Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը նախատեսում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց ծառայություններ մատուցելու նպատակով
ևս 8 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ պետության կարևորագույն խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։ Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է զինվորական կապով հաշմանդամություն ունեցող 9022 անձ, որոնց 79 տոկոսը աշխատանքային տարիքի են: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում վիրավորում ստացած 472 անձի սահմանվել է հաշմանդամություն, այդ թվում՝ 70 անձի 1-ին խումբ, 147 անձի՝ 2-րդ խումբ, 255 անձի՝ 3-խումբ։
Ծրագրի խնդիրներն են՝ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կարիքների գնահատման ապահովում բազմամասնագիտական թիմի կողմից, գնահատված կարիքների հիման վրա հասցեական և համալիր ծառայությունների մատուցում, անկախ կյանքի և համայնքում ներառվելու, զբաղվածության ապահովման գործուն մեխանիզմների ներդնում և այլն: Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու նպատակով նախատեսվում է սոցիալական ծառայությունների մատուցում, որն ընդգրկում է՝ կարիքների գնահատում, անհատական սոցիալական ծրագրի մշակում, սոցիալական դեպքի վարում, շահառուի անկախ կյանքի հմտությունների ձևավորում, այդ թվում՝ ինքնախնամքի, ֆինանսների կառավարման, առօրյա կենսական հմտությունների, սննդի պատրաստման դասընթացներ, անձնական օգնականի ծառայություն, ուղեկցողի (հետևողի) ծառայություն, խնամքի կազմակերպման դասընթաց և խորհրդատվություն ընտանիքին, հոգեբանի խորհրդատվություն, սոցիալ-հոգեբանական աշխատանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հետ և այլն: Ծրագրով նախատեսված են նաև զբաղվածութան ապահովման ծառայություններ, մասնավորապես՝ աշխատանք փնտրողներին խորհրդատվության տրամադրում և մենթորինգ, շահառուի ունակությունների, նախասիրությունների, կարողությունների, անձնային որակների բացահայտում, շահառուի մասնագիտական կոմպետենտության որոշարկում, կարողությունների գնահատում, կարիերայի անհատական ծրագրի կազմում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ միջազգային լավագույն փորձի հիման վրա նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց: «Կենտրոններում կիրականացվեն այդ անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի ծառայություններ, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություններ: Առաջին փուլով այդ կենտրոնները նախատեսվում է ստեղծել 6 մարզերում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մի փոքր ավելի մեծ է: Այս պահին հիմնական ծառայությունները մատուցվում են Երևանում, ուստի Երևանից ավելին հեռու գտնվող մարզերում կստեղծվեն այդ կենտրոնները, որպեսզի հնարավորություն ունենանք ապահովել համաչափ հասանելիություն»,-ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է պատերազմի հետևանքով ստորին վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինվորներին ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պրոթեզներով ապահովելու գործընթացից: Ի պատասխան Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ գործընթացի առաջին փուլն արդեն ամփոփվել է: «Պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքների համալիր գնահատում ենք իրականացրել՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ընդ որում, բացի առողջապահական խնդիրների գնահատումից, իրականացվել է նաև նրանց միջավայրի, մասնավորապես՝ կենցաղային, տնային պայմանների գնահատում: Շատ հաճախ առկա տնային որոշակի սահմանափակումները հնարավորություն չեն տալիս նույնիսկ պրոթեզի պարագայում լիարժեք ինտեգրվել, հետևաբար այս պահին այդ գնահատումն իրականացվել է: Միջազգային պրոթեզարանների հետ, մասնավորապես՝ եվրոպական և ամերիկյան, արդեն ունենք պայմանավորվածություններ, որտեղից ձեռք են բերվելու բոլոր անձանց համար միջազգային չափանիշներին համապատասխան բազմաֆունկցիոնալ պրոթեզներ: Առաջիկայում արդեն խումբ առ խումբ այդ պորթեզավորումը կիրականացվի: Զուգահեռ կիրականացվի նաև տնային պայմանների հարմարեցումը, որպեսզի սահմանափակումները հնարավորինս նվազ լինեն»,- ասել է նախարարը:
Կկանոնակարգվի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացումը
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից ելնելով։ Փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճում արդյունագործական նպատակերով որսի իրականացման գործնթացն առավել կանոնակարգված իրականացնելու հանգամանքով։ Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման ժամային գրաֆիկի հաստատման լիազորությունը լրազոր մարմնին վերապահելը միտված է որսի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև ձկնորսների անվտանգության ապահովման պահանջից։ Համաձայն ԳԱԱ 2020 թվականի հաշվառման տվյալների Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմում է 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը մոտ 586,2 տոննա է: Ինչպես նշել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, 2021 թվականի համար փորձարարական որսի երկրորդ փուլի շրջանակում սահմանվել է առավելագունը 250 տոննա չափաքանակ:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ հաճելի է արձանագրել, որ ի վերջո Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների և կառավարության համագործակցության կոնկրետ կանոններ և հարթակ է ձևավորվել: Իհարկե, վերջին ամիսների փորձից ելնելով չենք կարող ասել, որ այդ համագործակցությունը կատարյալ է, բայց գործընթացը սկսվել է: Մենք անշեղորեն գնալու ենք կանոնակարգման ճանապարհով, որը ձեռնտու է լինելու առաջին հերթին Սևանա լճի խելամիտ շահագործմամբ հետաքրքրված մեր քաղաքացիներին: Ուզում եմ կրկնել այն միտքը, որ Սևանա լճում ձկան պաշարների բնականոն վերարտադրումը և զարգացումը ապահովելու համար կառավարության ձեռնարկած միջոցները կառավարության անդամների համար չեն նախատեսված: Ի վերջո, այս գործողություններն առաջին հերթին միտված են Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների բնականոն գործունեությունը և ոլորտի զարգացումը ապահովելու համար: Շատ կարևոր է, որ մենք առաջընթաց ունենք: Շատ կարևոր է արձանագրել նաև, որ այս տարի մենք հիմա Սևանա լճի մակարդակի աննախադեպ աճ ունենք»:
Արձագանքելով՝ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ նախորդ տարվա մարտի 18-ի հետ համեմատած լճի մակարդակի 15 սմ բարձր է: «Ընդհանրապես առավելագույն նիշը հունիս-հուլիս ամիսներին է արձանագրվում, բայց այս տարվա կանխատեսումով կարող եմ ասել, որ վերջին տասնամյակների համեմատ աննախադեպ նիշ ենք ունենալու, հասնելու ենք 1901 մետր նիշի մակարդակին: Կարող եմ նաև մատնանշել, որ դա նաև արդյունք է Արփա-Սևան ջրատարով, թունելով աննախադեպ քանակի ջրի ներհոսքի դեպի Սևանա լիճ, ինչպես նաև ոռոգման նպատակով, ոռոգման սեզոնին կանոնակարգված և խիստ հսկողության ներքո ջուր բացթողումների, որն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ջրային պետական կոմիտեի և մյուս գերատեսչությունների հետ համագործակցությամբ», -ասել է նախարարը:
Վարչապետը հետաքրքրվել է ջրային պաշարների, ջրամբարների լցվածության մակարդակով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն տեղեկացրել է, որ այս փուլում ջրամբարների լցվածության մակարդակն առնվազն բավարար կարելի է գնահատել: «Միակ խնդիրը, որ այս պահին կա, դա Ախուրյանի ջրամբարում է՝ պայմանավորված հարևան երկրում ջրամբարների կառուցմամբ և ջրի ծավալների օգտագործմամբ: Բայց միևնույն ժամանակ պետք է նշենք, որ ձնհալը հիմնականում տեղի չի ունեցել, ձյան պաշարները բավականին շատ են: Կանխատեսումներն այնպիսին են, որ, ըստ էության, ջրի խնդիր այս տարի որպես այդպիսին քիչ կունենանք»,-ասել է ՏԿԵ նախարարը:
Կառավարության ղեկավարը այդ հարցում ընդգծել է ջրային պաշարների պատշաճ կառավարման ապահովումը: «Կարևոր է նաև, որ այն պատշաճ ձևով հասնի գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցներին: Համենայնդեպս գյուղատնտեսական տարվա ազդակներն այս պահի դրությամբ բավականին լավն են և պետք է նաև ծրագրերը հասցեական և արդյունավետ իրականացնենք: Հիշեցնեմ, որ նախորդ տարի մեր տնտեսության միակ ճյուղը, որ, ըստ էության, աճ է գրանցել՝ գյուղատնտեսությունն է եղել, և պետք է այս տեմպն անպայման պահել, որպեսզի ոլորտում նախանշվող դրական զարգացումները կարողանանք պահպանել և զարգացնել»,- Նիկոլ Փաշինյանը:
Կոտայքի մարզում կկառուցվի բնակելի թաղամաս. կիրականացվի ավելի քան 11 մլրդ դրամի ներդրում
Գործադիրը հավանություն է տվել «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին և համաձայնություն առաջարկությանը՝ Եղվարդ համայնքի սեփականությունը հանդիսացող 3,3274 հա հողամասն ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ: Հիմնավորման համաձայն՝ հողամասը ներկայումս գտնվում է անբարեկարգ և աղտոտված վիճակում և համայնքային ծրագրերի շրջանակում հողամասի օգտագործում այլ նպատակով նախատեսված չէ և արդյունավետ օգտագործման համար այդտեղ նպատակահարմար է իրականացնել բնակելի թաղամասի կառուցման ծրագիր՝ ապահովելով բարեկարգ ու համահունչ միջավայրի առկայությունը: Զովունի բնակավայրում նախատեսվում է իրականացնել ավելի քան 11 մլրդ 898 մլն դրամի ներդրում: Ընկերությունն իրականացնելու է նաև դպրոցի, մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն դրամի նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ և արդյունքը նվիրելու է Եղվարդ համայնքին: Ամբողջ շինարարության ընթացքում կաշխատի մոտ 200-250 մարդ, իսկ թաղամասի շինարարությունը ավարտելուց հետո 35-40 մարդ կաշխատի թաղամասի սպասարկման ոլորտում: ՀՀ պետբյուջե կմուտքագրվի ընդհանուրը շուրջ 1.6-2.7 մլրդ դրամի հարկեր: Թաղամասը նախատեսվում է շահագործման հանձնել 5 տարվա ընթացքում:
Կառավարությունը կհստակեցնի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման պետական քաղաքականության հիմնական մոտեցումները
Կառավարությունը հաստատել է Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: Արդյունքում կհստակեցվեն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման հարցում պետական քաղաքականության հիմնական մոտեցումները, որոնց կիրառման արդյունքում կբարձրանա խնդրի կանոնակարգման հասցեականությունը, առաջնահերթությունները և այլն: Մասնավորապես, փաստաթղթով նախանշվել են խնդրի կանոնակարգման նպատակները և խնդիրները, որոնց համար առաջարկվող լուծումներն իրենց տեղը պետք է գտնեն տեղ են հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրում ընդգրկված թվով 7 հիմնական միջոցառման մեջ: Ըստ հիմնավորման՝ միայն սեփականատերերի կամ միայն պետական միջոցներով այս խնդիրները հնարավոր չէ լուծել և խնդիրն իրավական կանոնակարգման կարիք ունի՝ այդ թվում, գոյություն ունեցող իրավական ակտերի վերանայման միջոցով: Հիմնախնդրի մասով որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ են ակտուալ տվյալներ՝ բնակֆոնդի և դրա վիճակի վերաբերյալ: Կարգավորման կարիք ունեն նաև այն դեպքերը, երբ քաղաքացիները բնակարան են ձեռք բերում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդում և ընտանիքների հնարավոր լայն կազմով հաշվառվում այդ հասցեում՝ նպատակ ունենալով որևէ ձևով օգտվել աջակցության ծրագրերից: Նախորդ տարիներին ընդունվել և գործում են մի շարք իրավական ակտեր, որոնցում ընդհանուր առմամբ ամրագրվել են հիմնախնդրի շուրջ պետության կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունները: Սակայն, այդ ուղղությունները հստակեցման և վերանայման կարիք ունեն:
ՀՀ մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքագրված տվյալների համաձայն՝ հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Այսինքն՝ անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը: Հանրապետության բնակավայրերում առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով):
Օրենսդրական նախաձեռնություններ. կսահմանվեն որոշակի խմբի անձանց համար կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերը
Գործադիրը հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով սահմանել որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերը: Մասնավորապես, նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում: Հիմնավորման համաձայն, գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ և պատերազմական գործողություններով պայմանավորված պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը չգանձելու իրավական հիմք սահմանված չէ:
Հավանությանն են արժանացել նաև «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արգելելու նպատակով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում կատարել համապատասխան լրացում և արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով առաջարկվում է հստակեցնել սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը:
Այլ որոշումներ. արտոնություն է տրամադրվել ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությանը
Կառավարությունը բավարարել է «Լեքս տոբակո քոմփանի» ՍՊԸ-ի ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ծխախոտի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 3.3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 15 մլրդ դրամի ներդրում, որից 2․6 մլրդ դրամը սարքավորումների, իսկ մնացած մասը հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ստեղծել 120 նոր աշխատատեղ` 300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 118.7 մլրդ դրամ, որից 11.8 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 23.7 մլրդ դրամի արտադրանքը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, 83.1 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 1.1 մլրդ դրամ:
Գործադիրի որոշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ամրացված գույքը՝ ռադիոկապի միջոցները, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրելու նպատակով:
Կառավարությունը վավերացրել է 2019 թ. հուլիսի 8-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, և հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագիրը: Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը: