Մամլո հաղորդագրություններ
Կստեղծվի աշխատանքային խումբ՝ Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցը ձևավորելու նպատակով. վարչապետ
ևս 11 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է իր կողմից նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզի» 8-րդ կետի՝ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ», իրագործմանը: «Վերջին ամիսներին մենք այս թեմայով ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների ենք եկել և, ըստ էության, ձևակերպել ենք օրակարգ, թե ինչպես և ինչպիսի ձևաչափերում պետք է իրականացվի Զինված ուժերի բարեփոխումը: Այսօր ես մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որն արդեն կիրականացնի Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը: Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Եվ համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում, այդ համագործակցությունը կդառնա առավել, ավելի արդյունավետ անվտանգային ոլորտում, ռազմական համագործակցության ոլորտում և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Եվ հույս ունեմ, որ մինչև «Ճանապարհային քարտեզի» ամփոփման ամսաթիվը, մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն, եթե ոչ ամբողջությամբ, այլ առնվազն մեծ մասն իրականություն կդարձնենք և գործնականում արդեն կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումների իրագործումը»-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև Աբու Դաբիում տեղի ունեցած IDEX-2021 Expo ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական տաղավարներում ցուցանմուշների բացակայությանը: «Տեղյակ եք, որ նաև ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսին մեր մասնակցության ձևաչափի հետ կապված և ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Ես ուզում եմ ասել՝ այդ կապացությամբ նշանակել եմ ծառայողական քննություն, և ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուներն ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն: Իհարկե, եթե պարզվի, որ, մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են»:
Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև հեռահար
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ «Ոստիկանության մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքների և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» համապատասխան հոդվածների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Մասնավորապես, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև հեռահար՝ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակի օգնությամբ՝ առանց իրավասու ստորաբաժանում այցելելու: «AM» կարգի՝ մոպեդ, տրանսպորտային միջոցները ևս կհանդիսանան պետական գրանցման և հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներ։ Արդյունքում մոպեդները կլինեն վերահսկելի նաև առկա իրավատեխնիկական համակարգերի կողմից։ Միաժամանակ, որոշմամբ հստակ կամրագրվի ցանկալի համարանիշեր և մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր ստանալու համար նախատեսված չափով գումարը ՀՀ պետական բյուջե գանձվելու պահանջը՝ պայմանավորված արտաբյուջետային հաշիվները փակելու հանգամանքով։ Որոշման ընդունումը կնպաստի վարչարարության պարզեցմանը և տնտեսմանը, հաշվառման ստորաբաժանումներում հերթերի կրճատմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման գործողությունների կատարման ինտենսիվության բարձրացմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, քանի որ մոպեդները կլինեն վերահսկելի, իսկ վերջիներիս վարորդների վարքագիծը առկա իրավատեխնիկական համակարգերի առկայության արդյունքում կհամապատասխանեցվի ճանապարհային երթևեկության կանոններով և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությամբ սահմանված պահանջներին
Ինչպես նշել է Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, այսուհետ համակարգչի միջոցով՝ առցանց, հնարավոր կլինի իրականացնել տրասպորտային միջոցի գնման և վաճառքի գործընթացը: «Անհրաժեշտ է միայն, որ և՛ գնորդը, և՛ վաճառողն ունենան նույնականացման քարտեր և էլեկտրոնային ստորագրության հնարավորություն: Պայմանագրի ձևն արդեն առկա է համապատասխան հարթակում: Ամբողջ պայմանագրային գործընթացն իրականացվում է հեռավար: Մնում է, որ գնորդը մեքենայի պետհամարանիշը փոխանակելու նպատակով ժամանի ոստիկանության համապատասխան կայանավայր և այնտեղ կատարի վճարումներն ու պետհամարանիշի փոխանակումը»,- ասել է Ոստիկանության պետի տեղակալը:
Վարչապետը հանձնարարել է գործընթացը լավարկելու նպատակով, մասնավորապես, եթե առկա չէ պետհամարանիշի փոխանցման խնդիր, քննարկել տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ հեռահար իրականացնելու հնարավորության տարբերակը և դրա վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ:
Կապահովվի ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությայմբ նախատեսված պարեկային ծառայության նյութատեխնիկական հագեցվածությունը
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ պարեկային նշանակության ավտոտրանսպորտային միջոցների և այլ գույքի ձեռք բերման նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով: Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ոստիկանությանը հատկացնել 2 մլրդ 161 մլն 600 հազար դրամ՝ 140 պարեկային ավտոմոբիլի և Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի համար վարչական սարքավորումների ձեռք բերման նպատակով: Վերաբաշխման միջոցով 32,4 մլն դրամ առաջարկվում է ուղղել նոր ստեղծվող Պարկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի շենքերի շինությունների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը և պարտադիր փորձաքննությանը:
Կառավարության ղեկավարը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Այս որոշումը կապվում է Պարեկային ոստիկանություն ունենալու մեր նպատակադրման հետ: Իհարկե, տեղյակ եք, որ մենք նախկինում պլանավորել էինք, որ արդեն 2021 թ.-ի մարտից ունենայինք Պարեկային ոստիկանություն, բայց համավարակի և պատերազմի պատճառով մեր այդ պլանները հետաձգվեցին: Հիմա նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել 2021 թ.-ի ամռանը: Մեր ապագա Պարեկային ոստիկանության աշխատակիցներն անցնում են ուսումնառության փուլ Ոստիկանության ակադեմիայում: Շատ կարևոր է ընդգծել, որ այստեղ ընդգրկված են ոչ միայն գործող ոստիկաններ, այլ քաղաքացիական անձինք, ովքեր առաջին անգամ են կրելու ոստիկանի համազգեստը: Ընդ որում, մենք հույս ունենք, որ այսպիսով Պարեկային ոստիկանության ներդրմամբ, որը մեկնարկելու է մայրաքաղաք Երևանից, մտադիր ենք շարունակել Շիրակի և Լոռու մարզերով, այնուհետև շարունակել մնացած բոլոր մարզերում: Նոր շունչ և ազդակ կհաղորդվի ընդհանրապես ոստիկանության բարեփոխումների գործընթացին: Ուզում եմ տեղեկացնել, որ լինելու են նոր ավտոմեքենաներ, լինելու է նոր դիզայն, նոր ձևավորում, համենայնդեպս, եթե հանկարծ պարզվի ավելի լավ դիզայն չենք կարողանում գտնել, բայց կաշխատենք, որ գտնենք: Լինելու է նոր բովանդակությամբ նոր ծառայություն և նաև պետք է ասել, որ Պարեկային ոստիկանությունում ավելի բարձր աշխատավարձ սահմանելու որոշում ենք կայացրել: Հույս ունենք, որ այս գործընթացում, որը պետք է շարունակվի մարզերում, ոչ միայն գործող ոստիկանները, այլ քաղաքացիական անձինք որոշում կկայացնեն և այս ծառայության մեջ ներգրավվելու քայլ կկատարեն: Մենք վերջին անգամ երկու օր առաջ ենք քննարկել, փաստորեն պարզվում է, որ ֆինանսատնտեսական, տեխնիկական հարցերն ամբողջությամբ լուծված են, մնում է, որ ըստ ժամանակացույցի իրագործվի ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք մեր ծրագրերն իրագործել: Հույս ունեմ, որ նաև նոր ծառայության ի հայտ գալը նոր մթնոլորտ կբերի մայրաքաղաքին և նաև օրենքի, օրինականության նկատմամբ նոր մշակույթ կձևավորի»:
Արցախյան երկրորդ պատերազմում զավակ կորցրած ծնողներին անվճար բուժօգնության ծառայությունից օգտվելու հնարավրություն կտրվի
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ: Նպատակը՝ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն տրամադրելն է, նրանց իրավունքներն օրենսդրորեն սահմանելու և դրանց իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորելը:
Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը, սահմանվել է շահառուների նոր խումբ, որի համար վերացվել են որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները, հնարավորություն տալով Արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին` ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնելոգիաներով մատուցվող ծառայություններից: Հիմնավորման համաձայն, գործող կարգավորմամբ սահմանված շահառուների խմբերում ներառված են` զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողները, որոնց նկատմամբ գործում են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես, անզավակ լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու պայմանները: Մինչդեռ Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածներից ոչ բոլորն են հանդիսացել զինծառայող կամ պահեստազորային, իսկ նրանց ծնողները հիմնականում ունեն այլ զավակ (ներ) կամ նրանց մոր տարիքը գերազանցում է 42-ը, ինչը սահմանափակում է այդ ծառայություններից օգտվելու նրանց հնարավորությունը:
Հավանության է արժանացել ՀՀ կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքը և արդյունքների մասին զեկույցը
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքը և արդյունքների մասին զեկույցը. այն կներկայացվի Ազգային ժողով: Զեկույցը պատրաստվել է՝ հաշվի առնելով 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերները՝ նոր կորոնավիրուսի (COVID 19) համավարակը և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը: Ըստ այդմ, զեկույցը բաղկացած է հետևյալ հիմնական մասերից՝
1) Արցախյան պատերազմ.
2) Նոր կորոնավիրուսի համավարակի (COVID 19) դեմ պայքար.
3) ՀՀ կառավարության 2020 թվականի գործունեության՝ տարբեր ոլորտների հիմնական արդյունքներ:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ամենակարևոր քաղաքական արձանագրումը, որ արել ենք զեկույցում, հետևյալն է՝ 2020թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն հայտնի հանգամանքների բերումով, ըստ էության, իրականացրել է ճգնաժամային կառավարում, որովհետև 2020թ. մարտից մենք ճգնաժամային իրավիճակում ենք: Եվ այստեղ մենք ավելի շատ ամփոփում ենք, արձանագրում ենք, զեկուցում ենք ճգնաժամային կառավարման արդյունքների մասին, թե ինչ ենք կարողացել անել այս ընթացքում, ինչ չենք կարողացել անել այս ընթացքում: Իհարկե, նաև կառավարության ծրագրի որոշ դրույթների կատարման ընթացքի վերաբերյալ ենք զեկուցել: Իհարկե, հարցն առավել մանրամասն կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում: Ես ուզում եմ ասել, որ որոշման ընդունումից հետո, մենք որոշ խմբագրական փոփոխություններ կիրականցնենք և արդեն վերջնականացված սահմանված կարգով կուղարկենք Ազգային ժողով»:
Կառավարությունը նախատեսում է բարձրացնել սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարմամբ, ինչպես նաև ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած որոշման մեջ: Սուբվենցիայի տրամադրման գործընթացում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ ոլորտների հստակեցման մասով, այդ թվում սուբվենցիայի ծրագրերում ներառելով այլ աշխատանքներ, համապատասխանաբար՝ փոխելով ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման տոկոսները։ Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել սուբվենցիոն նախնական հայտերի հետ ներկայացվող տեխնիկական բնութագրերի պահանջները․ քանի որ ՀՀ կառավարության թիվ 596-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական առաջադրանքի ձևաչափում ներառված չեն այլ ոլորտների բնութագրերը՝ ճանապարհների նորոգման, լուսավորության, գազամատակարարման, ջրամատակարարման մասով: Հաշվի առնելով, որ ներկայումս առկա են համայնքներ, որտեղ ավագանի չի գործում, հաշվի առնելով նախատեսվող համայնքների խոշորացման գործընթացները, և այն, որ մի շարք ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ և ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում, առաջարկվում է այն համայնքներում, որտեղ սահմանված կարգով չի ձևավորվել ավագանի՝ որպես բացառություն այդ համայնքներում նույնպես հնարավորություն տալ իրականացնելու կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր։ Առաջարկվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացում առանձնացնել համայնքային փողոցների սալապատման աշխատանքները, լրացնել նաև համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները, և միաժամանակ փոխել համայնքային ճանապարհների ասֆալտապատմամբ կառուցման և նորոգման, բազմաբանակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության տարրերի նորոգման ծրագրերով ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինները։ Ընդ որում, կարևորելով համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները, առաջարկվում է այն համայնքներում որոնք չունեն գլխավոր հատակագծեր՝ պետական բյուջեի համաֆինասնավորման չափաբաժինը նվազեցնել 5 տոկոսով։
Անդրադառնալով ընդունված որոշմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախ վերջին տարիներին մենք սուբվենցիաներով շատ ակտիվ աշխատեցինք, և կարելի է այդ աշխատանքն ընդհանուր առմամբ արդյունավետ համարել: Բայց հիմա մենք խնդիր ունենք նաև բովանդակային առումով բարձրացնել սուբվենցիոն ծրագրերի որակը և որոշակի, այսպես ասած, քաղաքական՝ տարածքային զարգացման իմաստով քաղաքական, ուղղորդում հաղորդել: Նաև շատ կարևոր եմ համարում, նախկինում մենք խոսել ենք, որ ընդհանրապես գյուղական համայնքների կամ ավելի ճիշտ՝ գյուղերի փողոցների բարեկարգման գործընթացը շատ ավելի ինտենսիվ տեղի ունենա, բայց մյուս կողմից՝ մենք պետք է այնպես անենք, որ զուգահեռ այդ գյուղական կոլորիտը չտուժի, չկորի: Եվ այդ է պատճառը, որ հիմա մենք փորձում ենք այնպիսի խթաններ ստեղծել, որ ոչ միայն գյուղի փողոցները բարեկարգվեն, դրանք բարեկարգվեն որոշակի, այսպես ասած, գեղագիտական համատեքստում և, իհարկե, տեղական հումքի ավելի ընդլայնված օգտագործմամբ: Եվ հույս ունենք, որ մեր համայնքներն առավել ակտիվ կարձագանքեն մեր այս ծրագրին»: