Մամլո հաղորդագրություններ
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ համաներում կհայտարարվի ժամկետային զինծառայությունից և զորակոչից խուսափած անձանց նկատմամբ
- 1670x1113px - 430 Կբ
- 1670x1113px - 486 Կբ
- 1670x1113px - 459 Կբ
- 1670x1113px - 544 Կբ
- 1670x1113px - 444 Կբ
- 1670x1113px - 373 Կբ
- 1670x1113px - 402 Կբ
- 1670x1113px - 349 Կբ
- 1670x1113px - 457 Կբ
- 1670x1113px - 519 Կբ
- 1670x1113px - 440 Կբ
- 1670x1113px - 403 Կբ
- 1670x1113px - 418 Կբ
- 1670x1113px - 473 Կբ
- 1670x1113px - 389 Կբ
ևս 12 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը հավանություն է տվել «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:
Մասնավորապես, առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց,
. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի,
. որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:
Առաջարկվում է նաև համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Նախատեսվել է նաև դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ վիճակագրական տվյալներով՝ նախատեսվող համաներման շահառու կարող են լինել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած, Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզման մեջ գտնվող առավելագույնը 5131 անձ և դատապարտված առավելագույնը 124 անձ: Ըստ նախարարի՝ հարուցվել և ընթացքի մեջ է գտնվում 261 գործ, դրանք դեռևս դատարան չեն ուղարկվել, 18 գործ գտնվում է դատարանների վարույթում, ապրիլի 1-ի դրությամբ հանցագործություն կատարելու համար պատիժ է կրում 1 դատապարտյալ:
Նախագծով նախատեսվել են այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվում: Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, որոնք, օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են:
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, նշել է, որ թեման շատ վիճահարույց է, բայց, այնուամենայնիվ, իրենք կայացրել են քաղաքական որոշում: «Նախկինում երբեք այս հոդվածը համաներման տակ չի ընկել հասկանալի պատճառներով: Թվում է, թե այս իմաստով ամենաանպատեհ ժամանակաշրջանն է պատերազմից հետո 44-օրյա ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառել համաներում: Բայց այս որոշումը մենք կայացրել ենք նաև հետևյալ նկատառումով՝ մեր բանակը հիմա թևակոխում է խորը և բովանդակային բարեփոխումների փուլ: Ըստ էության, սա բոլորիս համար հնարավորություն է ինչ-որ մի կետ ֆիքսել և այդ կետից գնալ առաջ:
Շատ կարևոր է արձանագրել նաև մի շատ տխուր վիճակագրություն, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը՝ 90 և ավելի տոկոս, հետախուզվում են հենց այս հոդվածով: Բայց տվյալ դեպքում ուզում եմ ընդգծել, որ համաներումը տարածվում է 27 տարին լրացած անձանց նկատմամբ:
Ընդ որում այս թեման փակելու մի քանի փորձեր են եղել, մեխանիզմներ են եղել: Հիշում եք՝ կար օրենսդրական նախաձեռնություն. ամեն բաց թողնված զորակոչի համար վճարում կատարելու դիմաց, ըստ էության, համաներման կիրառում և այլն: Այն երկար տարիներ կիրառվեց, որոշակի արդյունքներ ունեցավ, բայց ցանկալի արդյունքներ չունեցավ: Հիմա խոսքը մեծամասամբ այն քաղաքացիների մասին է, ովքեր հանրապետությունում չեն և չեն կարողանում վերադառնալ քրեական հետապնդման և քրեական գործի պատճառով: Եվ մենք, հաշվի առնելով նաև մեր ընթացիկ իրավիճակը, հաշվի առնելով նաև այն, որ մեր բանակում բարեփոխումների խորը և բովանդակային բարեփոխումների գործընթացն արդեն սկսվել է, ճիշտ ենք համարում այսպիսի քաղաքական որոշման կայացումը»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա քաղաքական որոշում է, որն ուղղված է նոր փուլ, նոր էջ բացելուն, այդ թվում՝ Սփյուռքի հետ հարաբերություններում: «Մենք կայացնում ենք այսպիսի քաղաքական որոշում, և դրա պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա: Համոզված եմ՝ սա ճիշտ որոշում է, որովհետև այս ցիկլից դուրս գալու որևէ ուրիշ տարբերակ չկա»,- ասել է կառավարության ղեկավարը:
Կառավարության հավանությանն են արժանացել «Բաժնետիրական ընկերությունների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, կորպորատիվ հարաբերությունների իրավակարգավորումները ժամանակի պահանջներին համահունչ դարձնելու պահանջով` նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 95 և ավելի տոկոսին տիրապետող բաժնետիրոջը ձեռք բերել ընկերության մյուս բաժնետերերին պատկանող ձայնի իրավունք տվող մնացած բաժնետոմսերը՝ համապատասխան պահանջի մեջ նշված գնով։ Միաժամանակ, հնարավորություն է տրվում փոքր բաժնետերերին, ովքեր տիրապետում են ընկերության ձայնի իրավունք տվող մինչև 5 տոկոս բաժնետոմսերին, պահանջել խոշոր՝ 95 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերիսեփականատիրոջը, գնել իրենց բաժնետոմսերը և դուրս գալ ընկերությունից: Նախատեսվում են համակարգային փոփոխություններ, որոնք առնչվում են բաժնետոմսերի հասարակ (սովորական) և արտոնյալ տեսակների դասեր նախատեսելու հնարավորությանը և դրանից բխող իրավունքներին։ Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններն միտված են ընկերություններին ու դրանց բաժնետերերին հնարավորություն ընձեռել ցանկության դեպքում իրենց կանոնադրությամբ սահմանել նաև հասարակ բաժնետոմսերի դասեր՝ համապատասխան տարբերակված իրավունքներով`ներառյալ այդպիսի բաժնետոմսերը տիրապետողներին մեկից ավելի ձայն տրամադրելու իրավունքը:
Առաջարկվում է նաև խոշոր գործարք կնքելու մասին որոշման կայացման իրավազորությունը վերապահել միայն ժողովին, իսկ ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքների վերաբերյալ նախատեսել առանձին գլուխ, որով այդպիսի գործարքներ կնքելու իրավասությունը բացի ընկերության տնօրենների խորհրդիցհնարավոր կլինի պատվիրակել նաև ընկերության գործադիր մարմնին` կանոնադրությամբ սահմանված դեպքերում։ Արդյունքում, այն ընկերությունները, որոնք ցանկանում են առավել լայն լիազորություններ պատվիրակել իրենց գործադիր մարմնին, կունենան այդպիսի հնարավորություն` ընկերության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում: Օրինագծերով նախատեսվում է վերացնել առանց ապահովման պարտատոմսերի թողարկման եռամյա ժամկետի պայմանը, ներդնել կորպորատիվ հարաբերությունների ժամանակակից կարգավորմանն ուղղված այլ լուծումներ։ Արդյունքում ակնկալվում է հնարավորություն ստեղծել թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողների համար առավել արդյունավետ իրականացնելու ընկերությունների ֆինանսավորումը և՛ պարտքի, և՛ բաժնեմասնակցության միջոցով, ստեղծել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության լրացուցիչ գործիքներ` միաժամանակ պահպանելով հավասարակշռությունը փոքր և խոշոր բաժնետերերի շահերի միջև, նախատեսել ընկերության կառավարման գործընթացում ճկունության կիրառման հնարավորություններ, անհատականացված մոտեցումներ յուրաքանչյուր տեսակի և կատեգորիայի ներդրողների և բաժնետերերի համար։
Օրենքի նախագծերը համարվել են անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
Հավանություն է տրվել նաև «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով նախատեսվող փոփոխությամբ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում: Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքների արժեհամակարգի պահպանմանը և տնտեսության զարգացմանը՝ ի շահ հասարակության:
Կառավարությունն ավելի քան 2 մլրդ-ով ավելացնում է գիտության ֆինանսավորումը
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին: Առաջարկվում է «ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն ավելացնել 2,784,565.4 հազ. դրամով։ Ավելացվող միջոցներն ուղղվելու են՝ թեմատիկ գիտական հետազոտություններին, ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ և այլն)։
«Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» ծախսային ուղղությանը նախատեսվում է հատկացնել 1,031,740.9 հազ. դրամ: Ներկայումս գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի մեծամասնությունը չեն համապատասխանում գիտության արդի չափանիշներին: Գիտության ոլորտի ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման նպատակով 2021 թվականին անհրաժեշտ է կազմակերպել համատեղ օգտագործման գիտական սարքավորումների ամենամյա մրցույթ, որի իրականացումը հնարավորություն կընձեռի արդիականացնելու, որոշ դեպքերում նաև՝ ստեղծելու գիտության ոլորտի նոր գիտանորարարական ենթակառուցվածքներ, բարձրացնելու գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը, ստեղծելու եզակի, թանկարժեք և խոշորամաշտաբ հետազոտական սարքավորումների համատեղ օգտագործման կենտրոններ: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ)» միջոցառման հետևյալ ծախսային ուղղություններին կհատկացվի 1,338,424.5 հազ. դրամ: Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ:
Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել՝
• պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների մրցութային թեմաների քանակը շուրջ 50-ով, որը կնպաստի գիտության ոլորտոմ կադրերի ներգրավմանը և ամրապնդմանը։ Գումարը հատկացվելու է մրցույթի արդյունքում առավելագույն փորձագիտական միավորի՝ առնվազն 80 տոկոս միավորներ հավաքած հայտերին։ Նախորդ տարիների փորձը վկայում է, որ գիտական փորձաքննության արդյունքում բարձր միավորներ հավաքած հայտերի քանակը ավելին է, քան եղած ֆինանսավորման հնարավորությունները։
• գիտական խմբերի մեկնարկային մրցութային ծրագրի քանակը ավելացնել շուրջ 8-ով։ Այս մրցույթի իրականացումը կնպաստի բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողին (հիմնական հետազոտող) գիտական կարիերայի մեկնարկային փուլում նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծմանը, հետազոտական խումբ ձևավորելու (արտերկրի հեղինակավոր գիտնական հանդիսացող խորհրդատուի կամ գործընկերոջ առկայության պարտադիր պայմանով) և հավակնոտ թեմայով հետազոտական ծրագրերի իրականացմանը, այդ թվում նաև գիտության կառավարման ոլորտում անհրաժեշտ սահուն սերնդափոխությունն ապահովելուն, ինչպես նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Web of Science կամ Scopus) հրապարակումների ավելացմանը:
• առաջատար գիտաշխատողներին աջակցության մրցութային ծրագիր՝ նախատեսելով շուրջ 50 դրամաշնորհ։ Այս մրցույթի իրականացումը կնպաստի բարձր արդյունավետությամբ աշխատող առաջատար գիտաշխատողին (հիմնական հետազոտող) մինչև 7 հոգանոց հետազոտական խումբ ձևավորելու (արտերկրի հեղինակավոր գիտնական հանդիսացող խորհրդատուի կամ գործընկերոջ առկայության պարտադիր պայմանով) և հավակնոտ թեմայով հետազոտական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Web of Science կամ Scopus) հրապարակումների ավելացմանը։ Մրցույթի իրականացումը հնրավորություն կտա ավելի էֆեկտիվ օգտագործել առաջատար գիտնականների փորձագիտական ներուժը, կստեղծի նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների աճի համար, ինչպես նաև հնարավորություն կտա ներգրավվել նոր միջազգային դրամաշնորհներ։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկար ժամանակ է, ինչ քննարկվում է գիտության ֆինանսավորման ավելացման թեման. «Այս հարցը նաև կառավարության օրակարգում է եղել և շարունակում է մնալ: Միայն ուղղակի որևէ տեղում գումար ավելացնելն ամենևին չի նշանակում, որ մենք կհասնենք բովանդակային արդյունքի: Շատ կարևոր է հավաստիանալ, որ այն ներդրումը, որն արվում է համակարգի կողմից, կարող է մարսվել, և այդ ներդրումը կլինի նպատակային ու կծառայի գիտության զարգացմանը։ Այս որոշումը երկար քննարկումների արդյունք է: Պետք է գիտության շարունակական զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմներ գործարկվեն: Եվ սա այդ գործընթացի առաջին փուլն է, որը լինելու է շարունակական: Պետք է հատուկ ընդգծել, որ կրթության և գիտության ոլորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Ընդ որում, մենք ոլորտին չենք նայում հատվածական. սկսած՝ նախակրթարանից, ավարտած գիտական ոլորտով, պետք է նույն շղթային մեջ լինենք, և այդ նույն շղթայի մեջ հաղորդակցություն պետք է տեղի ունենա, և ֆինանսավորումը պետք է ճիշտ խողովակներով աշխատի»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ: Մասնավորապես նշվել է, որ գիտության ոլորտում ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար, բոլոր մակարդակներում աշխատավարձերի բարձրացում է լինելու։ Ըստ փոխվարչապետի՝ աստիճանական բազային աշխատավարձի վերանայման նախագիծ է մշակվում, որով 2022 թ.- ից 2025 թ.-ն էականորեն փոխվելու են բազային աշխատավարձերի դրույքները: «Բոլոր մակարդակներում վերանայվելու են աշխատավարձերը, որովհետև համեմատած մյուս ոլորտների հետ՝ գիտությունը գրավչություն չունի։ Եվ եթե մենք նայենք ընդհանուր, թե ովքեր են գիտությամբ զբաղվում, կտեսնենք, որ գիտությամբ զբաղվող անձանց միջին տարիքը շատ բարձր է։ Ընդհանուր առմամբ գիտության մեջ այդ երիտասարդացման գործընթացը տեղի չի ունենում: Մենք միանշանակ կարողանալու ենք աշխատավարձերի վերանայման արդյունքում գրավչությունը մեծացնել, ավելի շատ երիտասարդներ են գնալու դեպի գիտություն և հնարավորություն են ունենալու գիտությամբ զբաղվելով ապրել և արարել»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև այն հիմնարար փոփոխություններին, որոնք են տեղի են ունեցել կրթության և գիտության ոլորտում. «Ընդունվել են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, Հանրակրթության պետական չափորոշիչը, առաջիկայում կընդունվի Նախակրթության չափորոշիչը: Գիտության ոլորտում մենք իրականացնում ենք այս փոփոխությունները շարունակաբար: Դեռևս 2019 թվականից բյուջեի հավելյալ միջոցներ տրամադրվեցին գիտության ոլորտին, և ձեռք բերվեցին շոշափելի քանակությամբ գիտության համար անհրաժեշտ տեխնիկա, սարքավորումներ:
Այս շարքում ես առանձնահատուկ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որն արդեն մտնում է գործնական փուլ: Դա նշանակում է, որ մենք մեր հանրակրթության համակարգում մի շատ կարևոր գործոն ենք ներմուծելու. այն է՝ անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ խթան ենք մենք տալիս մեր սիրելի ուսուցիչներին: Համահարթեցման այն մոտեցումը, որը մինչև հիմա գոյություն ուներ, ամենատաղանդավորներին, ըստ էության, զրկում էր մոտիվացիաներից՝ ինքնակատարելագործվելու և առաջ շարժվելու: Եվ այս պրոցեսի արդյունքում, գործնականում չգիտեմ ինչքան ժամանակ հետո, բայց մենք կարող ենք երաշխավորված համարել, որ դպրոցում ունենալու ենք միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք ի դեպ ունենալու են հնարավորություն իրենց աշխատավարձը սեփական որակավորման բարձրացման միջոցով անընդհատ բարձրացնել: Ուզում եմ դարձյալ ընդգծել՝ ոչ թե կառավարությունն է իրենց աշխատավարձը բարձրացնելու, այլ իրենք են իրենց աշխատավարձը բարձրացնելու: Եվ այս տարվա նոյեմբերից արդեն նախնական հաշվարկներով մոտ 1500 ուսուցիչ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանա»:
Կառավարությունը հաստատել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությունը: Ներկայացված կանոնադրությունը օրինակելի է լինելու ոչ միայն պետական և համայնքային, այլ նաև ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար: Կանոնադրությունը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում մեկ միասնական փաստաթուղթից բխող քաղաքականության իրականացմանը և ներքին և արտաքին իրավահարաբերությունների համակարգմանը:
Հաստատվել է Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը. 10 մարզում կստեղծվեն ցերեկային կենտրոններ
Կառավարությունը հաստատել է Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թթ. պլան-ժամանակացույցը: Ծրագրի ընդունման նպատակը տարեց մարդկանց համար բարենպաստ և առողջ միջավայրի ստեղծումն է, նրանց իրավունքների պաշտպանության, արժանավայել, առողջ և ակտիվ երկարակեցության ապահովումն ու խնամքի ծառայությունների բարելավումը: Նախատեսվում է իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար և անցնցում անցում համայնքային ծառայությունների մատուցմանը՝ շեշտադրելով համայնքի և ընտանիքի դերը տարեցի կյանքում, ինչպես նաև տարեցի մասնակցությունը համայնքային կյանքում և որոշումների կայացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի գործող ծառայությունների որակը, հանրապետության 10 մարզում կստեղծվեն ցերեկային կենտրոններ, յուրաքանչյուրն առնվազն 50 այցելուի հաշվարկով: Բացի այդ, կստեղծվի անկանխատեսելի ու ճգնաժամային իրավիճակներում տարեց անձանց աջակցելու նպատակով հանրապետությունում ճգնաժամային երեք կենտրոն՝ 60 տարեցի համար։ Հանրապետության բոլոր մարզերում կներդրվի տնային խնամքի ծառայությունը:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը, կստեղծվեն նոր աշխատեղեր
Գործադիրը բավարարել է մի շարք ընկերությունների հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:
«Կապավոր» ՍՊԸ-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ասֆալտի արտադրության համար (ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացում)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 380․6 մլն դրամի ներդրում՝ սարքավորման ձեռք բերման համար: Ներկայումս առկա է շուրջ 312 աշխատատեղ։ Արդյունքում կստեղծվի ևս 10-15 նոր աշխատատեղ` 180,000-220,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5-2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ և ԱՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 19 մլն դրամ:
2003 թ.-ից գործող «ՄԼ մայնինգ» ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ` ՀՀ Կոտայքի մարզում։ Արդեն իսկ իրականացրել է շուրջ 8 մլրդ դրամի ներդրում, ծրագրի շրջանակում կիրականացնի ևս 4 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է շուրջ 320 աշխատատեղ, կստեղծվի ևս 40-60 նոր աշխատատեղ` 200,000-300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 200 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 311 մլն դրամ:
«Ռոք Բերրի» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է 3 հա արտադրական տարածքում ելակի արտադրության ջերմոցների կառուցման համար (Կոտայքի մարզ)։ Ընկերությունը 2018 թ. որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի շրջանակում իրականացրել է 3 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 149 նոր աշխատատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարել տարեկան 2.6 մլրդ դրամի ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 70 նոր աշխատատեղ` 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը տարեկան կկազմի 1.5 մլրդ դրամ, որից 76.2 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.4 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 87.7 մլն դրամ:
«Բետոնագործ» ՓԲԸ-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է մետաղապլաստե պատուհանների, դռների, պատուհանագոգերի, պատուհանների շրջանակների արտադրության համար (ք. Երևան): Նախատեսվում է իրականացնել 2.2 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է շուրջ 13 աշխատատեղ, կստեղծվի ևս 4-6 նոր աշխատատեղ` 150,000-200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 149.4 մլն դրամ:
Այլ որոշումներ. Հայկ Ղալումյանը նշանակվել է Տավուշի մարզպետ
Կառավարության որոշմամբ Հայկ Ղալումյանին նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ 3,341,843.3 հազ.դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:
Կառավարությունը հաստատել է նաև Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը: Ինտեգրված կադաստրի համակարգի ներդրմամբ նախատեսվում է ինքնաշխատ ամբողջական տեղեկատվական ռեսուրսի ստեղծում՝ փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա: