում։ Այնուհետև, կապված ՀՀ-ում COVID-19-ին համավարակին հնարավորինս արագ և արդյունավետ հակազդելու, ինչպես նաև երկրի բժշկական կազմակերպությունները անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, պարագաներով և այլ ապրանքատեսակներով համալրելու հրատապ անհրաժեշտությամբ՝ նպատակահարմար է գտնվել 3 մլն ԱՄՆ դոլար գումարը վերաբաշխել և ուղղել COVID-19-ին դիմակայելուն: Արդյունքում, ներկայում առկա է 3 մլն ԱՄՆ դոլար դեֆիցիտ Մարտունու ԲԿ արդիականացման աշխատանքների ֆինանսավորման մասով։ Անահիտ Ավանեսյանը նշել է նաև, որ վարկային ծրագրով նախատեսվում է Վայոց ձորի նոր բժշկական կենտրոնի կառուցումը: «Մարտունու բժշկական կենտրոնն ինտենսիվ կառուցման փուլում է գտնվում: Վայոց ձորի բժշկական կենտրոնի կառուցման նախագծման և նախահաշվային աշխատանքներն ավարտված են և հաստատվելուց հետո կսկսվեն նաև այս բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները»,-ասել է նախարարը:

Սահմանվել են օրինական տիրապետողի անշարժ գույքի տարածք ներխուժումը վերացնելուն ուղղված կառուցակարգեր

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների պատշաճ և իրավաչափ իրացումը ապահովելու նպատակով: Մասնավորապես, քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ: Ըստ այդմ, կստեղծվեն համապատասխան կառուցակարգեր և ընթացակարգեր Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի կիրառման համար:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը՝ նշելով, որ օրենքի և իրավունքի գերակայությունները շատ առանցքային նշանակություն ունեն իրավակարգի պահպանության և պաշտպանության տեսակետից: «Մենք այս ընթացքում էլ բախվել ենք բազում դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն: Բոլորը դա ընդունում են, այսինքն՝ բանավեճ չկա, ըստ էության, որ սեփականությունը պատկանում է x մարդուն, բայց y մարդը որոշակի գործողություն է կատարել նրա նկատմամբ, բայց սեփականությունը վերադարձնելու հետ կապված առաջանում են բազմաթիվ ընթակարգային խնդիրներ: Եվ փաստացի ստացվում է, որ լուռ համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը գործնականում վերացնելու համար երբեմն կարող են տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով և այլն: Եվ հիմա մենք փորձում ենք այս որոշմամբ հնարավորինս հեշտացնել հարցը, որպեսզի նման բարդություններ չծագեն»,-ասել է կառավարության ղեկավարը:

                                                     Այլ որոշումներ

Գործադիրի որոշմամբ Տիգրան Պետրոսյանն ազատվել է ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ ելնելով Ադրբեջանի կողմից 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների զբաղվածության ապահովման անհրաժեշտությունից։ Որոշմամբ նախատեսվում է ընդլայնել շահառուների շրջանակը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված համակարգչային և հարակից տեխնիկա կնվիրաբերվի Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:
 

← Վերադառնալ