Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը բարելավել է ագրոպարենային ոլորտի լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները և ընդլայնել տրամադրվող սարքավորումների շրջանակը
ևս 11 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. հուլիսից, որի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Կառավարության տարբեր որոշումներով ծրագրում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի 230 մլն դրամ վերին շեմը բարձրացվել է մինչև 450 մլն դրամ, իսկ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակներում գյուղատնտեսական հումք վերամշակողների համար՝ մինչև 1 մլրդ դրամ։
Հիմնավորման համաձայն՝ որոշման նախատեսվող նոր փոփոխություններն ու լրացումները մշակվել են է մի շարք, մասնավորապես՝ սառնարանային, ջերմատնային ու պահեստային տնտեսություններում, թռչնաբուծության և ագրովերամշակող արդյունաբերության ոլորտներում գործող տնտեսավարողների, ինչպես նաև ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների առաջարկությունների հիման վրա։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդլայնել ծրագրի ընդգրկման շրջանակը լրացվում է խխունջաբուծության ոլորտի սարքավորումներով և ավտոամբարձիչով: Նախատեսվում է ծրագրի շրջանակում յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի առավելագույն 450 մլն դրամի շեմը բարձրացնել մինչև 1 մլրդ դրամ: Առաջարկվում է նաև որոշման գործողությունը տարածել 2020 թ. հուլիսի 1-ից ծագած հարաբերություների վրա, որպեսզի նախկինում կնքված լիզինգի պայմանագրերի շրջանակում 450 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումները Հայաստան հասնելու և լիզինգ ձևակերպելու օրվա արտարժույթի փոխարժեքով պայմանավորված ապահովվեն ծրագրով նախատեսված պայմանները, ինչպես նաև մեղմվեն լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման ռիսկերը։
Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ծրագիրը միտված է գյուղատնտեսության խոշորացմանը, այսինքն՝ խթանել գյուղատնտեսներին ավելի մեծ ծրագրեր ձեռնարկել:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագիրը՝ նշելով. «Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ գյուղատնտեսության աջակցման և զարգացման մեր ծրագրերը դարձնենք ավելի ու ավելի արդյունավետ: Եվ հայտնի է, որ բովանդակային էական փոփոխություններ ենք կատարել գյուղատնտեսության աջակցման գործիքներում: Կարող եմ արձանագրել, որ 2020թ. ընդամենը 2 ոլորտ ունենք, որտեղ աճ է գրանցվել, և այդ ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է: Եվ այս գործում, կարծում եմ, որոշակի դերակատարում ունի նաև այս ծրագիրը: Օրինակ, 2020թ. ընթացքում լիզինգի ծրագրով ծախսվել է շուրջ 9 մլրդ դրամ, 576 շահառուի կողմից ձեռք է բերվել 950 միավոր տեխնիկա: Սա բավականին մեծ թիվ է Հայաստանի Հանրապետության համար»:
Գործադիրի որոշմամբ սահմանվել է նաև մի շարք որոշումներով նախատեսված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ: Որոշման ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շարունակականությունը և ֆինանսական կառույցների համար պետական աջակցության ծրագրերին մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսավարողների գործունեությունը խթանելու, ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար հավասար պայմաններ ապահովելու և արտոնություններ սահմանելու անհրաժեշտությամբ։ Ըստ այդմ՝ սահմանվում է, որ գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 14 տոկոսը (նախկինում՝ 12 տոկոս)։ Միաժամանակ, պետական աջակցության ծրագրերի շրջանակում մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, այսինքն այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին հասանելի լինեն 0 տոկոս տոկոսադրույքով։ Արդյունքում՝ հնարավորություն կտրվի ֆինանսական կառույցներին մասնակցելու վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերին և ապահովելու գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շարունակականությունը, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար ապահովելու միանման արտոնյալ պայմաններ:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է նաև կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ գինեգործական ընկերությունների մոտ առկա կոնյակի սպիրտի մնացորդների իրացման հարցում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ Ըստ այդմ՝ տնտեսավարողներին կտրամադրվի պետական օժանդակություն 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով: Դա վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու իրացման ծավալները, ինչպես նաև ապահովելու 2021 թ.-ի խաղողի մթերումների գործընթացը։ Հիմնավորման համաձայն՝ ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ ավելի քան 40 տոկոսով կամ շուրջ 3 մլն լիտրով կավելանան կոնյակի սպիրտների արտահանման ծավալները և կկազմեն շուրջ 13.5 մլն լիտր, իսկ 13.5 մլն լիտր կոնյակի սպիրտների իրացման դեպքում կունենանք շուրջ 150 հազար տոննա խաղողի մթերման համար անհրաժեշտ ազատ տարողություններ։
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին վերաբերող որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի թեման ամենատարբեր հարթակներում շահարկումների և փոթորկումների առարկա էր: «Հիմա արդյունքներն ամփոփված են, և ուզում եմ ասել, որ մենք 2020թ. ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել, ընդ որում, օրինակ 2018թ. համեմատ 2020թ. տրված վարկերը 6 անգամ գերազանցել են: Այսինքն, եթե 2018թ. 5782 վարկ է տրամադրվել, 2020թ. 36 608 վարկ է տրամադրվել: Ընդ որում, 2020թ. գյուղատնտեսական տարին անցավ բուռն քննադատությունների պայմաններում, որ գյուղացիներին վարկ չենք տալիս, զրկել ենք, ընդհանրապես ոչ մի բան չեն ստանում գյուղացիները և այլն:
2018թ. նկատմամբ երեք անգամ գյուղատնտեսական վարկերի ծավալն ավելացել է: Ընդ որում այստեղ շատ կարևոր է ընդգծել նաև, որ անցած տարի նաև աշնանացան ցորենի ծրագիր ենք իրականացրել, որը տեղավորվում էր պարենային անվտանգության մեր ծրագրի շրջանակներում: Եվ այս տարի էլ մենք պլանավորում ենք գարնանացան ցորենի ծրագիր իրականացնել»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն ամփոփելով նախորդ տարվա արդյունքները՝ նշել է. «Ուզում եմ շատ հետաքրքիր տվյալների մասին խոսել: Օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունից 2020թ. պահածոների և հյութերի արտահանումն աճել է 30 և 38 տոկոսով: Սա ինչով է կարևոր, որ վերամշակող արդյունաբերությունն աշխատել է: Եվ սա շատ կարևոր ցուցանիշ է: Բայց ունենք մի վատ ցուցանիշ, երբ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով: Եվ երեկ էկոնոմիկայի նախարարի տեղակալը շատ հետաքրքիր տվյալներ ներկայացրեց, որից իմացանք, որ մեր ավանդական շուկաներում իրականում այս ապրանքատեսակների վաճառքներն ավելացել են, բայց մեր արտահանումը նվազել է: Եվ վերլուծությունը ցույց է տվել մի հետաքրքիր բան, որ կորոնավիրուսով պայմանավորված այդ շուկաներում աճը տեղի է ունեցել օնլայն վաճառքների հաշվին: Եվ մենք արձանագրել ենք, կանգնել ենք մի իրողության առաջ, որ մեր ընկերությունները, ցավոք, օնլայն հարթակի վաճառքներում պատշաճ ձևով ներկայացված չեն և օնլայն վաճառքի հարթակները բավարար չափով զարգացած չեն: Սա վկայում է այն մասին, որ «աջակցության ծրագիր» վերնագիրն ընդհանրապես պետք է փոխենք, պետք է ունենանք զարգացման ծրագրեր, որովհետև աջակցելու պրոցեսը, որպես կանոն, պահպանողական է: Այսինքն՝ ճկունությունն ու մրցունակությունը միշտ չէ, որ ավելացնում է, և բոլոր ծրագրերում պետք է դնենք զարգացման տրամաբանությունը»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կոնյակի սպիրտի արտահանմանը վերաբերող որոշմանը. «Ինչպես գիտեք, կոնյակի սպիրտի արտահանման վրա տուրք է սահմանված, և մենք որոշում ենք կայացրել արտահանողներին այդ տուրքը վերադարձնել: Նախորդ տարի խաղողի մթերումը կարողացանք ի վերջո կազմակերպել, չնայած ընկերություններն արտաքին շուկաներում պրոբլեմներ ունեին: Եվ որպեսզի այս տարվա մթերումները կարողանանք նույնպես պատշաճ ձևով կազմակերպել, պետք է խթանենք, որ կոնյակի սպիրտն արտահանվի»:
Գործադիրի ղեկավարը ոլորտի զարգացման առումով ընգծել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի կարևորությունը: «2020թ. մեկնարկեց գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը, որը գործում էր ընդամենը 2 մարզում և երկու մշակաբույսի դեպքում՝ խաղողի և ծիրանի դեպքում: Կարող ենք ասել, որ բավականին հաջող ծրագիր էր, իհարկե, որոշ խնդիրներ են ի հայտ եկել, որոնք, սակայն կառավարելի են: Իսկ այս տարվանից գործում է գյուղատնտեսության ապահովագրությունը բոլոր մարզերում և 11 մշակաբույսի համար՝ խաղող, ծիրան, դեղձ, խնձոր, ցորեն, գարի, վարսակ, կարտոֆիլ, ձմերուկ, սեխ, սալոր: Սա նշանակում է, որ այս տարվանից մեր գյուղացիները հնարավորություն ունեն իրենց ապահովագրել կարկուտի, ցրտահարության, հրդեհի, գյուղատնտեսական մի շարք ռիսկերից, որոնք ավանդաբար Հայաստանի Հանրապետությունում գոյություն են ունեցել: Ընդ որում, ապահովագրական գումարի զգալի մասը տարբեր դեպքերում տարբեր չափերով վճարում է կառավարությունը: Սա շատ կարևոր առանձնահատկություն է և նորամուծություն: Պետք է քաջալերել, որ մեր գյուղացիներն անպայման օգտվեն այս ծառայություններից»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսական վարկերի հասցեականության ապահովման անհրաժեշտությանը, ընդգծել է. «Խնդիրն այն է, որ մենք նպատակ ունենք այնպես անել, որպեսզի գյուղատնտեսական վարկերը ծախսվեն գյուղատնտեսության վրա, և այս առումով նպատակայնությունը պետք է ավելի ու ավելի մեծացնենք: Սա, ի վերջո, շահավետ է նաև գյուղացիների համար, որովհետև ոչ ճիշտ տեղում ներդրված գումարը հետագայում ներդրողի համար է պրոբլեմներ առաջացնում: Այնպես, որ այս հարցով էլ կաշխատենք: Այս տարի ուզում ենք շեշտը դնել 3-15 մլն դրամանոց վարկերի վրա, որը հենց այդ զարգացման տրամաբանության մեջ է: Այսինքն՝ կոնկրետ ծրագրով կոնկրետ ֆինանսավորում ենք իրականացնում: Շատ մեծ հույս կա, որ այդ գումարի շատ մեծ մասը՝ 90 և ավելի տոկոսը կներդրվի գյուղատնտեսության մեջ»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ էական շարժ է արձանագրվել հանրապետությունում ինտենսիվ գյուղատնտեսության առումով, ինչը շատ կարևոր է. «Ինտենսիվ գյուղատնտեսության առանձնահատկությունն այն է, որ առաջին հերթին՝ կարկուտի, ցրտահարության և այս կարգի այլ ռիսկերը նվազագույնի են հասցված: Եվ երկրորդ՝ ինտենսիվ գյուղատնտեսության պարագայում գյուղացին ոչ թե սպասում է սեզոնն ավարտվի և տեսնի, թե ինչքան բերք կստանա, այլ հենց սկզբից՝ իր պայմանագրերին համապատասխան, պլանավորում է, թե ինչքան բերք է ուզում ստանալ: Եվ գործընթացի կառավարման արդյունքում ստանում է անհրաժեշտ քանակի և որակի բերք, որն իրեն հնարավորություն է տալիս շուկայում մրցունակությունը պահել»: Վարչապետը նշել է նաև, 2019թ. 2018թ. համեմատ ինտենսիվ այգիների տարածքները 2.5 անգամ են աճել, իսկ 2020թ. 2019թ. համեմատ 10 անգամ՝ 53 հեկտարից դառնալով 518 հեկտար:
Երևանում կկառուցվի «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն
Կառավարությունը որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 13/12 հասցեում գտնվող գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Արմենիա Վայն» գործարան» ՍՊԸ-ին: Ընկերությունն իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է նաև բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն:
Ընկերությունը դիմել է կոմիտեին վերոհիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքը օտարել՝ ծրագրի ընդլայման համար։ Նախնական գնահատականներով, կներդրվի 40 մլն դոլար և կստեղծվի 5000 աշխատատեղ: Քննարկման արդյունքում որոշման մեջ ներառվել է դրույթ՝ համաձայն որի նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը երաժշտական դպրոցի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից։
Կառավարությունը գումար է հատկացրել ՏՏ ոլորտի պրոդուկտ ստեղծող ընկերություններին դրամաշնորհի տրամադրման գործընթացը կազմակերպելու համար
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և գումար հատկացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման հիման վրա կազմակերպված դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչված տնտեսավարող սուբյեկտներին` ՏՏ ոլորտի պրոդուկտ ստեղծող ընկերություններին, դրամաշնորհի տրամադրման գործընթացը կազմակերպելու համար:
Հիմնավորման համաձայն՝ միջոցառմանը վերաբաշխման միջոցով հատկացվել էր 888 մլն դրամ, որից հետո հատկացվել է ևս լրացուցիչ 217,9 մլն դրամ՝ հաշվի առնելով փաստացի հաղթողների թվաքանակը և տրամադրվող դրամաշնորհների չափը։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պատճառով, հաղթող կազմակերպությունների հետ պայմանագրեր չկնքվեցին և միջոցառման համար նախատեսված 1,1 մլրդ դրամը կառավարության համապատասխան որոշմամբ ամբողջությամբ կրճատվել և ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Ինչպես նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, մրցույթին մասնակցել է 330 ընկերություն, որից հաղթել է 64-ը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում որոշակի հնարավորություններ են ստեղծվել նախարարության բյուջեում վերաբաշխում իրականացնելու և միջոցառումն ավարտին հասցնելու համար: Ըստ նրա՝ ստարտափ ընկերությունները նախորդ տարվա ընթացքում 50 միլիոն դոլարից ավելի ներդրում են ներգրավել Հայաստան, ինչը լուրջ ցուցանիշ է: «ՏՏ ոլորտում նույնպես կայուն աճ է եղել. Ստեղծվել են 3400-ից ավելի աշխատատեղեր, 22 տոկոսով աճել է աշխատատեղերի թիվը, ինչը նշանակում է, որ աշխատավարձերի կտրուկ տատանումներ չեն եղել: Կարծում եմ՝ նաև կորոնավիրուսով է սա պայմանավորված: Այս պահին 18400 աշխատակիցներ կան ոլորտում, և 192 նոր ընկերություններ պետության կողմից հարկային արտոնագիր են ստացել»,- ասել է Հակոբ Արշակյանը:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ 2021 թվականը, նաև այս ծրագրի շնորհիվ, ՏՏ ոլորտի համար ավելի նպաստավոր կլինի, որովհետև այն մեր երկրի տնտեսության ամենահեռանկարային ճյուղերից մեկն է:
Հավանության է արժանացել Հայաստանի թվայնացման ռազմավարությունը
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին: Ինչպես նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, մինչև 2025 թվականը առաջին փուլի միջոցառումների շրջանակում նախատեսվում է թվայնացման գործընթացների ստանդարտների տեղայնացում, կիբեռանվտանգության միջազգային ստանդարտների տեղայնացում և այլն: Ռազմավարության իրականացման արդյունքում, մասնավորապես, գյուղական համայնքներում կավելանա բարձրորակ ինտերնետի հասանելիությունը՝ դառնալով 80 տոկոս ներկայիս 40 տոկոսի փոխարեն, ՀՀ–ում շուրջ 300 տեսակի ծառայություններ ու 150 լիցենզիաներ հնարավոր կլինի ստանալ առցանց եղանակով։
«Մինչև 2025թ.–ը կառավարությունը բացառելու է ծառայությունների ստացման նպատակով պետական տեղական ինքնակառավարման մարմիններ այցելելու անհրաժեշտությունը։ Իրավաբանական անձանց ու ՏԻՄ–ի հետ հաղորդակցվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կառավարությունը բացառելու է քաղաքացուց տեղեկություններ ու փաստաթղթեր պահանջելու դեպքերը, եթե նման փաստաթղթերն արդեն առկա են էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում»,– ասել է Հակոբ Արշակյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ առաջիկայում նաև տուգանք է սահմանվելու քաղաքացուց նույն տվյալը պահանջելու համար։ Տիգրան Ավինյանն արդրադարձել է նաև այն ծրագրերին, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են: Մասնավորապես, պետական և համայնքային շուրջ 400 ծառայություններից օգտվելու համար մինչև 2022թ -ը մշակվելու են հեռախոսային հավելվածներ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է թվայնացման ոլորտի նոր ծառայությունների վերաբերյալ պատշաճ իրազեկման անհրաժեշտությունը. «Մենք ունենք թվային պլատֆորմներ, որտեղ կամ պետությունը, կամ մասնավոր հատվածը միջոցներ են ներդրել, ստեղծել, բայց այդ ծառայություններից օգտվողների քանակը մեծ չէ: Կրկին բոլորիս ուշադրությունն ուզում եմ հրավիրել իրազեկման վրա, որպեսզի մարդիկ ոչ միայն իմանան, որ այդպիսի հնարավորություն կա, այլ իմանան, թե ինչ պետք է անեն այդ հնարավորություններից օգտվելու համար»:
Վարչապետը հանձնարարել է պատրաստել տեղեկանք՝ անցած տարվա ընթացքում թվայնացված բոլոր հարթակների օգտագործման ծավալների ցուցանիշի վերաբերյալ. «Աշխարհում այս առումով հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում և չի կարելի ուղղակի հետ մնալ այդ պրոցեսներից: Թվայնացման այն տեմպերը, որ մենք ունենք այսօր, անկեղծ ասած, ինձ չեն գոհացնում: Սա սկզբունքային կարևոր հարց է և հույս ունեմ, որ այս ռազմավարության ընդունումն էականորեն և շոշափելիորեն տեմպը կփոխի»:
Այլ որոշումներ. կառավարությունը կշարունակի արցախցի քաղաքացիներին ֆինանսական օժանդակության տրամադրումը
Կառավարության որոշմամբ աջակցություն կցուցաբերվի Շիրակի մարզի սոցիալապես անապահով, ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքներին: Հիմնավորման համաձայն՝ Շիրակի մարզը ՀՀ-ում ամենախիստ բնակլիմակայական պայմաններ ունեցող մարզն է, ուր բավականին մեծաթիվ են նաև ոչ հիմնական շինություններում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքները։ Ըստ այդմ, առաջարկվում է հանձնարարել Շիրակի մարզպետին պետբյուջեից տրամադրված դրամական միջոցների հաշվին առուվաճառքի պայմանագրով վառելափայտ ձեռք բերել «Հայանտառ» ՊՈԱԿ-ից, կազմակերպել յուրաքանչյուր ընտանիքին մեկական խոր․մ վառելափայտի տրամադրումը, նախարարության տրամադրած ցուցակների հիման վրա։
Գործադիրն առաջիկայում գրավոր ընթացակարգով կընդունի սոցիալական ոլորտի ևս երկու որոշում: Նախագծերից մեկը վերաբերում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում լրացումներ կատարելուն: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, արդյունքում՝ այդ ցանկում կներառվեն նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ևս 39 համայնքներ, ընդհանուր առմամբ համայնքների թիվը կկազմի 77: Այդ համայքների բնակիչները ստանում են օրենքով սահմանված աջակցություն՝ անշարժ գույքի հարկի ամբողջական, կոմունալ վճարների՝ 50 տոկոս փոխհատուցում, դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության ընդհանուր ռազմավարությունն այնպիսին պետք է լինի, որ սահմանամերձ համայնք լինելը զարգացման խոչընդոտ չնշանակի. «Մեր ռազմավարությունն այն է, որ անվտանգային առումով սահմանամերձ գյուղ լինելը չնշանակի զարգացման խոչընդոտ, դա լինի ոչ թե թերություն, այլ դառնա առավելություն»:
Մյուս որոշման նախագիծը վերաբերում է Արցախի քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելուն: Որոշման ընդունման պարագայում մարտից ևս 4 ամսով Արցախի քաղաքացիներին՝ յուրաքանչյուր անձի, կտրամադրվի 68 հազար դրամ աջակցություն: Ծրագրի շահառու չեն հանդիսանա արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, որոնք օգտվում են աշխատանքի խրախուսման այլ միջոցառումներից:
Ամփոփելով կառավարության նիստի աշխատանքները՝ վարչապետը նշել է, որ այսօր ընդունած միջոցառումների մի մասը ևս բխում է նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզից. «Մենք շարունակելու ենք հետևողական իրականացնել այդ ճանապարհային քարտեզը»: