Մամլո հաղորդագրություններ

Վերջին օրերին ՀՀ-ում արձանագրվում է կորոնավիրուսի թվերի որոշակի աճ. կառավարության նիստում անդրադարձ է եղել համավարակի հետ կապված իրավիճակին

04.03.2021

ևս 10 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ վերջին օրերին կորոնավիրուսի թվերի որոշակի աճ է արձանագրվում, ինչն անհանգստացնող է:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: «Վերջին ընթացքում մենք ունենք հիվանդացության աճ. երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Եթե մենք հունվար, փետրվար ամիսների սկզբին ունեինք թեստավորվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք, հիմա արդեն 16 տոկոս է, և մեր կանխատեսումներով՝ հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա»,-նշել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ պետք է վերադառնալ դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը. «Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անենք, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը: Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնենք, որ առաջիկա օրերին՝ Մարտի 8-ի հետ կապված, ունենալու ենք բավական շարժի ավելացում և՛ առևտրային կենտրոններում, և՛ հյուրատներում, ուստի խնդրում եմ, հորդորում եմ և վերահսկողական մարմինների առանձնակի ուշադրությունն եմ հրավիրում՝ տրանսպորտում, առևտրային կենտրոններում, հյուրատներում հստակ հսկողությունն պետք է իրականացվի: Եվ անկախ հսկողությունից էլ, մեր կարգապահությամբ պիտի ներդրում ունենանք պաշտպանելու մեր առողջությունը, մեր տնտեսությունը: Մենք այսօր արդեն իսկ վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները: Ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը: Հընթացս կավելացնենք մահճակալների թիվը: Բայց անգամ եթե մենք ի վիճակի լինենք բոլորին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու, գիտեք, որ հիվանդացությունը մոտ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթաց»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հայտնել է, որ այսօր քննարկում է նախատեսված շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ թիրախային վերահսկողությունն ուժեղացնելու համար: «Ինչպես մեր սեփական փորձը ցույց տվեց, մենք լավ հաջողություններ ենք ունեցել դա անելով՝ ամռանը, նաև աշնանն ենք կարողացել դիմանալ: Հույս ունեմ այս անգամ էլ կկարողանանք դիմակայել նոր ալիքին»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Վարչապետ Փաշինյանը Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ նորություն կա պատվաստանյութերի հետ կապված: Ի պատասխան նախարարը նշել է, որ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, բանակցությունները շարունակվում են. «Որոշակի դանդաղում կա գործընթացների, բայց մեր գործընկերների, այլ երկրների հետ փորձում ենք այնպես անել, որպեսզի հասանելիությունը զարգացող երկրներին ապահովվի: Հույս ունենք, որ գարնան ընթացքում մենք պիտի արդեն առաջին խմբաքանակն ունենանք: Ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կքնման փուլում է: Ակնկալում ենք առաջին ամսվա մեջ նաև այս խմբաքանակի ներկրումը»:

Առողջապահության նախարարը, պատվաստանյութերի ներկրման և պատվաստման գործընթացին զուգընթաց, մեկ անգամ ևս կարևորել է դիմակների կրումը և նշել. «Դա մեր որոշումը չէ, համընդհանուր մոտեցում է, որը նաև մենք պիտի պահպանենք: Մի այսպիսի թյուրըմբռնում էլ կա, որ եթե մարդիկ վարակվել և լավացել են, ապա ավելի դժկամությամբ ենք դիմակներ կրում: Բայց մենք ապացուցված որևէ գիտական մոտեցում չունենք, որ այս շտամերով նրանց կողմից վարակումը բացառված է: Ուստի խնդրում եմ, անգամ եթե վարակվել և առողջացել են քաղաքացիները, պահպանեն այս կանոնները»:

Կառավարությունը շարունակում է տնտեսավարողների
մոտ առաջացած ֆինանսական խնդիրների մեղմման ուղղված գործընթացը

Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների մեղմման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների առջև կանգնած տնտեսավարողների համար իրենց դիմումի հիման վրա Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շրջանակում տրամադրված վարկերի մարման արտոնյալ 6 ամսյա ժամանակահատվածի սահմանում։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա միջոցառման շահառուների համար ժամանակ շահել՝ ներկայիս փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ՝ չափանիշները բավարարող շահառուներին աջակցությունից օգտվելու համար դիմումների ներկայացման և փոխհատուցման ժամկետները փոփոխելու, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտը սպասարկող, տրանսպորտային ընկերությունների տնտեսական գործունեության հայտարարագրած դասակարգիչների ցանկում լրացում կատարելու նպատակով: Ըստ այդմ՝ կփոփոխվի միջոցառման դիմումների ներկայացման ժամկետը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 16-ը, իսկ միջոցառման պոտենցիալ շահառուներին կընձեռվի մինչև 2021 թ. մարտի 14-ը դիմում ներկայացնելու հնարավորություն: Բացի այդ, միջոցառման չափանիշները բավարարող զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը կհամալրվի մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթի և լիզինգի դասիչի ներքո աշխատող ընկերություններով:

Գումար կհատկացվի ՀՀ Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած սահմանամերձ համայնքների վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու նպատակով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որոշմամբ Տավուշի մարզպետարանի կհատկացվի ավելի քան 234 մլն դրամ՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին հրետակոծությունից վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար: «Այդ գումարից Բերդի համայնքի Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար կհատկացվի 29.7 մլն դրամ, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պորակի կառուցման աշխատանքների համար՝ 42.8 մլ դրամ, և 89 տների վերականգնման աշխատանքերն ավարտելու համար՝ 161.6 մլն դրամ»,-ասել է նախարարը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մանրամասներ է ներկայացրել իրականացվող աշխատանքների, այդ թվում պուրակի վերաբերյալ. «Ձեր հանձնարարությունից անմիջապես հետո մենք քննարկումներ ենք ունեցել և պարոն Պապիկյանի, և մարզպետարանի հետ: Խնդիրները լուծված են, ձևակերպումները մեկ հողամասի ավարտված է, մյուսն ավարտման փուլում է: Որոշումն ընդունելուն պես մենք անմիջապես կձեռնարկենք շինարարական աշխատանքները և մինչև տարվա վերջ ավարտին կհասցնենք պուրակի շինարարությունը: Չինարիում բնակելի տան հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են: Այս որոշմամբ տրամադրվող գումարով մինչև աշուն կիրականացվեն տան ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները: Այգեպարում աշխատանքներն ընթացքի մեջ ենք, որոնք նախատեսվում ենք ավարտել մինչև տարեվերջ: Դրանք իրականացվում են մարզպետարանի միջոցներով»:

Անդրադառնալով Սյունիքի մարզի Շուռնուխի ճանապարհի նախագծման աշխատանքներին՝ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ դրանք նույնպես ավարտվել են: «Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շինարարությունն ընթանում է, հիմա իրականացվում են պայմանագրերի կնքման աշխատանքները: Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Կմեկնենք տարածք, ավելի կակտիվացնենք, որպեսզի նույնպես մինչև տարվա վերջ հանձնարարությունները կատարվեն»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

Օրենսդրական նախաձեռնություն. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ներդրվում են գրավոր ընթացակարգեր

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել վարչական դատավարության արդյունավետությունը, նվազեցնել Վարչական դատարանի և Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը, երաշխավորել ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը և դատավարական խնայողությունը: Օրենսգրքում ներդրվում են գրավոր ընթացակարգեր: Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ Վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները: «Վարչական արդարադատության շուրջ 13 տարիների ընթացքում երկու վարչական դատավարության օրենսգիրք է ընդունվել և գործել, և երկուսով էլ գրավոր ընթացակարգ առհասարակ նախատեսված չի եղել, ինչը մեր գնահատմամբ էականորեն ազդում է դատարանի ծանրաբեռնվածության վրա: Բացի այդ, այն գործերը, որտեղ վեճը հնարավորինս պարզ է, մեր կարծիքով բանավոր քննության անհրաժեշտություն չկա և կարող ենք սահամանափակվել գրավոր ընթացակարգով: Բարձրագույն դատական խորհրդի հաղորդման համաձայն, վերջին տարիներին վիճարկման հայցերը, չորս հայցատեսակ կա վարչական դատավարությունով, ամենաշատը հենց վիճարկման հայցերն են, երբ վիճարկվում են վարչական մարմինների վարչական ակտերը: Շուրջ 566 տոկոսով ավելացել են: Եվ եթե 2018-2020թթ. վիճակագրությունը նայենք, այն գործերը, որոնցով մենք գրավոր ընթցակարգ ենք ներդնում, կազմում է ընդհանուր գործերի 80 տոկոսը և ավելին: Մասնավորապես՝ 2019թ. 7165 դատական ակտ է կայացվել վիճարկման հայցերով և 5755 դատական ակտը վերաբերել է այն հոդվածներին, որոնց մասով առաջարկում ենք գրավոր ընթացակարգ ներդնել: 2020թ.՝ 4957, որից 3247-ը կրկին այս հոդվածներով է: Հետևաբար, հիմք ընդունելով այս գործերի բնույթը և այս իրավախախտումներով գործի քննության համեմատաբար պարզ լինելը, մենք նպատակահարմար ենք համարում նշված գործերի քննության համար սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ ինչպես առաջին ատյանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում ևս հնարավորություն ընձեռնել ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով»,-նշել է նախարարը:

Ըստ այդմ, նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածով, 123.5-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ և 124.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության պարտադիր գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր: Այլ վարչական գործերի քննության դեպքում ևս նախատեսվել է գրավոր ընթացակարգ կիրառելու վարչական դատարանի հայեցողություն: Վարչական վերաքննիչ դատարանին տրված է հնարավորություն Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված դատական ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով:

ՀՀ կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Խախտումների վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումների հետ կապված՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ «Հայփոստ»-ը ներկայումս աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային նամակի իրավաչափ ծանուցման մեխանիզմ ներդնելու ուղղությամբ: «Այս մասով նույնպես արդարադաության նախարարության հետ աշխատանք է տարվում: Այստեղ հարցը կապված է ծանուցված համարվելու փաստը արձանագրելու իրավական հիմքի հետ, և այդտեղ տեխնոլոգիական նորարության հարց կա: Այս պահին, իհարկե, ավտոմատացված համակարգով թղթային տարբերակով ծանուցումներն ուղարկվում են, սակայն այն ամբողջությամբ թվայնացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասել է Հակոբ Արշակյանը:

Այլ որոշումներ. խրախուսվում եմ հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարությունը բավարարել է «ԱԱ տրանզիտ» ՍՊԸ-ի հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: 2018 թվականին հիմնադրված ընկերությունը զբաղվում է կարագի և բուսական մարգարինի արտադրությամբ՝ Գյումրիում: Ամսական նախատեսվում է ներմուծել մինչև 650 տոննա կաթնային սերուցք Իրանական մի քանի ընկերություններից: Արտադրանքի հիմնական մասը՝ ամսական 300-450 տոննան, նախատեսվում է արտահանել ՌԴ: ՀՀ տարածքի վաճառքի կանխատեսումը և կնքված նախնական պայմանագրերը կազմում են մոտավորապես 200 տոննա: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 299 մլն դրամի կապիտալ և 41․6 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 6․3 մլրդ դրամ, որից 3․5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է արտահանել ՌԴ։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 45 նոր աշխատատեղ` 290 հազար դրամ միջին աշխատավարձով:

«ԷյԲիՍի տեքստիլ» ՍՊԸ-ի ընկերությունը ևս կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: 2017 թվականին հիմնադրված ընկերությունը զբաղվում է սրբիչների արտադրությամբ: Ընկերությունն առաջարկում է սրբիչների մեծ ընտրանի ամենաճանաչված ապրանքանիշերից, որոնք սպասարկում են տարբեր ոլորտներ, ներառյալ՝ տնային, բժշկական, հյուրանոցային և մանրածախ ոլորտները: Ընկերության գործընկերները գրավում են լայն աշխարհագրական դիրք ՌԴ-ում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և Օմանում, վերջինիս բիզնես գործընկերները բազմամյա կապ են հաստատել իրենց հաճախորդների հետ՝ ներշնչելով ապրանքների դիզայն և կայուն աճ: Ընկերությունը համապատասխան արտոնագրի ներքո արտադրում և ներկայացնում է այնպիսի միջազգային ապրանքանիշեր, ինչպիսիք են Cannon-ը, Fieldcrest-ը, Disney-ը, Waverly-ն և Charisma-ն: Ընկերության ապրանքանիշերն են՝ Valentini-ն, Royale-ը, Dream-ը, Savoy-ը և Classic-ը: Ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 4 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4․3 մլրդ դրամ, որից 730 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2․3 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, 1․1 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 76 նոր աշխատատեղ` 160-200 հազար դրամ միջին աշխատավարձով:

Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է «Մուրադ-սար» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է պոլիվինիլքլորիդե պրոֆիլների արտադրության համար (դռների և պատուհանների արտադրություն): Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել շուրջ 6 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 41 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել 5-10 նոր աշխատատեղ` 350,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 6․5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6․1 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 378 մլն դրամ:

← Վերադառնալ