Մամլո հաղորդագրություններ
Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով. վարչապետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է 2021 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների ցուցանիշներին և արձանագրված աճին: Ստորև ներկայացվում է թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների քննարկման սղագրությունը.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Սկսում ենք Կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ նիստի օրակարգին անցնելը, տնտեսական բնույթի կարևոր լուրեր ունեմ հայտնելու: Մասնավորապես, պետական բյուջեի եկամուտները, առաջին եռամսյակի տվյալներով, գերակատարվել են՝ ավելի քան 20 մլրդ դրամով, և առևտրի շրջանառությունը, առաջին եռամսյակի տվյալներով, և մարտ ամսվա տվյալը նույնպես առանձին վերցրած, էական աճ է արձանագրել: Ես կխնդրեմ, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը մանրամասնի թվերը: Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան - Շնորհակալություն, պարոն վարչապետ: Դիտարկվել են ինչպես ամսական, այսինքն՝ մարտ ամսվա տվյալները, այնպես էլ եռամսյակային տվյալները: Մասնավորապես, առևտրաշրջանառության և կատարված գործարքների մասով մարտ ամսվա ընթացքում, նախորդ տարվա մարտի համեմատ, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8 647 000 հատով, որի գումարային արտահայտության տարբերությունն անցյալ տարվա նկատմամբ կազմում է 122 մլրդ դրամ:
Եռամսյակային կտրվածքով՝ իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 մլրդ դրամ, գործարքների քանակով՝ 6 200 000 հատ: Հարկային եկամուտների հավաքագրումների մասով նշեմ, որ Կառավարության որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնությամբ՝ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332,9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ: Սակայն հաշվի առնելով, որ 332,9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև դրոշմանիշային վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ և նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական, հնարավոր չափը, որը կկազմի 310,6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ: Շնորհակալություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Համեցեք, պարոն Բրուտյան:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյան - Շնորհակալություն: Մեծարգո վարչապետ, ուզում եմ ավելացնել, որ նշված փաստացի ցուցանիշների հանգամանքից ելնելով՝ մենք կանխատեսում ենք, որ հարկային եկամուտների տարեկան ցուցանիշը կգերակատարվի շուրջ 40 մլրդ դրամով, և առաջիկայում 1 տրիլիոն 440 մլրդ դրամը 1 տրիլիոն 480 մլրդ դրամի ավելացման նախագիծ կներկայացվի կառավարության քննարկման: Շնորհակալություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Բրուտյան: Հարգելի գործընկերներ, ըստ այդմ, ամփոփենք: Պարոն Հովհաննիսյան, եթե թվերի մեջ հանկարծ ինչ-որ տեղ վրիպեմ, խնդրում եմ՝ ինձ կուղղեք: Այսպիսով, առևտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ, աճել է ավելի քան 8 տոկոսով:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան - Այո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – 2021 թվականի մարտ ամիսը 2020 թվականի մարտ ամսվա նկատմամբ՝ առևտրի շրջանառությունն աճել է ավելի քան 20 տոկոսով: Ավելի կոնկրետ թիվը՝
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան - Իրացման շրջանառության տարբերությունը՝ 26,1 տոկոս, պարոն վարչապետ, գործարքների քանակը՝ 23,8 տոկոս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Պետական եկամուտները, այսինքն՝ բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով, և առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Կարծում եմ, բավական լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար: Եվ ուզում եմ, առաջին հերթին, շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին, ովքեր այս ցուցանիշի գեներացման կարևորագույն մասնակիցներն են: Իհարկե, շատ կարևոր է ընդգծել նաև պետական մարմինների, Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքը, վարչարարության բարելավումը, որը, անկասկած, նույնպես իր կարևոր դերակատարումն ունի այս գործընթացում: Հույս ունենք, որ առաջիկայում բոլոր կանխատեսումները և կանխատեսումների փոփոխությունները կունենան միայն դրական միտում: